Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է հուզում հայաթափման վտանգը

Մայիս 13,2021 10:00

Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցը փակված է, ավելին՝ Լեռնային Ղարաբաղ անունով միավոր Ադրբեջանում չկա, իսկ կարգավիճակի մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է: Ալիեւը հեգնանքով նշել է նաեւ, որ եթե աշխարհում կան գործիչներ, որոնք ցանկանում են կարգավիճակ տալ Ադրբեջանում ապրող հայերին, ապա նա դեմ չէ՝ թող իրենց երկրներում լավ տեղ գտնեն այդ մարդկանց համար եւ ինքնավարություն, թեկուզ անկախություն շնորհեն նրանց: Բայց Ադրբեջանում դա տեղի չի ունենա:

Պարզ է, որ դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական եւ հատկապես միջազգային ասպարեզում պատերազմի արդյունքների ամրապնդում: Եթե վերանանք էմոցիաներից, ապա պետք է ընդունենք, որ ցանկացած երկրի ցանկացած ղեկավար պատերազմում հաղթելուց հետո պետք է փորձի նույնն անել: Բայց կարեւոր է մեկ այլ հարց. աշխարհի ազդեցիկ ուժերին հետաքրքրու՞մ է՝ արդյոք հայերը կապրեն Արցախից մնացած 3.3 հազար կիլոմետր տարածքում: (Կարծում եմ, պարզ է, չէ՞, որ Ադրբեջանի տիրապետության տակ այդ տարածքը հայաթափվելու է): Բացի Ռուսաստանից՝ այդ հարցը ոչ մեկին լրջորեն չի հուզում: Ռուսաստանն էլ, իր հերթին, այդ փոքրիկ (աշխարհաքաղաքական առումով) հողակտորն իր բնակչությամբ կարող է ծախել Թուրքիայի վրա շատ թանկ գնով, իսկ Թուրքիան, կարծում եմ, պատրաստ է դրա համար շատ բարձր գին վճարել: «Գին» ասելով, իհարկե, նկատի ունեմ ոչ միայն փողը՝ փոխհատուցումը կարող է լինել, օրինակ, Սիրիայում լուրջ զիջումների տեսքով: Արցախի վերջնական հայաթափումը (մի բան, որ չի հաջողվել անել դարերի ընթացքում) Թուրքիայի համար պատմական, ռազմավարական խնդիր է, որի համար այդ երկիրը կգնա նման քայլերի:

Եվ դարձյալ հարց՝ իսկ ո՞րն է, այս ամենը հաշվի առնելով, հայկական կողմի դիրքորոշումը: Մեր ԱԳ նախարարությունը եւ վարչապետը երբեմն անում են հայտարարություններ, որ իրենք համաձայն չեն հարցը փակված լինելու պնդումների հետ, որ պետք է լինեն բանակցություններ, պետք է որոշվի Արցախի կարգավիճակը եւ այլն: Բայց իմ տպավորությունն այն է, որ նման հայտարարություններն արվում են «հավուր պատշաճի», իսկ իրականում մեր իշխանությունը համակերպվել է «դե-ֆակտո» ստեղծված իրավիճակի հետ եւ կենտրոնացած է մի խնդրի վրա՝ ինչպես, ինչպիսի «ֆռիկներով» կարելի է վերարտադրվել:

Բայց ամենացավալին դա չէ: Ողբերգությունն այն է, որ հայաստանցիների մեծ մասը նույնպես հաշտվել է պարտության հետ: Փողոցում հանդիպած մարդիկ ինձ չեն հարցնում՝ «բա ի՞նչ եղավ մեր հայրենիքի այն մասի հետ, որտեղ առնվազն երեք հազար տարի հայեր էին ապրում»: Նրանք հարցնում են՝ «ո՞վ է անցնելու՝ Քոչարյա՞նը, թե՞ Նիկոլը»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Միայն վերնագիրն անգամ ազդեցիկ է: Ներողություն եմ խնդրում գրելաոճիս համար, բայց հուզված վիճակում այս կերպ կասեմ՝ հայաթափման վտանգը հուզում է միայն հայի «մատոռով» հայերին, իսկ «ջորու մատոռով» հայերին միայն իրենց անձնական բարեկեցությունն է հետաքրքրում՝ աշխարհի ցանկացած որ երկրում ապահով լինի, այնտեղ էլ նրանք կապրեն, այլ կերպ ասած՝ որտեղ հաց, այնտեղ կաց: Այս ասացվածքը շատ զզվելի է և հայերս երևի գնչուներից ենք այն գողացել և հպարտանալով էլ կիրառում ենք հարյուրամյակներով: Մտածելակերպը ապրելակերպ է ծնում, ապրելակերպն էլ՝ այլ ազգերի գնահատականը մեր ազգի նկատմամբ: Բայց մեզ չվիրավորելու համար այլ ազգերը մեր բոշայության մասին չեն արտահայտվում, երևի մեզ խղճում են:

  2. Լավատես says:

    Համարելով, որ ամենահմուտ խաղացողը միջազգային ասպարեզում դա անգլիացիք են, դրա համար մեր բոլոր քչից շատից դերակատար ուժերին առանց երկար բարակ մտածելու անվանում եմ անգլիացի շպիոն, մենք պետք է առնվազն կարողանանք բալանսավորել ամենահմուտ խաղացողի ուժը միջազգային ասպարեզում: Ուժն ի՞նչ է: Դա էներգիա ես ծախսում տարածություն գրավելու վրա: Հետո այդ տարածքում պետք է այնպիսի համակարգ դնես, որը լինի իր կլասի մեջ լավագույնը եւ ավելի բարձր կլասի համակարգի մաս կազմի: Եթե մենք երազում ենք ազգ բանակի մասին, ապա ամենահմուտի հետ մրցակցելու համար պետք է լինել ազգ հատուկ ծառայություն: Կան ազգեր, որոնք իրենք են էներգիա ստեղծում աստղի նման եւ կան ազգեր մոլորակների նման, որոնք լույս տալու համար անդրադարձնում են այդ աստղերի լույսը: Ազգերը, որոնք ինքնուրույն են զարգանում եւ ինքնաբավ են աստղի նման, այդ ազգերը հեչ կառավարելի չեն ամենհմուտի կողմից, ամենահմուտը դրանց ժամանակ առ ժամանակ արհեստականորեն չաղացնում է ու իրար վրա քսի տալիս ու հեշտությամբ երկուսին էլ կառավարում՝ սովետական ու գերմանական ազգերն օրինակ: Լավ է թե վատ, բայց մենք էլ ենք համարվում ինքնաբավ ազգ եւ մեզ էլ հա ճնշում են, որ գլուխներս վեր չբարձրացնենք: Հա, բայց ինչքա՞ն պետք է ծեծ ուտենք: Ամենահմուտի ուժը հենց ինքնաբավների թուլություններն ուժեղացնելու մեջ է, այսինքն՝ ավելի թուլացնելու մեջ է: Դե մեր գործն էլ պետք է լինի ամենահմուտի ուժը բալանսանսավորել. բոլոր ինքնաբավներս մեր ազգերից հատուկ ծառայություններ ենք ձեւավորում եւ մի ինքնաբավ համակարգի մեջ մտնում եւ տարածքներ գրավում եւ մեր օրենքները պարտադրում այդ տարածքներում ապրող ազգերին, նրանցից դաստիարակելով մեզ նման ինքնաբավ եւ սեփական տեսակի գոյության ու բարգավաճման համար պայքարող ազգ հատուկ ծառայություն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31