Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հորեղբայրը սրտամկանի կաթված է ստացել դատական նիստում. «Փաստինֆո»

Մարտ 03,2025 14:41 Share

«Փաստինֆո». Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի, մահվան ելքով վրաերթի ենթարկելու գործով այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, կայացած դատական նիստում Սոնա Մնացականյանի հորեղբայրը սրտամկանի կաթված է ստացել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանից։

Փաստաբանը հայտնեց, որ դատական նիստի ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է, դուրս է եկել, հետո՝ շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հայտնել են, որ սրտամկանի կաթված է ստացել։ Ասլանյանը հայտնեց, որ օրերս էլ Սոնա Մնացականյանի հայրն էր սրտի հերթական վիրահատությունը տարել, այդ պատճառով էլ այսօր չէր կարողացել ներկայանալ դատական նիստին։

Թե արդյո՞ք դատական նիստը լարված է եղել, արդյոք դրա հետևանքո՞վ է եղել՝ փաստաբանը հայտնեց, որ լարվածությունը պարբերաբար է լինում, փորձագետի հարցաքննություն էր իրականացվում, պաշտպանության կողմն էր հարցերն ուղղում։ Փաստաբանի գնահատմամբ՝ անհարգելի ձգձգելու միտում կար, փորձագետին նորից բերել էին՝ նույն հարցերը տալիս, դատավորն էլ հարցերը հանում էր։

Հիշեցնենք, որ 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18.05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 28 տարեկան երիտասարդ հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին, որը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Չի հաջողվել փրկել նաեւ պտղի կյանքը։

Ականատես վկան լրագրողներին հայտնել էր, որ վրաերթից հետո շարասյունը հեռացել է, չի կանգնել՝ տուժածին օգնություն ցույց տալու համար։ ՔԿ-ն, եւս, ի սկզբանե հայտարարել էր, որ վրաերթից հետո վարորդը հեռացել է ու միայն 2 ժամ անց վերադարձել։ Այդուհանդերձ՝ՃՈ մայոր Արամ Նավասարդյանին մեղադրանք էր առաջադրել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մահվան ելքով վրաերթի համար, իսկ դեպքի վայրը լքելու դրվագով՝ ոչ:

Հետագայում, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել՝ լրացնել մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում կայացնել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Քննիչը նախ առարկել էր, ապա ստիպված կատարել դատախազի ցուցումը, քանի որ առարկությունները մերժվել էին։ Նավասարդյանի մեղադրանքը լրացվել է և կալանավորման միջնորդություն ներկայացվել դատարան, որը մերժվել է։ Գործով անցնող միակ մեղադրյալը Արամ Նավասարդյանն է՝ «Ծեծեմ Արամ» մականունով հայտնի։ Տուժող կողմը գտնվում է, որ նախաքննությունն իրականացվել է խիստ սուբյեկտիվ և նախապես որոշված շրջանակներում, այսինքն՝ բացառապես ՃՈ վարորդի՝ մեղադրյալ Արամ Նավասարդյանի գործողությունների գնահատման ուղղությամբ, հետևաբար քննության բազմակողմանիության մասին խոսք լինել չի կարող։ Ավելին, պարզվում է, որ գործից կարևոր ապացույցներ՝ ձայնագրություններ են անհետացել։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31