Կկայանա Tête-à-tête նախագծի հերթական համերգը
Կամերային երաժշտությունն ընդգրկում է երաժշտարվեստի գրեթե բոլոր ժանրերն ու ոճերը, երաժիշտներին հնարավորություն տալով հեռանալ, այսպես կոչված՝ ստանդարտ գրականությունից, իրենց համար բացահայտելով նոր գործեր։
«Առավոտի» հետ զրույցներում մեր երկիր ժամանած երաժիշտները, այդ թվում՝ աշխարհահռչակ, մշտապես կարեւորել են կամերային երաժշտության ոլորտում գործունեությունը։ Մեր դիտարկմամբ՝ վերջին շրջանում կամերային երաժշտության համերգները էլ ավելի հետաքրքրություն են առաջացնում հանդիսատեսի շրջանում հատկապես այն ձեւաչափով, երբ, ասենք, շուրջ հազար հանդիսատեսի համար նախատեսված դահլիճում հանդիսատեսի տեղը՝ շուրջ հարյուր հոգի, ոչ ավել-ոչ պակաս՝ բեմահարթակն է, այսպիսով ավելի մտերմիկ միջավայր ստեղծելով ունկնդրի եւ երաժշտի միջեւ։ Այս դեպքում խոսքը մեզանում դեռեւս միակ նախագծի՝ Tête-à-tête-ի մասին է, որի գաղափարի հեղինակն է Շմավոն Գրիգորյանը, ղեկավարը՝ Անահիտ Բարխուդարյանը։
Այս տավա գարնանը կայացած հիշյալ նախագծի վերջին՝ հինգերորդ երեկոյին մենք անդրադարձել ենք (առաջինը 2021-ի գարնանն էր)։ Նշենք նաեւ, որ նախագծում ընդգրկված են ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները։ Մի բան էլ` նման երեկոներին հաճախ են հնչում ոչ միայն հազվադեպ կատարվող երկեր, այլեւ պրեմիերաներ։
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում նախագծի գաղափարի հեղինակ, ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը հայտնել էր, որ նվագախմբում կատարելով բացառապես սիմֆոնիկ երաժշտություն, գուցե չափազանցված հնչի, բայց կարծես կորցնում ես անհատական մոտեցումը, իսկ կամերային գործերի շնորհիվ կարողանում ես դրսեւորվել որպես մենակատար. «Ընդհանրապես, ամենադժվար բանը կյանքում եւ արվեստում սեփական «ես»-ը չկորցնելով՝ հարմոնիկ հարաբերություններ հաստատելն է, ինչին երաժիշտներս փորձում ենք հնարավորինս կատարյալին հասնել կամերային երաժշտության միջոցով։ Բնականաբար, դա հեշտ չի տրվում, բայց հաջողության դեպքում կարող եք պատկերացնել թե երաժիշտներիս, թե հանդիսատեսի վայելքը»։


Շմավոն Գրիգորյանը անդրադառնալով կայանալիք երեկոյի ծրագրին, ասաց, որ հնչելու են Վիվալդիի ստեղծագործություններից՝ կոմպոզիտորի հայտնի «Տարվա եղանակները» եւ երկու կամերային կոնցերտները՝ սոլ մինոր RV 493 «La Notte» եւ ռե մաժոր RV 91, ընդ որում՝ վերջինը առաջին անգամ է կատարվում Հայաստանում։
Դիտարկմանը, թե հանդիսատեսը հաճույքով կունկնդրի «Տարվա եղանակները», մեր զրուցակիցը արձագանքեց, թե կամերային կոնցերտներն էլ ականջահաճո կլինեն, մանավանդ՝ Վիվալդիի երաժշտությունը դինամիկ է, էքսպրեսիվ, աչքի է ընկնում վառ կերպարներով եւ ցայտուն մեղեդիական զարգացումով։ Նշեց նաեւ, թե համերգին հրավիրված է ճանաչված ջութակահար Անուշ Նիկողոսյանը եւ հայտնեց, որ այս երեկոյին մասնակից են ֆիլհարմոնիկի արտիստներից ջութակահարներ Արամ Ասատրյանը, Նարեկ Սահակյանը, ալտահարներ Յանա Դարյանը, Աննա Եսայանցը, թավջութակահար Վահե Դանիելյանը, կոնտրաբասահար Եվա Գեւորգյանը, ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, կլավեսինահարներ Վարդուհի Մինասյանն ու Արթուր Ավանեսովը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.12.2022




















































