Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգ կետերը վերջնական չեն, Ադրբեջանը դրանք կզարգացնի՝ ի վնաս Հայաստանի. «Փաստ»

Մարտ 19,2022 10:20

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ զրուցել ենք Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի հրապարակած 5 սկզբունքների, ինչպես նաև ՀՀ իշխանությունների արձագանքների մասին՝ նաև ի դեմս նաև ՀՀ ԱԳՆ-ի, որը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպելու խնդրանքով։

Գառնիկ Դավթյանի խոսքով, Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, երկու սկզբունքի ուղղությամբ է աշխատում: «Առաջինն Արցախը հայաթափելու սկզբունքն է: Նրանք, հումանիտար, անվտանգային, հոգեբանական ճնշումներ իրականացնելով, նպատակ ունեն արցախահայերին ստիպել, որ գոնե սկզբնական փուլում լքեն միջդիրքային հատվածներում գտնվող գյուղերը: Եվ, ըստ թշնամու սխեմայի, եթե գյուղերում բնակիչ չկա, այդ գյուղերը «կհանձնվեն» իրենց: Դեռևս պատերազմի ավարտից հետո են նշվածին պատրաստվել ու հոգեբանական գրոհն աստիճանաբար ավելի են ուժեղացրել: Սկզբում օդ էին կրակում, հետո դա վերածվեց կրակոցների՝ միջդիրքային հատվածներում, հետո սկսեցին կրակել գյուղերի վրա, այնուհետ կիրառել ականանետներ: Երկրորդ ուղղության հիմքում խաղաղապահների որակազրկման ադրբեջանական սկզբունքն է: Նպատակ ունեն արցախահայերի մոտ անվտանգային, հումանիտար խնդիրներ ստեղծել ու այսպիսով նրանց ընկալման մեջ որակազրկել խաղաղապահների առաքելությունը: Սա արվում է, որպեսզի, ըստ թշնամու, արցախցիները հասկանան, որ այլ տարբերակ չկա, քան Ադրբեջանին «հանձնվելը»: Ուզում են, որ արցախցիները չցանկանան այնտեղ ռուս խաղաղապահ լինի, փոխարենը լինեն միջազգային տարատեսակ պետություններից դիտորդներ կամ խաղաղապահներ»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Գ. Դավթյանը:

Այս առումով նա մատնանշեց մեկ այլ սկզբունքի մասին. «ՀՀ իշխանության՝ ադրբեջանական շահը սպասարկելու սկզբունքի մասին է խոսքը: Վերոնշյալ սկզբունքները հաշվի առնելով՝ իրենք Հայաստանի ներքաղաքական նոր՝ պրոադրբեջանական օրակարգ են ձևավորում: Ըստ այդ օրակարգի, հասարակության մեջ ստեղծելու են կեղծ ընկալում առ այն, թե «այլ տարբերակ չկա, քան Արցախն ադրբեջանցիներին հանձնելն է»: Բնականաբար, դրա տակ որպես սպառնալիք ներկայացնելու են «սպասվող հնարավոր պատերազմը», ասելու են՝ «քանի որ բանակը չենք հասցրել բարեփոխել, տարբերակ չունենք, Արցախը պետք է տանք»: Նաև ասելու են՝ «խաղաղության ենք ձգտում, ինչը մեր հիմնական օրակարգն է»:

Իրականում հասարակությունում պատերազմից հետո դեռ էմոցիոնալ ֆոնով են առաջնորդվում և չեն գիտակցում, որ եթե Արցախը տան, հաջորդը Սյունիքի ու Հայաստանի այլ մարզերի հերթն է գալու: 44-օրյա պատերազմից հետո ևս ոչ ոք չէր հավատում, երբ ասում էինք՝ Արցախից հետո Սյունիքի անվտանգության խնդիր է լինելու, բայց եղավ այն, ինչ կանխատեսվում էր:

Նշված համատեքստում փորձագետը շեշտեց, որ այս ամենը տեղավորվում է ՀՀ իշխանությունների՝ միտումնավոր հասարակությանը մանիպուլացնելու մարտավարության մեջ: Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացրած պայմաններին՝ փորձագետը նշեց, որ դրանք, մեծ հաշվով, նորություն չէին. «Ավելի քան մեկ տարի է՝ Ադրբեջանը դրանց մասին շեշտել է, իհարկե, բացի տարածքային ամբողջականության խնդրից: Բայց համոզված եմ՝ 5 կետերը բազային փաստաթուղթ են ենթադրում, ինչը դեռ մշակվելու է: Այն նոր ենթակետեր կունենա, առաջիկայում նոր առաջարկներ ևս կլինեն: Հինգ կետերը վերջնական չեն, Ադրբեջանը դրանք կզարգացնի՝ ի վնաս Հայաստանի: Ադրբեջանական կողմը, մեծ հաշվով, նպատակ ունի վերջնականապես կործանել Հայաստանի պետականությունը: Ես ավելի քան վստահ եմ, որ առանց Արցախ՝ Հայաստան գոյություն չունի, ու Արցախի գոյությունը ՀՀ-ի գոյության երաշխավորն է: Հետևաբար, հատկապես կապիտուլյանտ իշխանության կողմից վերջին շրջանում տարվող բոլոր գործողությունները փաստում են այն մասին, որ իրենք պատրաստվում են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031