Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, որտեղ Ադրբեջանին անթաքույց պաշտպանում էր Ուկրաինան, վերջինիս իշխանությունները, ոգեւորված ռազմական ագրեսիայի ելքով, նոր թափով լծվեցին Դոնբասի հանրապետությունների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գործին: Այն ուղեկցվեց ՆԱՏՕ-ի անդամ եւ եվրոպական պետությունների կողմից աննախադեպ ռազմական աջակցության տրամադրմամբ: Ուկրաինայի իշխանություններն այնքան ինքնավստահություն ձեռք բերեցին, որ սկսեցին թուրքական բայրաքթարներ կիրառել Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների շփման գծում եւ անօդաչուների հարվածների այդ տեսագրությունները տարածել համացանցով: Կիեւը հետքայլեր կատարեց նաեւ Դոնբասի հիմնահարցի կարգավորման Մինսկի պայմանավորվածություններից եւ ձեւաչափից:
Սեփական սահմանների մոտ մեծ ինտենսիվության հասած գործընթացներում իր համար ռիսկեր պարունակող զարգացումներ տեսնելով՝ ՌԴ-ն ԱՄՆ-ին ներկայացրեց անվտանգության երաշխիքների պահանջներ, որոնք մերժվեցին: Այդ իրավիճակում ՌԴ-ին ոչինչ չէր մնում, բացի ռազմական գործողությամբ իր անվտանգությունն ապահովելուց: Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների արդեն երրորդ օրը Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարին եւ ԳՇ պետին հանձնարարեց ռուսական ռազմավարական զսպման ուժերը (դրանց թվում նաեւ ռազմավարական միջուկային ուժերը) եւ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը բերել մարտական հատուկ ռեժիմի։ Փաստորեն, սրանով Ուկրաինայում մեկնարկած ռազմական գործողությունները, որոնք առաջին հերթին Արեւմուտք-ՌԴ հակադրության դրսեւորում էին, աշխարհը վերադարձրեցին Կարիբյան ճգնաժամի փուլ, երբ ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ն ամենամոտն էին միջուկային պատերազմ սկսելուն:
Այսօր կրկին աշխարհում լարվածությունն աննախադեպ աստիճանի է հասել, եւ կրկին հիմքում ռազմավարական զսպման միջուկային զենքն է:
ՌԴ ԱԳ նախարարի ելույթը հստակ փաստեց, որ Ռուսաստանն Ուկրաինայում իրավիճակը կարգավորելուց հետո վճռական քայլեր կանի միջուկային զենքերն իր երկրի սահմաններից հեռացնելու ուղղությամբ: Արեւմուտքն էլ ցանկանում է Ուկրաինայում հնարավորինս թուլացնել Ռուսաստանի ուժերը: Այդ նպատակով հսկայական ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային՝ պատերազմական գործողությունները երկարաձգելու համար, մյուս կողմից էլ աննախադեպ պատժամիջոցներով փորձում է քանդող հարվածներ հասցնել ՌԴ տնտեսությանը: Սակայն միջազգային շուկայում նավթի եւ գազի խոշոր «խաղացողի» դեմ տնտեսական սահմանափակումներն անխուսափելիորեն բացասաբար կանդրադառնան նաեւ ամերիկյան ու եվրոպական պետությունների տնտեսությունների վրա: Այսօր արդեն Բայդենը հայտարարել է ԱՄՆ նավթային պահուստներն օգտագործելու իր հրամանի մասին:
Կարդացեք նաև
Ուշ թե շուտ այս ճգնաժամը պետք է հաղթահարվի ՌԴ-ԱՄՆ փոխզիջումների միջոցով: Հակառակը միջուկային պատերազմ է նախանշելու:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:


















































