Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժպիտը դեմքին զոհվեց». հետախույզ Խաչատուր Խաչատուրյան

Դեկտեմբեր 25,2020 13:00

«Ժպիտը դեմքին է զոհվել». հատուկ ջոկատային, հետախույզ Խաչատուր Խաչատուրյանի կինն է ամուսնու մասին ասում։ Զոհվել է մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ, քիչ էր մնացել, առաջադրանքը պիտի ավարտեին, չհասցրեց, դիպուկահարը ուղիղ սրտին է կրակել։

«Ինքն էր իր մարտական ընկերներին դուխ տալիս, կատակում, ասում էր՝ բան չի մնացել, հեսա պոստը վերցնելու ենք։ Եվ իրոք, բան չէր մնացել, պոստին էին հասնում… դիպուկահարը կրակեց։  Օմարի մոտ էր»,- Խաչատուրի կինն է պատմում, նրան էլ ամուսնու մարտական ընկերներն են պատմել։

Խաչատուր Խաչատրյանը պայմանագրային զինծառայող էր, 11 տարի զինվորական գործով է զբաղվել։ Կինն ասում է՝ Խաչոն իր գործի իսկական վարպետ էր, շատ էր սիրում աշխատանքը, բայց դա աշխատանք չէր, դա իր կյանքն էր։

«Ես ի սկզբանե գիտեի, որ զինվորականի հետ եմ ամուսնանում, գիտակցում էի, որ դժվար է լինելու, սկզբում դժվար էր, հաճախ էր բացակայում տնից, լինում էր՝ երկու օր տանն էր լինում, մի ամսով, նույնիսկ ավելի երկար ժամանակով բացակայում էր։ Քիչ-քիչ հարմարվեցի։ Բայց ամսի 27-ին՝ պատերազմի սկսվելու օրը, որ տարան, անհանգիստ էի, հասկանալի է, որ պատերազմ է, բոլորն էլ անհանգիստ կլինեին, բայց տանջալի զգացողություն ունեի, չէի հասկանում՝ ինչ է կատարվում ներսումս, երեւի կանխազգում էր։ Բայց նաեւ միշտ մտածել եմ՝ Խաչոն իր գործի վարպետն է, այնքան զգույշ է, ամեն վայրկյանը ճիշտ հաշվարկում է, որ չսխալվի, իրեն ոչինչ չի պատահի»,-պատմում է Խաչատուրի կինը՝ Աննա Մաճկալյանը։

Աննան ասում է՝ ամուսնուց վերջին զանգը եղել է հոկտեմբերի 1-ին, մինչ այդ զանգել է կնոջը, ու պարտադրել ավագ որդու՝ 4-ամյա Հովհաննեսի ծնունդն անպայման նշի, մինչեւ պապան կգա, ու բոլորով միասին մի անգամ էլ կնշեն. «Զանգեց Հովոյի ծնունդը շնորհավորեց, ինձ էլ ասաց՝ եթե կարողանում եմ զանգել, ուրեմն՝ նորմալ է վիճակը, հանգիստ եղիր։ Ամսի մեկին երբ զանգեց, շատ անհասկանալի վիճակում էր, շատ խառն էր, ասաց՝ էրեխեքիս լավ կնայես ու կապն ընդհատվեց, այլեւս  անհասանելի էր։ Դեպքը հոկտեմբերի 2-ին է եղել։ Ֆեյսբուքում տեսա,  իր ընկերներից մեկն էր Խաչոյի՝ տղայիս հետ նկարը դրել ու գրել՝ իմ մարտական ընկեր …  զարմացա, մտածեցի սխալվել է։ Հետո հարազատներս եկան, ինձ խաբում էին, թե Խաչոն վիրավոր է։ Ու ես հավատում էի»։

Աննան հիմա էլ է հավատում, ասում է՝ թվում է մի օր կգա. «Ինքը շատ տարբեր երկրներ էր գնում զորավարժությունների, անցյալ տարի էս ժամանակ Սիրիայում էր, մարդասիրական առաքելությամբ, հիմա ինձ թվում է՝ հեսա Սիրիայից կվերադառնա»։

Խաչատուրի մահվան լուրն իմանալով հարազատները շտապել են Վարդենիս, քանի որ Քարվաճառում էր ծառայում, այնտեղից էին տեղափոխել Վարդենիս, սկզբում նրանց ասել էին՝ երկու Խաչատուր Խաչատուրյան կա, մեկը՝  վիրավոր է, մյուսը՝ մահացած, ու հարազատները շտապել էին վիրավոր Խաչատուրի սենյակ։ Դուռը բացելուն պես տեսել են՝ ուրիշ Խաչատուր է, ուրախացել են  ուրիշ Խաչատուրի համար։ Հետո իրենց Խաչատուրի մոտ են գնացել։

«Ժպիտը դեմքին էր, մտածեցի երեւի կատակ է անում, վիրավոր է, Խաչոյի թեւին եմ խփում, ասում՝  վեր կաց։ Նենց կենդանի էր ժպտում։ Ընկերներն ասում են՝ ժպիտով էլ մահացել է»,- Աննային Խաչոյին փնտրող  բարեկամն է պատմել։

«Ամեն ինչում մի լուսավոր բան էր տեսնում, շատ կատակասեր էր, բոլորին համախմբող, բոլորի սիրելին, ինքն ուրիշ էր։ Այսպես չեմ ասում, որ իմն է, իրոք այդպիսին էր։ Խաչոն խաղաղության հրեշտակն էր»,-ասում է Աննան։ Ասում է՝ երանի հնար լիներ ժամանակը հետ տալու. «Եթե իմանայի նման բան կլիներ, ես հատուկ իրան մի վնաս կտայի՝ թեւը, ոտքը, մի բան, որ չգնար, երանի չգնար, չտանեին իրան»։

Ավագ որդին հոր պես ուզում է զինվորական դառնալ, մայրը դեմ է, ասում է՝ ամեն ինչ կանեմ, որ հոր մասնագիտությունը չընտրի, չի ուզում որդին էլ կյանքը  վտանգելով ապրի։

Աննայի եւ Խաչատուրի որդիները, մեկը շուտով երկու տարեկան կդառնա, մյուսը՝ չորս տարեկան է, ամեն օր մորը հարցնում են՝ պապան ինչո՞ւ չի գալիս, ինչո՞ւ չի զանգում։

«Տղաս տատիկին ասում է՝ տատի, պապաս հեռախոս չունի, սամալյոտ նստի, գնա իր մոտ, զանգի, որ հետը խոսեմ ու մենք չգիտենք՝ ինչ ասենք։ Չենք կարողանում էդ մասին խոսել  իրենց հետ»։

Ընտանիքը վարձով բնակարանում է ապրում, Աննան ասում է՝ երազանքները կրկնապատկվել են, Խաչոյի երազանքներն էլ ինքը պետք է իրականացնի. «Տան մասին էր երազում, ծրագրեր ուներ։ Հիմա ես եմ  տան մասին մտածում, մեր բնակարանն ունենանք, տղաներիս, ինչպես իրենց հայրն էր ուզում, արժանապատիվ կյանք տամ։ Խաչոն երեխաների հանդեպ այնքան ուշադիր էր, այնքան նվիրված, հիմա ես իր փոխարեն կրկնակի, եռակի ուշադիր պիտի լինեմ։ Կանեմ այնպես, ինչպես ինքը կուզեր»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031