Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ տրամաբանությունը կարող է հանգեցնել նրան, որ, ի վերջո, բոլոր սլաքներն ուղղվեն Հայաստանի վրա, բոլոր կողմերը Հայաստանին մեղադրեն գործընթացը տապալելու հարցում». Ստեփան Դանիելյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 25,2022 11:06

Հայաստանում ռուսական գործոնի ակտիվություն է նկատվում հատկապես այն բանից հետո, երբ մոտ 20 օր առաջ բացահայտվեց այն գաղտնի ու վտանգավոր փաստաթուղթը, որն Արեւմուտքի միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հիմքում է դրվել եւ ստացել «խաղաղության պայմանագիր» անունը։ Ընդգծեք, որ ՀՀ իշխանությունները մինչ օրս չեն հերքել այդ փաստաթղթի բովանդակությունը, ինչը նշանակում է, որ այն իրական է։

Փաստաթղթի ամենավտանգավոր կետը, սահմանագծումից ու սահմանազատումից առաջ, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է։ Արցախի մասին գրված է հետեւյալը․ «Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի համանման ներկայացուցչի հետ՝ նշանակված ԼՂ-ի հայկական էթնիկ համայնքի կողմից՝ ԼՂ-ի բնակիչների իրավունքների եւ անվտանգության քննարկումներ անցկացնելու համար: Ներկայացուցիչները կապահովեն իրենց քննարկումների թափանցիկությունը միջազգային հանրությանը: Կողմերը կշարունակեն դիտարկել միջազգային դիտորդի հնարավոր կարգավիճակը, առանց Ադրբեջանի ինքնիշխանության միջամտության՝ նպատակ ունենալով ապահովել վստահություն ԼՂ-ում ապրող ազգային փոքրամասնության խմբերի պաշտպանության նկատմամբ»:

Սա նշանակում է Արցախի վերջնական հանձնում, այդ համատեքստում՝ ՌԴ զորքերի՝ Արցախից դուրսբերում, փոխարենը թուրքական` ՆԱՏՕ-ական զորքերի տեղակայում։ Սակայն Հայաստանում ու Արցախում այդ վտանգավոր փաստաթուղթը պատշաճ ուշադրության չարժանացավ: Փոխարենը` աննախադեպ ակտիվացան աշխարհաքաղաքական այն կենտրոնները, որոնց շահերին ինչ-որ կերպ առնչվում է այն։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝ ոչ միայն ՌԴ-ից, այլեւ բոլոր կողմերից է ակտիվություն նկատվում: «Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի կողմից պետք է ասել, որ արդեն ռազմական ակտիվություն է դրսեւորվում»,- նկատում է քաղաքագետը։

«Ամբողջ խնդիրն այն է, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ռուսական եւ արեւմտյան տարբերակները ֆունդամենտալ հակադրության մեջ են, այսինքն` խնդիրը հյուսիս-հարավ, արեւելք-արեւմուտք ուղիների վերահսկմանն է վերաբերում։ Բազմիցս է խոսվել, որ Արեւմուտքն ուզում է, որ Արցախի հարցը վերջնականապես լուծվի` ՌԴ-ն հեռանա տարածաշրջանից, որի հետեւանքով գլոբալ աշխարհաքաղաքականություն է փոխվելու՝ Միջին Ասիայից մինչեւ Արեւելք: Արեւմուտքը հնարավորություն կստանա ներթափանցել մինչեւ Ռուսաստանի հարավ, մինչեւ Չինաստան, որը հետագայում կբերի Հյուսիսային Կովկասի եւ ռուսական-թուրքական հանրապետությունների անջատմանը, այսինքն՝ Ռուսաստանի փլուզմանը, մյուս կողմից՝ կբերի Իրանի փլուզմանը եւ այլն։ Բնականաբար, առաջին հերթին Ռուսաստանը, նաեւ Իրանը աշխատում են սա թույլ չտալ»։ Աշխարհաքաղաքական կենտրոնների հակամարտությունը ներկայում թեպետ խաղաղ տեսք ունի, սակայն, քաղաքագետի գնահատմամբ, կարող է «տաք» փուլ մտնել, առաջին ծիծեռնակներն արդեն նկատելի են՝ ի դեմս Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում անցկացվող զորավարժությունների։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների քայլերին․ «Դրանց տրամաբանությունն ինձ համար դժվար է բացատրել։ Փորձում եմ քիչ թե շատ տրամաբանություն գտնել եւ կարծում եմ, որ իշխանություններն ուզում են բոլոր կողմերին ներգրավել այս հակամարտությանը եւ բերել նրան, որ այդ կենտրոնների միջեւ հակասություններն այնքան խորանան, որ իրենք հայտարարեն, թե խաղաղության պայմանագիրը չեղարկում են, որ դա հնարավոր չէ կնքել, քանի որ հակասությունները ոչ թե մեր ու Ադրբեջանի մեջ են, այլ՝ ձեր, որ մենք ամեն ինչի պատրաստ ենք, այդ կենտրոնները՝ ոչ։ Բայց այդ տրամաբանությունը կարող է հանգեցնել նրան, որ, ի վերջո, բոլոր սլաքներն ուղղվեն Հայաստանի վրա, բոլոր կողմերը Հայաստանին մեղադրեն գործընթացը տապալելու հարցում։ Հիմա այդ պրոցեսը մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից, երեւի Արեւմուտքն էլ կսկսի մեղադրել: Իրանի համար քանի որ կենսական հարց է իր գոյության հարցը՝ մասնատման հարցը, չի մեղադրում, այլ գործուն քայլեր է անում, նախահարձակ է լինում՝ ուշադրություն չդարձնելով ՀՀ վարած քաղաքականության վրա։ Սա է իրավիճակը»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31