Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական «բլիթի ու մտրակի» արանքում

Փետրվար 15,2024 12:00

Սկիզբը՝ այստեղ:

ՀՀ եւ ՌԴ իշխանությունները դժգոհ են միմյանցից, սակայն նրանք շարունակում են այդ հրապարակային դժգոհությունների ու քննադատությունների պայմաններում չհատել «կարմիր գծերը»

Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիները նշանավորվեցին Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններում խնդիրների վերհանման քաղաքականությամբ: 2018թ. իշխանափոխությունից հետո պարբերաբար ՀՀ իշխանությունները տարբեր հարցերով, տարբեր մակարդակներով խոսում են հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին:

Ի՞նչ խնդիր նրանք լուծեցին հանրությանը ներկայացնելով այդ խնդիրները: Եվ ընդհանրապես, արդյո՞ք մեր հասարակությանը հայտնի չէին, կամ նկատելի չէին այդ խնդիրները: Եթե անգամ հասարակության մի որոշ հատված անվերապահ հավատում էր դաշնակից Ռուսաստանին, 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Մոսկվայի բռնած դիրքը, կարծես, այլեւս կասկածների տեղ չի թողել:

Հետեւաբար, ժամանակն է հասկանալու` Հայաստանի իշխանությունները ի՞նչ նպատակ են հետապնդում. լուծե՞լ Հայաստան-Ռուսաստան խրթին հարցերը, թե՞ օրինակ` դաստիարակել Պուտինին, կամ` պատժել Ռուսաստանին: Թե՞ տարիներ շարունակ պետք է բարձրաձայնել Հայաստանի նկատմամբ ՌԴ իշխանությունների դավաճանական քայլերի մասին: Այդ երեւույթների մասին կարող են եւ պարտավոր են խոսել փորձագետները, մեկնաբանները, լրագրողները: Բայց իշխանությունները ի՞նչ խնդիր են լուծում: Այդ խնդիրները պակասո՞ւմ են: Ամենեւին, դրանք մնում են չլուծված:

Սակայն այս ամենով հանդերձ, Փաշինյանի իշխանությունը մեկ շարունակում է կոշտ գնահատականներ հնչեցնել, այնուհետեւ` մեղմել դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ: Այս իշխանությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում հայտնվել է` չափավոր քննադատություն, այնուհետեւ` չափավոր դրական դիրքորոշումներ արտահայտելու ցիկլի մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հարցազրույց է տվել բրիտանական The Telegraph-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթին, որում նա հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ մի շարք ուշագրավ շեշտադրումներով է հանդես եկել, որոնք ապացուցում են վերոնշյալ գիծը:

Լրագրողը հիշեցնում է Փաշինյանի դիրքորոշումը, որ Ռուսաստանը չկատարեց իր պարտականությունները ՀԱՊԿ մասով ու հարցնում` ի՞նչ է սա նշանակում գործնականում։ Հայաստանը դիտարկո՞ւմ է ապագայում ՆԱՏՕ-ի անդամակցություն։ Փաշինյանը պատասխանում է. «Մենք չենք ասել, որ ժխտում ենք եւ մերժում ենք Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդհանարապես եւ անվտանգության ոլորտում մասնավորապես: Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք դիվերսիֆիկացնել անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները: Ի՞նչ է սա նշանակում, արդյոք սա նշանակում է, որ մենք անվտանգային ոլորտում պատրաստվում ենք մեր հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ: Ոչ, դա չի նշանակում, բայց դա նշանակում է, որ անվտանգության ոլորտում պատրաստվում ենք եւ պատրաստ ենք, եւ քննարկում ենք ու աշխատում հարաբերություններ հաստատել, օրինակ, Եվրամիության հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Ֆրանսիայի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Միացյալ Նահանգների հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Հնդկաստանի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, եւ էլի բազմաթիվ երկրների հետ, որոնց հետ մենք քննարկում ենք: Նույն Միացյալ Նահանգների, կամ Ֆրանսիայի, կամ Հնդկաստանի, կամ Եվրամիության հետ անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները բնականաբար ուղղված չեն Ռուսաստանի դեմ: Դրանք պարզապես այն արձանագրման իրողությունն են, որ նախկինում մեր ունեցած անվտանգային հարաբերությունները չեն հասցեագրում մեր անվտանգային կարիքները»:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին, նա նշում է: «Մենք ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չենք քննարկել եւ չենք քննարկում: Մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերային հարաբերություններ, եւ այդտեղ որեւէ նորություն չկա: Նախկինում ունեինք Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, հիմա վերաֆորմատավորվում է այդ ծրագիրը՝ կրկին համագործակցության որոշակի ձեւաչափի, որը չի ենթադրում անդամակցություն: Ես Ձեզ մի բան ասեմ նաեւ, որ մենք նախ այսօր առնվազն դե յուրե Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ ենք, եւ ես վստահ չեմ, որ մեծ հաշվով կամ ավելի ճիշտ Հայաստանում այդ թեմայով կան քննարկումներ, թե բլոկային ռազմավարությունն ինչքանով է համապատասխանում Հայաստանի շահերին՝ ընդհանարապես երկարաժամկետ կտրվածքով»:

Լրագրողը հարցնում է. «Դուք ասում եք, որ Ռուսաստանին մեջքով չեք շրջվում։ Բայց դա այսօրվա աշխարհում իրատեսական չէ։ Այն երկրները, որոնք Դուք նշեցիք՝ սերտ կապերը Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ, ԵՄ-ի հետ, նրանք լրջագույն աշխարհաքաղաքական առճակատման մեջ են Ռուսաստանի հետ։ Իրականում պետք է ընտրություն կատարեք, այդպես չէ՞»։ Փաշինյանը հիշեցնում է իր հարցազրույցներից մեկը, երբ ասել էր, որ` Ուկրաինայի հարցում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք, բայցեւ հավելում է. «Ուզում եմ ասել, որ Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի, կամ մեր մյուս գործընկերների հետ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն ուղղված չէ անվտանգային ոլորտում մեր մյուս գործընկերոջ դեմ: Այլ բան, որ մեր գործընկերներն իրենք ունեն մտավախություններ, թե նրանց հետ համագործակցությունն ինչպե՞ս կարող է ազդել իրենց անվտանգային համակարգերի վրա: Մենք փորձում ենք այդ հարցը կառավարել մեր գործընկերների հետ իրենց համատեղ օրակարգի մասով՝ լինելով մաքսիմալ թափանցիկ»:

Հաջորդ թեման, որն անհանգստություն պատճառեց Մոսկվային` Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշումն էր: Այս դեպքում էլ Փաշինյանը նախ հիշեցնում է, որ ՀՀ-ն Հռոմի ստատուտին միանալու գործընթացը սկսել է 2022թ. դեկտեմբերին, եւ այդ որոշումը կախված է եղել մեր անվտանգային միջավայրի փոփոխությունների գնահատմամբ: «Մենք Հռոմի կանոնադրությունը վավերացրել ենք, այդ թվում՝ 2022թ. սեպտեմբերյան պատերազմի հետեւանքները վերլուծելով եւ արձանագրելով, որ մեր անվտանգային համակարգում որոշակի ճեղքեր են առաջացել: Այդ առումով, մենք նաեւ Հռոմի կանոնադրությունը վավերացրել ենք որպես մի լրացուցիչ գործոն՝ Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Ես հասկանում եմ, որ ժամանակաշրջանը բարդ է եղել, հենց դրա համար էլ մենք այդ որոշումը կայացրել ենք: Այդ որոշումը ծառայում է Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը: Ինչ վերաբերում է իրավաբանական նրբություններին՝ ես չեմ կարող հիմա իրավական վերլուծություններ անել, որովհետեւ դա իրավաբանների գործն է: Կարծում եմ, ինչպես ասացի, Հայաստանը՝ որպես պատասխանատու պետություն, պետք է հավատարիմ մնա իր բոլոր միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ այն պարտավորություններին, որոնք ունի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում, այն պարտավորություններին, որոնք ունի միջազգային հանրության հետ հարաբերություններում: Իմիջիայլոց, այդ թեմայով նաեւ ամենատարբեր կարծիքներ, իրավական վերլուծություններ կան, եւ մասնավորապես, քիչ չեն այն իրավաբանները, ովքեր ասում են, որ պետության գործող ղեկավարներն իրենք այդ կարգավիճակի բերումով ունեն անձեռնմխելիություն, անհաղթահարելի անձեռնմխելիություն: Նկատի ունեմ՝ դա իրավական խնդիր է, քաղաքական հարց չէ, որը ես պետք է քննարկեմ եւ որին պետք է արձագանքեմ»:

Հնարավո՞ր է, որ Դուք ուղղակի զանգահարեք Վլադիմիր Պուտինին եւ ասեք, որ նա ուղղակի չգա, քանի որ Դուք չեք կարող երաշխավորել, որ նա չի ձերբակալվի, հարցնում է լրագրողը, որին ի պատասխան Փաշինյանը պատասխանում է. «Ես չեմ կարծում, թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի»։

Նկատենք նաեւ, որ մինչ օրերս Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդգծում էր Մոսկվայի դերը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում, մյուս փոխարտգործնախարարը հայտարարեց, թե ԵԱՏՄ-ին անդամակցությունն արդյունավետ է Հայաստանի համար, եւ դրանից դուրս գալը կհակասի Երեւանի շահերին: Ըստ Ալեքսանդր Պանկինի՝ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը միության շրջանակներում դարձել է առաջատար, մասնավորապես ՀՆԱ-ի աճի, կապիտալ ներդրումների, շինարարական աշխատանքների ծավալով։

Փաստացի, հայկական կողմը ոչ միայն ԵԱՏՄ-ից, այլ նաեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկում, թեեւ պաշտոնական Երեւանը տեւական ժամանակ է ամենաբարձր մակարդակով քննադատում էր ՀԱՊԿ-ը՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար: Այժմ էլ այդ խնդիրները, ըստ հայկական կողմի, լուծված չեն: Չնայած սրան՝ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան օրերս պնդել էր, թե Երեւանն իր տրամադրության տակ ունի ՀԱՊԿ-ի լայն հնարավորությունները, նաեւ ընդգծել, թե Ռուսաստանն ու Հայաստանը մնում են դաշնակիցներ:

Այդ հարաբերությունները կարեւորում են նաեւ Երեւանում, օրերս հայտարարել է իշխող ուժի ներկայացուցիչը: «Շատ դրական եմ գնահատում, որ մեր գործընկերները խոսում են հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային եւ կարեւոր լինելու մասին», – նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։ Հայկական կողմը ոչ միայն ԵԱՏՄ-ից, այլ նաեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկում, շեշտել է իշխանական պատգամավորը:

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր դրված չէ, երկու շաբաթ առաջ հայտարարել էր ՀԱՊԿ հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլեւը։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ – ի ուշադրությունն այսօր կենտրոնացած է 2023թ. նոյեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործման վրա. այդ աշխատանքներին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները։ «Երեւանն այժմ քննարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հիշյալ նստաշրջանի ընթացքում ընդունված փաստաթղթերը, որին հայկական կողմը չի մասնակցել։ Այդ փաստաթղթերից մի քանիսի վերաբերյալ կա հայկական կողմի համաձայնությունը, ինչից կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց չկա», – ասել էր Վասիլեւը։

Պատասխանելով ՀԱՊԿ միջոցառումներին Երեւանի չմասնակցելու մասին հարցին՝ դիվանագետը նշել է, որ դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, թեեւ այն արվել է ճնշման տակ: «Շատ առումներով այս իրավիճակը ինչպես արեւմտամետների ճնշման արդյունք է, այնպես էլ Հայաստանի ղեկավարության եւ բնակիչների հասկանալի էմոցիաների», – նշել էր նա: Վասիլեւը հույս էր հայտնել, որ բանականության ձայնը վաղ թե ուշ կգերակշռի զգացմունքներին։

Հայաստան-Ռուսաստան հարաբերութուններում մնայուն են մնացել երկու բան. Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները դժգոհ են միմյանցից, սակայն նրանք շարունակում են իրենց հրապարակային դժգոհությունների ու քննադատությունների պայմաններում չհատել «կարմիր գծերը»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 14.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Ռուսաստանը դաշնակից է և՛ Հայաստանին և Հայաստանի թշնամի Ադրբեջանին։
    Այդ դեպքում՝ նույն տրամաբանությամբ, ի՞նչն է Հայաստանին խանգարում դաշնակից լինել միաժամանակ և’ Ռուսաստանին, և՛ Ռուսաստանի թշնամի Արևմուտքին։
    Սա, իհարկե, դեմագոգիկ մոտեցումն է հարցին, բայց մինչ օրս Ռուսաստանի նման իրեն կայսրություն համարող երկիրը միայն նմանատիպ դեմագոգիկ արդարացումներով է փորձում փարատել հայկական կողմի անհանգստությունները, այնպես որ․ «սամի պանիմայեծե»։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829