Լրահոս
Օրվա լրահոսը

Անտարբերությունը կհասցնի աղետի-2

Սեպտեմբեր 11,2023 12:23

Հայաստանում հասարակական անտարբերությունը շարունակում է խորանալ:  Տպավորություն է, որ հայերը հրաժարվում են իրենց քաղաքացիական պարտականություններից, օրինակ՝ իշխանությանը վերահսկելուց կամ նախկինում չհայտարարված ծրագրերի իրականացումը խափանել փորձելուց:

Միգուցե սա ակնհայտ և շոշափելի չէ, բայց հայ հասարակությունն այժմ խորը ճգնաժամի մեջ է, քանի որ շեղվել ենք ազգային արժեքներից: Բավարար է ընդամենը որոշ հեռուստանախագծեր և օնլայն հարթակներում գործունեություն ծավալող անձանց հետևել, և կհասկանանք, որ շեղվում ենք…շեղել են: Հավանաբար պատճառն այն է, որ մենք այլևս կենդանի մտավորական, մտավորականների խումբ, որը ոչ-ֆորմալ իմաստով ժողովրդի առաջնորդությունը կվերցներ իր վրա, չունենք:

Հիմա ավելի արդիական են լայքապետական և ֆեյքապետական մտածելակերպը, պոպուլիզմը և դեմագոգիան: Հիմա «մոդա» է ասել, թե Հայաստանը ժողովրդավար երկիր է: Եթե Հայաստանն իրավամբ ժողովրդավար երկիր լիներ, ժողովուրդը վաղուց կըմբոստանար և իշխանությանը կհարցներ՝ «Այդ ինչպես Արցախի ինքնորոշմանը, «անջատում հանուն փրկության» գաղափարին, նախկին ԼՂԻՄ տարածքների դեօուպացիային, հանկարծ փոխարինելու եկավ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը» հայտարարությունը:

Հայրենասիրական և վերամբարձ խոսքերը մի կողմ դնենք և իրողությունը գնահատենք զուտ ժողովրդավարության տեսանկյունից: Ժողովուրդը, առավել ևս «Քաղաքացիական պայմանագրին» ձայն տված քաղաքացիները, որևէ հակաքայլ չձեռնարկելով համակերպվել են կամ խնդիր չեն տեսնում, որ իշխանությունը խախտում է իր իսկ ծրագրի կարևորագույն դրույթները: Որևէ հակընդդեմ քայլ չանել նշանակում է հրաժարվել քաղաքացիական գործառույթից: Երբ քեզ ուզում են վնաս տալ, դու պետք է պաշտպանվես, ոչ թե «թուլանաս և հաճույք ստանաս»: Մենք ընդունում ենք, որ իշխանությունն առնվազն անցանկալի քայլեր է իրագործում, բայց դա թույլ չտալու փոխարեն որոշել ենք ջայլամի նման վարվել: Գինը բարձր է լինելու:

ՀՀ Սահմանադրության նախաբանում նշվում է, որ հայ ժողովուրդը Սահմանադրությունն ընդունել է նաև գալիք սերունդների ազատությունը, բարեկեցությունը և քաղաքացիական համերաշխությունն ապահովելու համար: Եթե շարժվենք այս անտարբերությամբ և ապատիայով, ապագա սերունդները կարող են նույնիսկ պետականության չունենալ:

Դժվար է հավատալ, որ Թումանյան, Չարենց, Իսահակյան, Կապուտիկյան ունեցած ժողովուրդը այսպիսի վիճակում է հայտնվել: Ելք, սակայն, միշտ կա: Պարզապես պետք է վերադառնալ ազգայինին, կարդալ Թումանյան, Չարենց և մյուս բոլոր մեր հանճարներին: Հսկայական առաջընթաց կապրենք, նաև, եթե գոնե մեկ համազգային երկարաժամկետ նպատակ ունենանք և համախմբվենք դրա շուրջ:

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930