Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչականից ուղարկվել է ընդհանուր  իրավասության դատարան, հետո՝ Վճռաբեկ

Սեպտեմբեր 16,2022 12:30

«Առավոտը» օրերս բողոք էր ստացել մի քաղաքացուց, ով տարիներ առաջ դիմել էր վարչական դատարան, որոշումն արդեն պետք է կայացվեր, պարզվել էր, որ այն ընդդատյա է մեկ այլ դատարանի:

Այդ գործի մասին կգրեմ առաջիկայում, բայց նմանատիպ գործեր, պարզվեց, էլի կան, որոնք մեր դիտարկումների արդյունքն են: Ահավասիկ մեկը, մարզից:

Նաիրա Ղազարյանը մայիսի 31-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ «Ապարանի Հ. Ոսկանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կողմից տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար կազմակերպված մրցույթի անցկացմանն ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար կազմակերպված մրցույթի հաղթող ճանաչելու, օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը՝ որոշումը՝ դպրոցի տնօրեն նշանակելու մասին, տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին: Այս գործով, իհարկե, տարիներ չի ձգվել, այլ առաջին իսկ նիստի ժամանակ, հունիսի ութին կայացված որոշմամբ, դատարանը հայցադիմումը վերահասցեագրել է ըստ ընդդատության՝ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2022 թվականի հունիսի 29-ին Արագածոտնի դատարանը որոշում է կայացրել այս գործով: Դատարանն անդրադարձել էր վարչական դատարանի որոշմանը, որի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Ն. Ղազարյանի հայցադիմումով ներկայացված պահանջներն ընդդատյա չեն ՀՀ վարչական դատարանին. «Քանի որ հայցվորի եւ պատասխանողների միջեւ վեճը ծագել է ոչ թե պատասխանողների՝ որպես վարչական մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում, այլ այն զուտ միայն վերաբերում է գործատուի եւ աշխատողի (կամ աշխատանքի հավակնող անձի) միջեւ ծագած մասնավոր աշխատանքային հարաբերություններին, այսինքն՝ հայցի հիմքը ոչ թե վարչարարությունն է, այլ մասնավոր աշխատանքային իրավահարաբերություններն են, որոնց հետ կապված բոլոր վեճերը լուծվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»:

Մարզի դատարանը հղում էր կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասին, համաձայն որի՝ գործն ըստ տարածքային ընդդատության կամ ըստ ենթակայության ստացած դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի տարածքային ընդդատությանը կամ ենթակայությանը: Իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի: Քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի: Դատարանի քննությանը ենթակա են նաեւ սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով դատարանների իրավասությանը վերապահված այլ գործերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները եւ պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաեւ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեեւ օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ եւ պարտականություններ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Քաղաքացիները եւ իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

Քաղաքացիական հարաբերությունները քաղաքացիական իրավունքի սուբյեկտների միջեւ օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից ծագած իրավահարաբերություններն են: ՀՀ վարչական դատարանից վերահասցեագրված թիվ ՎԴ/3413/05/22 հայցադիմումը (գործը)՝ ենթակայությանը համաձայն չլինելու հիմքով, ուղարկվել է Վճռաբեկ դատարանի նախագահին: Ըստ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ սույն գործի քննությունը քաղաքացիական դատավարության կարգով այս դատարանում իրականացնել հնարավոր չէ, քանի որ տվյալ պարագայում վիճելի իրավահարաբերության բովանդակությունը կազմում է պատասխանողների՝ իրենց հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությանը, հետեւաբար՝ իրավահարաբերությունը կրում է հանրային բնույթ, հայցվորը խնդիր ունի պատասխանողի վարչարարության իրականացման հարցում:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
15.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930