Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջատեր չենք, հիշում ենք, դատապարտում, բայց չենք պահանջում արդարության վերականգնում». «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 05,2023 12:38 Share

Պահանջատեր չենք, հիշում ենք, դատապարտում, բայց չենք պահանջում արդարության վերականգնում ոչ միայն հիշողության կամ բարոյական մակարդակում, այլեւ նյութական՝ լինի այն պատմամշակութային ժառանգություն, ֆինանսական, թե, առավել եւս, տարածքային փոխհատուցում։ Բավական է ասել՝ պահանջատեր եմ, եւ հասարակության ներսում սկսվում է իրարանցում, քննարկումներ եւ բացատրություններ, թե ինչու պետք է լռել, չխոսել պահանջատեր լինելու մասին։ Իսկ իրականում թուրք-ադրբեջանական տանդեմը սարսափում է հենց պահանջատեր հայից, պատմական հիշողություն ունեցող եւ արդարության համար մարտնչող հայ տեսակից։ Եթե անգամ 20 կամ 30 միլիոն էլ լինենք, բայց տեր չկանգնենք մեր արդար պահանջին եւ հանցագործին, ոճրագործին պատասխանատվության չկանչենք, միեւնույն է, պարտված ենք։

Հայկական կողմից պահանջների բացակայությունը հնարավորություն է ընձեռում ադրբեջանաթուրքական տանդեմին ընդլայնելու սեփական պահանջներն ընդհուպ մեր ներքին գործերին միջամտելով։ Այդպիսին կարելի է դիտարկել, օրինակ, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի արձագանքը Երեւանում «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանի բացմանը եւ, իբր, այդ պատճառաբանությամբ հայկական օդանավերի համար այդ երկրի օդային սահմանները փակելու որոշումը։ Չավուշօղլուն մասնավորապես հայտարարել էր, թե Թուրքիայի համար անընդունելի է, որ Հայաստանում մեծարում են 1920–ականներին «թուրքերին եւ ադրբեջանցիներին սպանողներին» եւ հուշարձան տեղադրում։ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով նաեւ սպառնալիք է հնչել, որ, օդային սահմանը փակելուց բացի, այլ միջոցներ էլ կձեռնարկվեն Հայաստանի դեմ, եթե հուշարձանը չհեռացվի։

Որքան էլ միջազգային տարբեր հարթակներից հնչի այն միտքը, թե Արցախի հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, իրականությունն այն է, որ լուծումը հենց ռազմական տարբերակով եղավ։ Գործեց «հաղթողին չեն դատում» հազարամյակներ շարունակ ապացուցված հայտնի ճշմարտությունը։ Հայաստանի եւ հայ ազգի դեմ ընթացող վտանգավոր գործընթացները կասեցնելու համար լուծումը պետք չէ դրսում փնտրել, այն ներսում է՝ մեզանից յուրաքանչյուրի եւ ամեն մեկից կազմված հավաքականության, յուրաքանչյուրի ընտրած գերնպատակի, արժեհամակարգի, ապագայի տեսլականի մեջ։ Յուրաքանչյուր ասելով՝ նկատի ունենք աշխարհասփյուռ հայությունը, այլ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում ապրող հայը։ Կենարար ազդակներ շատ անգամ հայը, մեզանից յուրաքանչյուրը ստացել է օտար հողում ապրող, բայց հայրենի հողի հետ հոգեւոր եւ մտավոր թելերով կապված հայից։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031