Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Գրիգորյան. «Պատրաստ եմ շարունակել համագործակցությունս Երեւանի օպերային թատրոնի հետ»

Փետրվար 11,2022 13:00

Ծանոթանալով վերջերս Լոզանում անցկացվող բալետի արտիստների միջազգային Prix de Lausanne հեղինակավոր մրցույթին, չհանդիպեցինք մասնակից ոչ մի հայազգի արտիստի։ Իսկ ժյուրիի կազմում ընդգրկված հեղինակավոր դեմքերի, այդ թվում՝ Գրան-օպերայի, Կոլոնի թատրոնի, Ցյուրիխի բալետի ակադեմիայի տնօրենների անունների կողքին էր շվեյցարաբնակ բալետի արտիստ Արման Գրիգորյանի անունը։ Ընդ որում, նշված էր, որ նա ժյուրիի անդամներից ամենաերիտասարդն է եւ օրերս նշվել է նրա 37-ամյակը։

Ի դեպ, վերջերս հեղինակավոր Forbes ամսագիրն անդրադառնալով տարբեր ոլորտների ամենանշանավոր մարդկանց, հայ երիտասարդ արտիստի անունը զետեղել էր լավագույն տասնյակում։ Իսկ անդրադառնալով Լոզանի մրցույթին, տեղեկացնենք, որ Արման Գրիգորյանի անվան դիմաց գրված էր՝ բալետի արտիստ, Ցյուրիխի պարարվեստի ակադեմիայի դասական եւ մոդեռն պարաոճերի փորձավար-դասատու, դոցենտ։ Լայն ընթերցողին տեղեկացնենք, որ Շվեյցարիայում դոցենտը ամենաբարձր կոչումն է։

Արման Գրիգորյան անունը պարարվեստի մասնագետներին ներկայացնելու հարկ չկա, բայց հիշեցնենք, որ նա 2000 թվականից՝ դեռեւս Երեւանի պարարվեստի քոլեջի առաջին կուրսի ուսանող, ընդամենը 15 տարեկան, ընտանեկան հանգամանքների բերումով հայտնվել է Իսրայելում։ Իսկ հանգամանքը մեկն էր. հայրը՝ բալետի արտիստ, բալետմայստեր, Երեւանի պարարվեստի պետական քոլեջի նախկին տնօրեն Արմեն Գրիգորյանը հրավիրվել էր Իսրայելի դասական բալետ, մայրը՝ Մարինե Գրիգորյանը, շուրջ մեկ տասնամյակ առաջատար մենապարերով հանդես է եկել Երեւանի օպերային թատրոնում եւ, ինչպես տարիներ առաջ հայր Գրիգորյանն էր նշել՝ տեղափոխվելով Իսրայել, Արմանին միանգամից նկատել ու հրավիրել են բալետային խումբ եւ կարճ ժամանակ անց որդին արդեն զբաղված էր խաղացանկային բոլոր ներկայացումներում։ Կարճ ասած՝ ընտանյոք աշխատում էին Իսրայելում։

Փոքր անդրադարձ եւս Լոզանի հեղինակավոր մրցույթին. ուղիղ 20 տարի առաջ Արմանը մասնակցել է այդ մրցույթին եւ դարձել ֆինալիստ։ Ոսկե մեդալ է շահել մեկ-երկու մրցույթներում, այդ թվում՝ Իսրայելում անցկացվող Միա Արբատովայի անվան։ Նշենք, որ դա 15 տարեկանում էր։

«Առավոտը» կապվեց Արման Գրիգորյանի հետ։ Հետաքրքրությանը, թե ինչու Լոզանի մրցույթում հայազգի արտիստ չէր մասնակցում, նա դժվարացավ պատասխանել։ Նշեց միայն, որ ինքը մինչեւ ժյուրիի աշխատանքներին մասնակցելը հանդիսացել է հիշյալ մրցույթի մոդեռն բլոկի պարուսույց։ «2002-2017թթ. հանդիսացել եմ Ցյուրիխ-բալետի մենապարող, 2021-ին ստացել եմ դոցենտի կոչում Ցյուրիխի պարարվեստի ակադեմիայում։ Եթե հետաքրքիր է, ասեմ նաեւ, որ ընտանիք եմ կազմել Ցյուրիխ-բալետի մենապարուհի Գալինա Միխայլովայի հետ, ունենք 2 դուստր»,- ասաց արտիստը։

Արմանին հիշեցրինք, որ հայաստանցի հանդիսատեսը չի մոռացել նրա մեկ-երկու դերապարերը Երեւանի օպերային թատրոնում. Կոմս Ալբերտը՝ Ադանի «Ժիզելում», Խոսեն՝ Բիզե-Շչեդրինի «Կարմենում» եւ իհարկե Արքայազնը՝ Չայկովսկու հանրահայտ «Մարդուկ-Ջարդուկում»։ Հավելեց նաեւ, թե ժամանակին խորեոգրաֆ Սախարովան Հայաստանում իր հոր՝ Արմեն Գրիգորյանի «վրա» է բեմադրել «Շչելկունչիկը» եւ 2018թ. այդ բեմադրությունը Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ ներկայացվել է Մալայզիայում։

Կարճատեւ հեռակապի ընթացքում, չսպասելով ավանդական հարցին, թե իրեն ե՞րբ կտեսնենք Հայաստանում կամ կտեսնե՞նք երբեւէ, քանի որ արդեն տրադիցիա է դարձել տասնամյակներ շարունակ դրսերում բեմ բարձրանալը, հետո արդեն՝ թոշակառուի կարգավիճակով, ավելին՝ պաշտոնի հավակնությամբ Հայաստանում հայտնվելը, Արմանը հավաստիացրեց, որ իբրեւ մենապարող մշտապես համագործակցել է Երեւանի օպերային թատրոնի հետ. «Ցանկության դեպքում պատրաստ եմ շարունակել համագործակցությունս թատրոնի հետ, չնայած իսկապես գերծանրաբեռնված եմ ոչ միայն Ցյուրիխի պարարվեստի ակադեմիայում»։ Տեղյակ լինելով եղբոր՝ Սուրեն Գրիգորյանի հաջողություններին, խնդրեցինք հակիրճ ներկայացնել 21-ամյա բալետի արտիստի ծրագրերը։ «Սուրենը բնակվում է Գերմանիայում։ Նա երիտասարդ տարիքում Բեռլինի թատրոնում մարմնավորեց Լենսկու կերպարը Չայկովսկու «Եվգենի Օնեգին» բեմադրության մեջ, որն իրականացրել էր անվանի խորեոգրաֆ Ջոհն Կրանկոյը։ Եղբայրս առայժմ միայն ոսկիներ է շահում Ավստրիայում ու Գերմանիայում անցկացվող միջազգային մրցույթներում»,- հայտնեց Արման Գրիգորյանը։ Մենք էլ հավելենք, որ Սուրեն Գրիգորյանին երբեք չենք հանդիպել Երեւանի օպերային թատրոնում։

Իսկ հիմա «Առավոտի» կողմից շուրջ քառորդ դար բարձրաձայնվող, բայց այդպես էլ լուծում չստացած հարցի շուրջ. մեր երկրում բալետի արտիստները եւ ընդհանրապես պարողները թոշակի են անցնում ընդհանուր հիմունքներով՝ ի տարբերություն աշխարհի։ Այս անգամ էլ բերենք Ռուսաստանի օրինակը. կորդեբալետի արտիստը 20, իսկ մենապարողը՝ 15 տարվա անընդմեջ ստաժի դեպքում թոշակավորվում է, անկախ հանգամանքից՝ շարունակում է բեմական գործունեությունը, թե ոչ։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28