Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Նավոյան. «Եվ Տավուշի չորս գյուղերը,  Սովետական Հայաստանի սահմանների պայմանական և ռելատիվ բնույթից անկախ, Հայրենիք են, Հայրենիքի մաս են և յուրաքանչյուրն առանձին վերցված Հայրենիք է»

Ապրիլ 22,2024 23:23

Երաժշտագետ Մհեր Նավոյան.

«Վերջին շրջանում մեր հանրությունը ցնցող սուր հիմնախնդիրները զարմանալիորեն կամ գուցե օրինաչափորեն կենտրոնանում են Հայրենիք և Պետություն հասկացությունների շուրջ։

Հավանաբար ժամանակներն այնպիսին են, որ մեզնից յուրաքանչյուրը կամ գոնե շատերը պարտավոր են իրենց համար նորից ճշգրտել մեր ինքնության հիմնական ցուցիչները, մեր ընկալումները մեր Հայրենիքի և մեր Պետության մասին։ Բնավ չհավակնելով գիտական ճշգրտության, շարքային հայի իրավունքով, կարող եմ ներկայացնել իմ ընկալումները իմ Հայրենիքի մասին։ Դա այն տարածքն է, որի վրա ձևավորվել է իմ ժողովուրդը, ապրել իր կենսագրությունը (հայոց պատմությունը, այդ թվում նաև յոթերորդ դասարանի), ստեղծել իր հոգևոր և նյութական մշակույթը, եթե կուզեք` վավերացրել է իր ներկայությունը համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ։

Մեր պետությունը, որ մեր ժողովրդի ինքնակազմակերպման բարձրագույն ձևն է (ինչպես ցանկացած այլ ժողովրդի պարագային) և մեզ համար բարձրագույն արժեք է, ցավոք, պատմական դեպքերի բերումով կայացել է մեր Հայրենիքի սոսկ փոքրիկ մի մասի վրա։

Սա առիթ չէ Պետությունն ու Հայրենիքը հակադրելու կամ Հայրենիքից հրաժարվելու համար։

Մեր Պետության սահմանները գուցե և կարող են տեղավորվել 30.000 ք.կմ-ի մեջ, թեև մեր ապրած կենսագրությամբ կարող ենք վկայել, որ Հայաստանի Հանրապետությունը ձևավորվել է 90-ականների սկզբին, Արցախյան հերոսամարտի արդյունքում և անհամեմատ ավելի ընդարձակ տարածքով։ Նույնիսկ այսօր վկայակոչվող Ալմա-Աթիի փաստաթղթին Հայաստանը միացել է Արցախը հիշատակող վերապահություններով։

Հետևապես Խորհրդային Հայաստանի սահմանների վկայակոչումն անգամ ծայրահեղ հարաբերական մի բան է։ Եվ ի դեպ, նման հարաբերականություն կարելի է գտնել ցանկացած պետության պատմության մեջ։ Ուստի այն չպետք է ներկայացվի որպես հայկական պետականության հրատապ լուծում պահանջող բացառիկ արատ։

Վերջապես, դարձյալ չհավակնելով գիտական ճշգրտության, կարող եմ հիշատակել իմ Հայրենիքի սահմանները. արևմուտքից` Տիգրիս, Եփրատ գետերի ավազան, հարավից` Հայկական Տավրոսի լեռնաշղթա, հարավ-արևելքից` Հյուսիսային Պարսկական սարահարթ, Ղարադաղի լեռներ, հյուսիս-արևելքից` Քուռ գետի ավազան, հյուսիսից` Պոնտական լեռներ, Պոնտոսի (Սև) ծով։ Սրան գումարած նաև Հայկական Կիլիկիան, որ թեև Հայկական լեռնաշխարհում չէր, բայց Հայրենիք է։

Ինձ նմանների համար Հայրենիքն ունի մեկ առանձնահատկություն ևս. այն իր մեջ իրեն հավասար է, այսինքն ՀԱՅՐԵՆԻՔԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԲԵԿՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ Է։ Ուստի Արցախի մասին գուցե կարող ենք խոսել որպես առանձին պետականություն, բայց այն Հայրենիքի բեկոր է և Հայրենիք է, այն էլ ոչ պատմական։

Եվ Տավուշի չորս գյուղերը,  Սովետական Հայաստանի սահմանների պայմանական և ռելատիվ բնույթից անկախ, Հայրենիք են, Հայրենիքի մաս են և յուրաքանչյուրն առանձին վերցված Հայրենիք է` այնքան կենդանի, այնքան ապրող և պայքարող։

Իմ պատկերացմամբ այսօր ինչ-ինչ նպատակներ հետապնդելիս Պետություն և Հայրենիք գաղափարների հակադրությունն անգամ ոչ մի կերպ չի կարող արդարացնել այդ նպատակները կամ փարատել դրանց տրամաբանությունից զուրկ լինելը։

ՏԱՎՈՒՇԻ ՉՈՐՍ ԳՅՈՒՂԵՐՆ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԵՆ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930