Մեր համաշխարհային հայ ազգի պատմությունը համազգային մոբիլիզացիայի կարեւորագույն փորձ ձեռք բերեց: Անցած երեք տասնամյակների ընթացքում` 1988թ.-ի երկրաշարժից ի վեր, Հայաստանի համար ներքին եւ արտաքին (Սփյուռքի կողմից) ցուցաբերվող օգնությունը անփոխարինելի է եղել:
Այս անգամ նույնպես: Սեպտեմբերի 27-ից սկսած, մեկ ամսվա ընթացքում հավաքվեց 150 մլն ԱՄՆ դոլար գումար: Գումարի շատ թե քիչ լինելը հարաբերական է եւ որեւէ դեպքում ցանկալի չէ թերագնահատել` ասելով, թե այս կամ այն երկրում շատ կամ քիչ գումար է հավաքվել:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հրապարակված ամփոփ ցուցանիշների հիման վրա հնարավոր է որոշակի վերլուծություն կատարել: Նվիրաբերված գումարների ծագման երկրների պահով պետք է հաշվի առնել, որ որոշակի շեղումներ, այնուամենայնիվ, տեղի են ունեցել: Oրինակ, մեկ երկրում գտնվող բանկային հաշվից հիմնադրամին փոխանցման դեպքում որպես գումարի ծագման երկիր է նշվել տվյալ երկիրը եւ ոչ այն, որտեղ փաստացի ապրում է գումարը փոխանցողը: Նման դեպքերը, սակայն, դժվար թե զգալի ազդեցություն ունենան ընդհանուր պատկերի վրա:
Կարեւոր է չթերագնահատել այն ամբողջ մոբիլիզացիոն ջանքերը, որոնք աշխարհի բոլոր կողմերում գործադրել են մեր հայրենակիցներն ու բարեկամները: Ամբողջ պատկերն է պետք դիտարկել, որը ոգեշնչող դեր է կատարում Հայաստանից եւ Սփյուռքից մասնակցությունը շարունակական, կասեի` կանոնավոր դարձնելու համար: Այսպես, ներկայացվող աղյուսակի միջոցով, որի տվյալները ձեռք են բերվել տեղեկատվական բաց աղբյուրներից, պարզ է դառնում, որ մեկ ամսվա ընթացքում հավաքված ամբողջ գումարի (150 մլն դոլարի) 96.5%-ը 16 երկրներից է ստացվել (այդ թվում` Հայաստանից): Բացի այդ, հանգանակությանը մասնակցել են նաեւ շուրջ 60 այլ երկրներից Հայաստանի-Արցախի բարեկամ-բարերարներ:
Կարդացեք նաև
Աղյուսակում ներկայացվում է Հայաստանի եւ Սփյուռքի համայնքների բնակչության թվաքանակը` վերջինիս դեպքում հիմք ընդունելով համայնքների գնահատվող միջին չափը: Ծագումով հայերի թվաքանակը այդ միջինից հնարավոր է ավելի մեծ լինել: Աղյուսակում առանձին չնշված (որպես «այլ» նշված) շուրջ 60 երկրներում բնակվող հայերի թվաքանակը գնահատվում է շուրջ 955 հազ. մարդ: Այս թվաքանակը, բնականաբար, չի ներառում Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերին:
Ներկայացվող ցուցանիշներից պարզ է դառնում, որ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում բնակչության (համայնքի) մեկ շնչին ընկնող փոխանցված միջին գումարը գրեթե նույնն է` 17 եւ 18 ԱՄՆ դոլար, համապատասխանաբար: Սա կարելի է գնահատել որպես հրատապ համազգային մոբիլիզացիոն չափանիշ: Իհարկե, կան համայնքներ, որտեղ մեկ շնչի հաշվով նվիրաբերված գումարները զգալիորեն ավելին են կազմել, ինչպես երեւում է աղյուսակում (օրինակ, Շվեյցարիայում, Նիդերլանդներում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրիայում եւ Շվեդիայում): Կարեւոր է նաեւ հաշվի առնել նշված եւ այլ երկրներում տնտեսական վիճակը (որպես միասնական չափանիշ` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն):
Ինչպես արդեն նշվեց, պատերազմի առաջին ամսվա ընթացքում մեկ շնչին ընկնող միջին նվիրատվությունը կազմել է 17-18 ԱՄՆ դոլար: Իհարկե, նման գերլարումից հետո` խաղաղ պայմաններում գումարի չափը կնվազի: Սակայն, եկեք սահմանենք մի մակարդակ, որը կարելի է դարձնել ամենամսյա համազգային տուրք: Որպես այդպիսին ամսական 10 ԱՄՆ դոլար գումարը կարելի է սահմանել որպես ընտանիքի/տնտեսության մեկ շնչին ընկնող տուրքի ամսական նվազագույն նշաձող:
Խոսքն, իհարկե, չի գնում Հայաստանում ապրող սոցիալապես խոցելի խմբերի մասին: Փոխարենը, Հայաստանում գումարի բացը կարելի է լրացնել ֆինանսական հնարավորություն ունեցող անձանց կողմից` ավելացնելով նվիրաբերվող ամսական գումարի չափը: Սա մեր բոլորիս աջակցությունն է մեր ընդհանուր Հայրենիքին: Իհարկե, նման հանգանակությունը կրում է բացառապես կամավոր բնույթ, սակայն, կարելի է հուսալ, որ ժամանակի ընթացքում գործընթացը շատերին կներգրավի եւ էլ ավելի շատ հայեր իրենց մաս կզգան հայկականության մշակութային (հուսանք, ժամանակի հետ նաեւ` քաղաքական եւ տնտեսական) կենտրոն հանդիսացող Հայաստանի-Արցախի զարգացման, պաշտպանության, ինչպես նաեւ երկրի հեղինակության եւ ազդեցության մեծացման գործում:
Համարենք սա մեր երկրի, մեր պատմության, մշակույթի, նախնինների թողած ամբողջ ժառանգության դիմաց մեր ամենամսյա փոքր մասնակցությունը: Եթե ամբողջ հայության հաշվարկով յուրաքանչյուրս կանոնավոր կերպով նվիրաբերենք ամսական ընդամենը 10 ԱՄՆ դոլար, մեր պետությունը տարեկան կտրվածքով կունենա շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար լրացուցիչ գումար: Սա գերազանցում է ռազմական ծախսերին Հայաստանի պետական բյուջեից ուղղվող տարեկան ամբողջ գումարը: Ապահովելու համար գործընթացի հանդեպ վստահությունը` կարեւոր կլինի հիմնադրամի կողմից պարբերաբար (օրինակ` եռամսյակը մեկ անգամ) ամփոփ տեղեկատվության տրամադրումը` նշելով ընդհանուր ուղղությունները, իհարկե` առանց մանրամասների:
Վահագն ՎԱՐԴԱՆՅԱՆ
(ք. Հոնկոնգ)
Հ.Գ. Հանգանակության առաջին ամսվա ընթացքում հավաքագրված օրական միջին գումարը կազմել է 5 մլն ԱՄՆ դոլար, իսկ մեկ ամիսը լրանալուց հետո անցած մեկ շաբաթվա ընթացքում հավաքվել է ընդամենը շուրջ 12 մլն դոլար, կամ` օրական 1.7 մլն դոլար:
Մինչդեռ ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է:
«Առավոտ» օրաթերթ
04.11.2020