Մի քանի ժամում` մի քանի միլիոն դոլարի հանգանակություն «Հայաստան» համահայկական հիմնադրամին. չքնել, գիշերները լուսացնել, օրերը մթնեցնել Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում, սրտխփոցով սպասել նախագահ Արայիկ Հարությունյանի հերթական ասուլիսին, մոռանալ կենցաղը, առօրյա հոգսերն ու մտածել՝ այսօր ի՞նչ եմ անելու ռազմաճակատի, մեր կռվող տղերքի համար, օրվա ծախսերը սեղմել, օրական մեկ-երկու հազար դրամ խնայել. ո՞վ գիտե, իմ տասը-տասնհինգ դոլարը հարեւանիս, ընկերոջս, մեր շենքի բնակիչների, համայն հայության հանգանակության հետ մի տանկի գին անի:
Զոհված տղերքի անունները կարդալիս է՛լ արցունք չի գալիս, արցունքն էլ է քարացել սրտներումս, ծիծաղը, ժպիտը, հումորը մեղսագործություն են դարձել, հացը կուլ չի գնում, սուրճը լրիվ դառն ենք խմում, հայելու մեջ մենք մեզ վերջին անգամ երկու պատերազմից առաջ ենք տեսել:
Քույր ու եղբայր երկու ժամ է պահարանն են քրքրում, եղած-չեղածը շաղ են տվել ու ջոկջկում են: «Ինձ մի բաճկոնն էլ է հերիք, էս կապույտը օգնության տոպրակի մեջ դիր»,- անջրանցիկ, տաք բաճկոնը քրոջն է մեկնում տղան: Քույրն այն արագ տեղավորում է մեծ պարկի մեջ ու իր շորերի միջից ընտրում ամենաթարմ, ամենասիրուն ու ամենատաք հագուստները, դրանք էլ դասավորում օգնության պարկում: Քույր ու եղբայր պարկի բերանը պինդ կապում են, տռզած փորի վրա գրում՝ բարով մաշեք, հաղթելու ենք:
Կամերային թատրոնի շուրջբոլորը հումանիտար օգնության «Կարմիր խաչի» ճամբար է հիշեցնում: Ավտոմեքենաներն իրար հերթ չտալով՝ կանգնում են, բեռնախցիկները դատարկում, էլի հետ դառնում: Տղա-աղջիկ՝ ուտելիքով, տաք հագուստով, խաղալիքներով լցված պարկերը, ներքնակներն ու վերմակները տեղափոխում են ուրիշ մեքենաների բեռնախցիկներ ու վարորդներին հասցեներն ասում. «Չորս երեխա ունի, մենակ կին է, կասես՝ բոլորի համար հագուստ ենք ճարել, բեռը տուր իրենց ու շուտ հետ արի», «Սարի թաղում են ապրում, հագուստ-կոշիկից բացի, էս գումարն էլ կտաս իրենց, ասա, թող տունը լավ տաքացնեն, կոմունալների մասին չմտածեն», «Ժողովուրդ, երկու հատ տաք բաճկոն եմ առանձնացնում, ման չգաք, սրանք ֆրոնտ կուղարկենք՝ տղերքին»:
Կարդացեք նաև
Ժիր, գործունյա, սրտացավ. չկա սելֆի, չկա լուսանկար, չկան ֆեյսբուքյան գլուխգովանության ու անձնազոհության սիրառատ ջղաձգումներ: Նոր սերունդը ճռճռան բառեր չգիտե, ուղիղ ու շիտակ է, հաճախ՝ շեշտակի ու խարանող: Լավ է, պաթոսից պրծնում ենք կարծես:
Ֆեյսբուքը պատերազմը թիկունքին, բանակն աշխարհազորին կապող միջանկյալ օջախ է դարձել: Շատ բաներ ֆեյսբուքում արագ թերթում ենք, որ ոչ կարդանք, ոչ էլ տեսնենք, ինչպես չտեսնելու ենք տալիս սովետի ժամանակներից Հայաստանում ապրող այն արցախցուն, որը Ստեփանակերտի ռմբակոծությունից տուժած ձեւանալով՝ խանութից սրտի ուզած ապրանքը վերցնում է ու հայտարարում՝ չեմ վճարելու: Չտեսնելու ենք տալիս 1990- ականներից Երեւան տեղափոխված այն մյուս արցախցուն, որը փողոցի մի անկյունում կես գնով սիգարետ է վաճառում: Դե եթե սիգարետը գնողներին չտեսնելու ենք տալիս, ուրեմն սիգարետը վաճառողին էլ պիտի չտեսնելու տանք, ինչպես չտեսնելու ենք տալիս Հայաստանի վարչապետի տիկնոջ լայնաժպիտ սելֆիները՝ Արցախից, ինչպես նաեւ օգնության տուփերը դասավորելու նրա մյուս լուսանկարները:
Չտեսնելու տալով ենք ապրում, պայքարում, կռվում: Եթե տեսնելու տանք, ո՛չ կապրենք, ո՛չ կպայքարենք, ո՛չ էլ կկռվենք:
ՆԱԻՐ ՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում


















































