Լրահոս
Օրվա լրահոսը

Ատելի կամ սիրելի լինելու հետեւանքները

Նոյեմբեր 04,2022 10:00

Երբ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո կորցրեցինք ԼՂՀ տարածքից 800 հեկտար, մեր հասարակությունը վրդովված էր՝ ինչպե՞ս կարելի էր հայկական հողի այդքան մեծ կտոր տալ թշնամուն: Երբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում ԼՂՀ-ից եւ ՀՀ-ից կորցրեցինք հարյուրապատիկ ավելի շատ տարածք, դա, կարծես թե, շատ քչերին է վրդովում:

Երբ Սերժ Սարգսյանը մի քանի տարի շարունակ գործընթացը տանում էր ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրելու ուղով, իսկ այնուհետեւ 2013 թվականի սեպտեմբերին շատերի համար անսպասելիորեն հայտարարեց, որ միանում է Մաքսային միությանը, եւ ՀՀԿ-ամերձ կուսակցություններն ու պալատական մտավորականներն այդ կտրուկ փոփոխությունները ողջունում էին, շատերի (նաեւ ինձ) համար այդ «հպատակային խանդավառությունը» ծիծաղելի էր: Հիմա, երբ Փաշինյանը գնում է, Եվրոպայում Արցախի հարցով ինչ-որ բաներ է պայմանավորվում, իսկ հետո ՀԱՊԿ-ում դրա համար արդարանում է, ՔՊ-ամերձ կուսակցությունները եւ քարոզիչ քաղաքագետներն ասում են, որ դա «հանճարեղ հաշվարկ է», եւ ոչ մեկին դա չի զվարճացնում:

Երբ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը միաձայն ընտրվում էր այդ կուսակցության նախագահ, քծնողների բուռն հոտընկայս ծափահարություններն արժանանում էին առնվազն հեգնանքի: Երբ ՔՊ համագումարում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո քծնողները նույն՝ «բրեժնեւյան» ոճով ողջունում են այդ պատմական իրադարձությունը, դա միանգամայն նորմալ է ընկալվում:

Երբ ԱԺ-ում Շմայսը կամ Նավոն իրենց անպարկեշտ էին պահում, իրավապաշտպան հասարակայնությունը ոտքի էր կանգնում՝ բողոքելով խորհրդարանի մտավոր ցածր մակարդակից: Երբ ՔՊ-ականներն են «քացով կռիվ անում», դա ոչ մի իրավապաշտպանի չի անհանգստացնում:

Դրանից կարելի է անել միայն մեկ միանշանակ հետեւություն: Նախորդ իշխանությունը ատելի էր մեր քաղաքացիների մեծամասնության համար, իսկ այս մեկը սիրված է, եւ եթե մեկը տեսնում է վերջինիս արատները, նա զգուշանում է դրանք բարձրաձայնել, որովհետեւ գիտի, թե ինչ հասարակական արձագանք է դա առաջացնելու: Սիրո եւ ատելության համար կան թե՛ օբյեկտիվ պատճառներ եւ թե՛ ռացիոնալ բացատրություններ: Իր դերն է խաղում նաեւ մի դեպքում անտաղանդ, մյուս դեպքում՝ տաղանդավոր քարոզչությունը: Բայց ենթադրում եմ, որ զգալի մասով մարդկանց քաղաքական վարքագիծն իռացիոնալ է: Կամ էլ գուցե հասարակական գիտություններն այնքան չեն զարգացել, որ այստեղ գտնեն ինչ-որ օրինաչափություններ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    “Դրանից կարելի է անել միայն մեկ միանշանակ հետեւություն: Նախորդ իշխանությունը ատելի էր մեր քաղաքացիների մեծամասնության համար, իսկ այս մեկը սիրված է”

    Դժվար է համաձայնվել այս հետեւության հետ: Նախ՝ «միանշանակ» հետեւություն անելու համար պետք է ունենալ ճշգրիտ վիճակագրական տվյալներ, միայն անձնական դիտարկումները կամ Ալեն Սիմոնյանի ու Անդրանիկ Քոչարյանի մերկապարանոց օդի տատանումները բավարար չեն դրա համար: Երկրորդ՝ թավշյա խեղկատակներին «սիրված» կարելի է համարել միայն շատ կարճ ժամանակահատվածում. իշխանազավթումից շատ չանցած արդեն պարզ էր դարձել, որ այդ «սիրված» թրքահպատակները ընդամենը թշնամական գործակալներ են՝ թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող կոլաբորացիոնիստներ: Եւ վերջապես՝ 2018-ի կտրվածքով՝ այո, ազգակործան պատուհասը ուներ հպարտ պողոսների այդ մեծամասնությունը, բայց ոչ այժմ, երբ նիկոլի հույսը մնացել է միայն իր ուսապարկերի ազգուտակի, խայտաբղետ բերետներով ենիչերիների ու «ախուրյանցի Անոների» վրա…

  2. Պրոպագանդայա արվել 10նյակ տարիներ։ Ավելի ասեմ դուք էլ եք ակտիվ պրոպագանդել։
    Մի հատ պարզ օրինակ ասեմ “գույք պարտքի դիմաց” ծրագիր։
    10նյակ տարիներ քարոզել եք թե բա ստրատեգիական ձեռնարկությունները կոպեկներով տվեցին ռուսներին։ Կոպեկներն էլ 100միլիոն դոլլարն էր էլի:))

    Չգիտես ինչի ոչ մեկին մյուս ստրատեգիական ձեռնարկությունները ասենք Հայէլեկտրոն, Սիրիուսը, Երևանում, Չարենցավանում գտնվող բազմաթիվ գործարանները չեն հետաքրքրում թե դրանք ինչքանով են վաճառվել կամ դրանց վերջը ինչա եղել։
    Գույք պարտքի դիմացով 100միլիոնով վաճառված գույքերն էլ որ 50հազար դոլլարով վաճառած լինեին ասենք Գռզոյին դրանք էլ ոչ ոքի չէր հետաքրքրի։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930