2020 թվականի նոյեմբերի 18-ին, երբ բոլորը Նիկոլ Փաշինյանին մեղադրում էին դավաճանության մեջ, իսկ ինքը թաքնվել էր բունկերում, պարզ էր, որ հարկավոր էր լիցքաթափել իրավիճակը։ Եվ Փաշինյանը բունկերից դուրս գալով՝ որոշեց մեղայականով հանդես գալ եւ խոստումներ տալ, որ 6 ամսվա ընթացքում շտկելու է իրավիճակը։ Եվ հենց 18-ին էլ Ֆեյսբուքում հրապարակեց գործողությունների 6-ամսյա ճանապարհային քարտեզ։ «Այս միջոցառումների իրագործումն անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելը կտեւի վեց ամիս: 2021 թվականի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքն ու արձագանքը հաշվի առնելով՝ որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»,- ասաց նա։
Իսկ մեկ շաբաթ անց՝ կառավարության նոյեմբերի 26-ի նիստում նորից խոսեց ճանապարհային քարտեզի իրականացման կարեւորության մասին, որը կազմված էր 15 կետից։ Սակայն վեց ամիս անց հասարակությունն արձանագրեց, որ Նիկոլն իր խոստումներից գրեթե ոչ մեկը չի կատարել, այսինքն՝ դա հերթական թոզփչոցին էր, որով ուզում էր ժամանակ շահել՝ ժողովրդի ցասումից խուսափելու համար։
Անցել է արդեն 2 տարի, եւ մենք որոշեցինք նորից անդրադառնալ այդ 15 կետին, թե որ կետն է իրականություն դարձել եւ ինչ չափով։
1. Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ:
Կարդացեք նաև
– Հենց առաջին կետը միանգամից խոսում է այս ճանապարհային քարտեզի սնանկության մասին։ Այս երկու տարվա ընթացքում պարբերաբար խոսվեց այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն այլեւս գոյություն չունի, եւ չնայած համանախագահող երկրների գործադրած որոշ ջանքերին, որ վերակենդանացնեն Մինսկի խմբի ձեւաչափը, Ադրբեջանն ամեն ինչ արեց դրա տապալման համար, եւ հիմա բանակցություններն ընթանում են փաստացի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Ադրբեջան-ԵՄ ձեւաչափով, որտեղ Հայաստանը, մեծ հաշվով, որեւէ դերակատարում չունի։ Իսկ Արցախի կարգավիճակի մասին գնալով ավելի քիչ է խոսվում՝ ավելի շատ խոսվում է Արցախը վերջնական հանձնելու եւ այն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։ Եվ այդ մասին արդեն բացահայտորեն խոսում են նաեւ իշխանության ներկայացուցիչները։
2. Ապահովել արցախցիների վերադարձն իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների եւ ենթակառուցվածքների վերականգնում:
– Պատերազմից երկու տարի անց արցախցիների միայն մի մասն է վերադարձել Արցախ եւ ապահովվել բնակարաններով։ Հակառակը՝ շարունակում են հանձնվել Արցախի որոշ բնակավայրեր, որոնք պատերազմից հետո մնացել էին մեր տնօրինության տակ, եւ շարունակում են տեղահանվել արցախցիներն իրենց բնակավայրերից։ Վերջինը օգոստոսին հանձնված Բերձորը, Աղավնոն ու Սուսն էին։ Այսինքն, այս կետն էլ չի իրագործվել՝ վերաբնակեցման փոխարեն Արցախը շարունակում է հայաթափվել։
Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի ճանապարհային քարտեզը հերթական մանիպուլյացիան եւ թոզփչոցին էր՝ ժողովրդին ուղղված։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































