Լրահոս
Օրվա լրահոսը

Թանկարժեք էֆեկտ․ 2024 թվականի տնտեսական աճի պատճառները. Աղասի Թավադյան

Մարտ 29,2024 16:00

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի փետրվարին կազմել է 16.3%, հիմնականում պայմանավորված հենց փետրվար ամսում գրանցված աճով՝ 11.2%։

Գծապատկեր 1.

Ինչպես երևում է գծապատկերից, տնտեսական ակտիվության միտումը 2023 թվականի սկզբից բացասական է, որը շարունակվել է մինչև 2024 թվականի փետրվար ամիսը։ Նշենք, որ մեկ ամսում գրանցված կտրուկ աճը չի կարող բավարար հիմք հանդիսանալ այն պնդման համար, որ տնտեսությունը հաղթահարել է տնտեսական աճի դանդաղման միտումը։

2024 թվականի փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կտրուկ աճել է, որի արդյունքում տարեկան կտրվածքով աճը նախորդ տարվա փետրվարի համեմատ կազմել է 16.3%։ Սակայն այս աճը պայմանավորված է կարճաժամկետ գործոնով՝ հիմնականում ոսկերչական գործունեության կտրուկ աճով։ Այսպես 2024 թվականի Հայաստանի 8.4 մլրդ դոլար արտահանման 21.5 տոկոսը կամ 1.8 մլրդ դոլարը կազմել է ոսկու արտահանումը, իսկ 7.0 տոկոսը կամ 589 միլիոն դոլարը ադամանդների արտահանումը։ Ընդհանուր առմամբ արտահանման 28.5 տոկոսը եղել է ոսկու և ադամանդների վերաարտահանում Ռուսաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և Հոնկոնգ։ Այս կարճաժամկետ միտումները վտանգավոր են, քանի որ աճը ամբողջությամբ հիմնված է արտաքին գործոննի վրա, որը անկանխատեսելի է` արտաքին միջավայրի հանկարծակի փոփոխությամբ պայմանավորված: Նշենք նաև, որ 2023 թվականի վերջին ամիսներին թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանումը ապահովել է 8.7 տոկոս տնտեսական աճի մոտ 1.5-2 տոկոսային կետ հավելաճը։ Առկա է հավանականություն որ այս արտաքին ազդակներով պայմանավորված գործունեությունը կարող է դադարել։ Հայաստանի տնտեսական աճի զգալի մասն ապահովում է առեւտրաշրջանառությունը, արտաքին խթանների փոփոխության պայմաններում տնտեսության վիճակը կարող է վատթարանալ։

Ոսկերչական գործունեության աճը հանգեցրել է արտահանման ծավալների 55 տոկոս աճին։ Թեև այս աճը արտարժույթ է բերում Հայաստանի տնտեսություն, դրա դրական ազդեցությունը որոշակիորեն չեզոքանում է ներմուծման գրեթե համարժեք աճով: Այս արագ աճի պայմաններում առկա արտահանման դասական ճյուղերը կրճատվում են, նկատվում է ապրանքների տարբեր կատեգորիաների արտահանման կրճատում: Մասնավորապես նկատվում է «պատրաստի սննդի արտադրանք» և «կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանք» ապրանքախմբերի արտահանման ծավալների անկում, խնդրահարույց է նաև հանքահումքային ապրանքների արտահանման էական անկումը:

Արդյունաբերության բարձր աճին զուգահեռ, մշակող արդյունաբերության որոշ` ՀՀ տնտեսության համար էական ենթաճյուղեր շարունակում են անկում ապրել: Մասնավորապես, սննդամթերքի, ծխախոտի, հագուստի, քիմիական նյութերի և քիմիական արտադրության ենթաոլորտներում 2024թ. հունվարին անկում է գրանցվել: Ստացվում է, որ մշակող արդյունաբերության համեմատաբար կայուն և երկարաժամկետ գործունեության տեսակները նվազում են, իսկ կարճաժամկետ գործունեությունն էական աճ է գրանցում՝ վատթարացնելով արդյունաբերության կառուցվածքը:

Երկրորդ գծապատկերը ցույց է տալիս տնտեսական աճի տարեկան տեմպը, ինչպես նաև կուտակային աճի տեմպը տարեկան կտրվածքով: Գծապատկերից երևում է, որ 12-ամսյա տնտեսական ակտիվության աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2022 թվականի հունիսին՝ 19,8 տոկոս, որին հաջորդել է աճի դանդաղում 2022 թվականի մնացած ամիսների համար: 2023 թվականին 12-ամսյա աճի առավելագույն ցուցանիշը գրանցվել է մարտին՝ 14,2 տոկոս, որին հաջորդել է անկում: Ուշագրավ է 2022-ի և 2023-ի հունիս-հոկտեմբեր ամիսների աճի տարբերությունը։ 2022 թվականին 12-ամսյա միջին տնտեսական աճն այդ ամիսներին կազմել է 18 տոկոս, մինչդեռ 2023 թվականին այն նվազել է մինչև 7,1 տոկոս։ 2023 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին գրանցած մոտ 10 տոկոս տնտեսական ակտիվության աճը, հավանաբար, կապված է ոսկու վերաարտահանման հետ։

Գծապատկեր 2.

Երրորդ գծապատկերում պատկերված է տնտեսական ակտիվության բաղադրիչները ըստ տարիների։ Նշենք որ գյուղատնտեսությունը ամսական կտրվածքով արտացոլվում էր մինչև 2018 թվականի վերջը վիճակագրության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ մակրոտնտեսական ցուցանիշների մեջ։ 2019 թվականից ի վեր գյուղատնտեսության ամսական տվյալները անտեսվել են: Գյուղատնտեսությունը կազմում էր տնտեսական ակտիվության 12.9 տոկոսը 2017 թվականին, 2023-ին այս ոլորտի մասնաբաժինը արդեն կրճատվեց մինչև 7.4 տոկոս։ Ամենախոշոր ոլորտը տնտեսական ակտիվության մեջ մեծածախ և մանրածախ առևտուրն է, որի մասնաբաժինը արդեն կազմում է 42.7 տոկոս։

Գծապատկեր 3.

Չորրորդ գծապատկերը արտացոլում է տնտեսական բաղադրիչները բացարձակ թվերով։

Գծապատկեր 4.

Դիտարկենք տնտեսական ակտիվություն կազմող հինգ ոլորտների աճի միտումները։ Հատկանշական է, որ գծապատկերում բացակայում է գյուղատնտեսությունը, քանի որ գյուղատնտեսության ցուցանիշները ներկայացվում են տարեկան կտրվածքով: Սակայն, ինչպես երևում է երրորդ գծապատկերից, գյուղատնտեսությունը աճի միտումը բացասական է:

2024 թվականին և՛ շինարարության, և՛ սպասարկման ոլորտները աճի բացասական միտումներ ունեն։ Վերջին երկու տարիների ընթացքում այս ոլորտներն գրանցել են ամենաբարձր աճի տեմպերը 2023 թվականի սկզբին: Ծառայությունները հիմնականում ներառում են ֆինանսական և բանկային ծառայությունները: Գծապատկերը ցույց է տալիս՝ այս ոլորտում առկա է գրեթե զրոյական տոկոս աճն ձգտելու միտումը: Հատկանշական է, որ 2024 թվականի փետրվարին գրանցվել է ծառայությունների ծավալի 0.3% նվազում, իսկ մյուս գրանցվող ոլորտների աճ։

Գծապատկեր 5.

Այս պահին հստակ աճ են ապահովվում արդյունաբերությունը և առևտրի շրջանառությունը։ Արդյունաբերության աճը, որը տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբեր ամսից ի վեր, հիմնականում պայմանավորված է ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանմամբ։ Առևտուրը, որը 2023 թվականին կազմում էր տնտեսական ակտիվության 42,7 տոկոսը, շարունակում է նպաստել ընդհանուր աճին, թեև ավելի դանդաղող տեմպերով։ Կարևոր է ընդգծել, որ առևտրի աճը հիմնականում բխում է օտարերկրյա կապիտալի ներհոսքից:

Աղասի ԹԱՎԱԴՅԱՆ

Տնտեսագետ, Tvyal.com կազմակերպության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031