Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական ինստիտուտների եւ կառավարման որակի բարձրացման առումով շատ լուրջ թերացումներ ունենք. Վահագն Խաչատրյան

Փետրվար 02,2021 17:42 Share

«Անցյալ տարվա ընթացքում մենք բավականաչափ մաշեցինք տնտեսական աճի պոտենցիալը, որն էականորեն կախված է ներդրումներից ու կապիտալ ծախսերի իրականացումից»,-այսօր անդրադառնալով Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներին՝ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Կոմիտեի տվյալներով, 2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ի համեմատ նվազել է 7,5 տոկոսով: Տնտեսության մեջ 2020-ին ամենամեծ անկումը գրանցվել է ծառայությունների ոլորտում՝ 14,7 տոկոս: Առեւտրաշրջանառությունը կրճատվել է 14 տոկոսով, շինարարության ծավալը՝ 9,5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 0,9 տոկոսով:

Արկադի Խաչատրյանի խոսքով, 2020 թվականը չափազանց ծանր տարի էր մեր երկրի համար, ուստի, որքան արագ կարողանանք վերականգնել տնտեսական աճի ներուժը՝ հենց դա էլ կլինի հիմքը, թե որքանով կկարողանանք տնտեսությունը ոտքի կանգնեցնել:

Ըստ նրա, կորոնավիրուսը, պատերազմը տնտեսական շոկեր էին՝ ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի առումով եւ տնտեսության էական անկումն անխուսափելի էր:

«Պետական բյուջեի համար սոցիալական բեռը կտրուկ ավելացավ: Ընթացիկ ծախսերը, սոցիալական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում լրացուցիչ ներարկումներ կատարելու անհրաժեշտությունը բերեց նրան, որ չէին կարող խուսափել պետական բյուջեի դեֆիցիտի էական մեծացումից: Սոցիալական ծրագրերը, նախատեսված ծախսերն իրականացնելու համար, ակնհայտորեն պետք է գնայինք պետական պարտքի ավելացման: Անցյալ տարվա արդյունքներով մեր պետական պարտքն ավելացավ շուրջ 650 միլիոն դոլարով»,-ասաց Արկադի Խաչատրյանը՝ նշելով, որ 2020-ին օտարերկրյա ներդրումների ուղիղ հոսքը կազմել է ընդամենը 300 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ անգամ 1 տոկոսը չէ:

Պատգամավորը գտնում է, որ տնտեսական աճ ապահովելու համար Հայաստանին խիստ անհրաժեշտ է նոր անվտանգային ռազմավարություն՝ իր պաշտպանական, տնտեսական եւ սոցիալական բաղադրիչներով. «Հետպատերազմյան շրջանում էապես մեծանալու է սոցիալական բեռը, ինչն ազդելու է պետական բյուջեի ծախսային կառուցվածքի վրա»:

Արկադի Խաչատրյանի խոսքով, կարեւոր մարտահրավերներից է մարդկանց հույսն ու հավատը վերականգնելը. «Տնտեսության արդիականացման ռազմավարություն մշակելու եւ ակտիվ քայլերով իրականացնելու հաշվին պետք է փորձենք բարձրացնել մեր տնտեսության մրցունակությունը: Իսկ կարճաժամկետ հատվածում պետք է կայունացնել քաղաքական վիճակը եւ մարդկանց հույս ու հավատը վերականգնել, որպեսզի թույլ չտրվի մեծ արտագաղթ»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով, ամբողջ աշխարհում է տնտեսական անկում գրանցվել. «Աշխարհում չեք գտնի մեկ երկիր, որը մեկ տարում՝ 2021 թվականի ընթացքում այդ բացթողումները կվերականգնի:

Արտահանումն անկում է ապրել, բայց շատ ավելի մեծ չափով ներմուծումն է անկում գրանցել, ինչը խոսում է այն մասին, որ արտահանման շուկաները որոշակի դիվերսիֆիկացիա ունեցել են: Հանքաարդյունաբերության, գյուղատնտեսական ապրանքների մասով որոշակի աճ կա»:
Պարոն Մանուկյանի համոզմամբ, ամենամեծ մարտահրավերը, որը ծառացած է Հայաստանի առջեւ, մակրոտնտեսական ցուցանիշներն են: «Իմ քայլի» պատգամավորը հույս հայտնեց, որ 2021-ին Համաշխարհային բանկի հրապարակած նվազագույն՝ 3,1 տոկոս ցուցանիշը կառավարությունը կապահովի:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը սակայն, գտնում է, որ ինչքան էլ լավ ծրագրեր կազմենք, մեր տրամադրությունները փոխենք, քանի դեռ աշխարհում անկայուն իրավիճակ է, եւ ճգնաժամային գործընթացները շարունակվում են, մեր բոլոր ծրագրերը մեկ վայրկյանում կարող են ի չիք դառնալ: Ըստ պարոն Խաչատրյանի, անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից, պետական ինստիտուտների եւ կառավարման որակի բարձրացման առումով շատ լուրջ թերացումներ ունենք: Նրա խոսքով, այդ ինստիտուտներն այդպես էլ չձեւավորվեցին՝ մինչդեռ դրանց մասին խոսք էր գնում նաեւ կառավարության ծրագրում. «Եթե մենք չունենք արդյունավետ կառավարում, ոչ մի օրենսդրական փոփոխություն, ոչ մի նախաձեռնություն, ոչ մի բյուջետային ծախսի արդյունավետություն կամ ծախս իր նպատակին չի հասնի: 2021 թվականը շատ դժվար տարի է լինելու»:

Այդուհանդերձ Վահագն Խաչատրյանն առաջարկեց մեծ խնդիր չդարձնել, որ սահմանը երեկվանից բացվել է եւ մարդիկ գնում են. «Մարդիկ միշտ էլ գնացել են, հիմա աժիոտաժը մի փոքր ավելի շատ է, բայց դրանից պետք չէ խնդիր սարքել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728