Արցախի հողերը թշնամուն նվիրելուց, կապիտուլյացիա հայտարարելուց մի քանի ժամ անց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ իր օծանելիքն ու ժամացույցը գողացել են։ «Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք եւ այլ իրեր»,- ասում է ու չի մանրամասնում, թե որ «այլ իրերը»։ Երեւի, «այլ իրերը» ժամացույցից ու օծանելիքից էժան են։ Հետաքրքիր է, դրանց մեջ Արցախը կա՞։
Կապիտուլյացիա չէ՝ ասում են զոմբիները, փոխզիջում է
Զոմբիները, պարզվում է, դեռ կան։ Լավ, կապիտուլյացիայի նման փոխզիջում է, որովհետեւ «Семь пишем, два в уме»,- կասեր ռուսը։ Երկրորդն էլ՝ քարտեզը նայե՞լ եք։ Մեզ ի՞նչ է մնում, որ անունը փոխզիջում դնենք, եւ եթե սա էր այն տարբերակը, որն ընդունելի է բոլոր կողմերի համար, ապա ինչո՞ւ այդ բոլոր կողմերում չկանք մենք՝ հայերս։ Որքա՞ն է տեւելու հարաբերական անդորրը, որը հաստատվեց նոյեմբերի 10-ի առավոտյան ժամը 6։00-ից, ոչ ոք չգիտի։ Չկա՞ վստահություն, որ թուրքերն էլի չեն սկսի։ «Ես նման վստահություն չունեմ»,- ասում է նախկին փոխարտգործնախարար, դեսպան Արման Նավասարդյանը։ Ռեա՞լ է, եթե հիմա չեղարկենք փաստաթուղթը։ «Մերոնք չեն կարող չիրականացնել այդ կետերը, որովհետեւ անմիջապես ռազմական գործողություններ կսկսվեն։ Իսկ ամենավտանգավորը այս նոր պայմանագրում Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապ ստեղծելն է»,- պատասխանում է դիվանագետը։ Քարտեզի հարցերում դեռ չի հասցրել խորանալ։
9-9,5 հազար քմ տվեցինք
Դժվար է վերծանել համաձայնագրի՝ վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված տեքստը։ Վերլուծաբան Կարեն Վրթանեսյանը 9 ամոթալի կետ է նշել՝ այն ուսումնասիրելով։ Մի քանիսը վերաբերում են քարտեզին։ Մինչեւ նոյեմբերի 15-ը հանձնում ենք Քարվաճառը, մինչեւ 20-ը՝ Աղդամը, մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ Լաչինը, որից 5 կիլոմետրանոց միջանցք է մնում, Շուշին շրջանցող։ Սա նախկին Արցախի տարածքի մոտ 20 տոկոսն է։ 9-9,5 հազար քմ տվեցինք թուրքին։ Հները հարցը ձգձգում էին, բայց ինչքա՞ն կարելի էր ձգձգել՝ սա մեր վարչապետի արդարացումն է, որը նա բարձրաձայնեց գիշերային «լայվում»։ Ու օդում ծանր, անպատասխան մի հարց կախվեց՝ եթե այդպես է, եթե հները՝ Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ձգձգում էին, ու Դուք դա իմացաք, երբ դարձաք վարչապետ, ինչո՞ւ անմիջապես «լայվ» չմտաք ու չասացիք քաղաքացուն, որի հետ հիմա հինգ րոպեն մեկ եք զրուցում․ «Հարգելի քաղաքացիներ, այսպիսի հարց կա, պետք է ստորագրենք, ի՞նչ անել, դուք որոշեք»։
Ինչո՞ւ հանրաքվե չարեցիք, ԱԺ չմտցրիք, այլ թողեցիք, որ մի սերունդ նահատակվի։ Թե քանի զոհ ենք ունեցել այս 44 օրում, պատերազմական գաղտնիք է, որը մի օր բացահայտվելու է ու ասելիք է դառնալու, մի նոր սեւ թիվ, որը կպչելու է նոյեմբերի 10-ին, ինչպես ապրիլի 24-ին՝ մեկուկես միլիոնը, ինչպես մարտի 1-ին՝ 10-ը, ինչպես հոկտեմբերի 27-ին՝ 8-ը։ Նոյեմբերի 10-ին կցագրվածը մեծ է լինելու, Նիկոլ։
Կարդացեք նաև
Քաղաքացու հետ իր զրույցներում երեկ պատասխան ստացանք․ «Դուք ասելո՞ւ էիք՝ էս ինչ լավ բան ես ասում, բա ինչի՞ շուտ չէիր ասում: Իհարկե, ասելու էիք՝ ոչ: Ես էլ լինեի ձեր տեղը, էլի ասելու էի՝ ոչ: Եվ արդյունքում մենք ունենալու էինք նույն բանը: Եթե պատերազմն ավելի շուտ լիներ, կարծում եմ՝ արդյունքներն ավելի վատ կլինեին բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով»։ Ավելի վատ արդյունք, ավելի վատ փաստաթուղթ, քան հիմա, դժվար է պատկերացնել, մանավանդ, որ Դուք մեզ դեռ չեք պատմել, թե էլ ինչ փաստաթղթեր են եղել, որոնք Դուք չեք ստորագրել։ Գուցե էլի՞ են եղել, ու վերջին մեկ ամսում օր-օրի մեր դիրքերը վատթարանալով, պայմաններն ավելի՞ են ծանրացել։ Դե, դա էլ կասեք հաջորդ զրույցում։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:


















































