Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաքվեն», որը բողոքի ցույց էր անում Լոռիում, բացեց Երեւան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ալավերդու հատվածը

Ապրիլ 22,2024 16:27

«Հայաքվե»-ի անդամները տեւական ժամանակ փակ էին պահում Երեւան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ալավերդու հատվածը։ Նրանք բողոքի ցույց էին անում ի աջակցություն տավուշցիների։

Ոստիկանությունը փորձում էր ցույցի մասնակիցներին համոզել ճանապարհը բացել, սակայն ապարդյուն, ասում էին, թե այս ճանապարհը վտանգավոր է, հնարավոր է փլուզվի:

«Ապօրինի վարչակարգը փորձում է աճուրդի հանել մեր բոլորի տարածքները, հողերը, ներառյալ՝ Տավուշի Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար եւ Բերքաբեր գյուղերի բնակիչների տները, այնտեղով անցնող միջպետական ճանապարհը եւ այլն։ Մենք դա չենք կարող հանդուրժել»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նախաձեռնության մեկ այլ անդամ Մենուա Սողոմոնյանն էլ հայտարարեց՝ սա ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, ՀՀ Սահմանադրության, բոլոր պետական արժեքների համար է․ «Մեր պահանջն է՝ մինչեւ չլինի համապարփակ խաղաղություն, մինչեւ չլինի սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը ՀՀ Սահմանադրությանն ու բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան, մինչեւ չլինի փաստաթուղթը, որը կվավերացվի ԱԺ-ում, որը, ըստ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի՝ չի դրվի հանրաքվեի եւ չի հաստատվի՝ որեւէ գործողություն ՀՀ ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքից հետ քաշում զորքերի, որեւէ այլ գործողություն հակասահմանադրական է եւ ապօրինի է»։

Նախաձեռնությունն իշխանությունից պահանջում է կասեցնել Տավուշի գյուղերի հանձնումը Ադրբեջանին։

«Ինչու են ուզում Տավուշից սահմանազատումը սկսել, այն դեպքում, երբ ՀՀ ինքնիշխան տարածքից 300 քառակուսի կիլոմետր Ադրբեջանն օկուպացրել է։ Այսպես զիջումներ անելով, կտոր-կտոր մեր հողերը հանձնելով՝ թշնամուն բերելու ենք, հասցնելու ենք Լոռվա լեռների գագաթներին։ Լոռու մարզի վարչական տարածքից մեկ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում այն տարածքը, որը Ալիեւը Ասկիպարա անվամբ՝ Վերին Ոսկեպար անվամբ իբրեւ թե անկլավ պահանջում է։ Այս կտորը եթե մարսեցին, հաջորդը գալու են այդտեղ։ Ալավերդու տարածաշրջանի Թեղուտ գյուղը դառնալու է սահմանամերձ։ Չպետք է թույլ տանք նման վտանգավոր գործընթաց»,-ասաց Սողոմոնյանը։

Ճանապարհին տեւական ժամանակ խցանում էր, այդ հատվածով երթեւեկող վարորդները վրդովվում էին։

«Եղբայր, վաղը մյուս օրը, որ թուրքը գա, այս ճանապարհով չես կարողանալու երթեւեկել»,-ասաց Չալաբյանը։

Ոստիկանությանը հաջողվեց համոզել նախաձեռնության անդամներին, ի վերջո ցույցի մասնակիցները ճանապարհը բացեցին, երթեւեկությունը վերականգնվել է։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ «Տավուշը հանուն Հայրենիքի» ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930