«Նախորդ շաբաթվա միջինացված տվյալներով՝ Երեւան քաղաքում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-30%-ով՝ տարբեր օրերի… Ուզում եմ իմ հիացմունքը հայտնել մեր վարորդների զսպվածության համար: Վարորդների պայմանագրային պարտավորությունն է հետեւել, որ վալիդացիան իրականացվի, համապատասխան վճարումը կատարվի:
Որքան էլ տարբեր անձինք փորձում են վարորդներին հունից հանել, նրանք հիմնականում մնում են անվրդով: Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իրենց՝ առանց այն էլ ծանր աշխատանքի եւ այս կարևոր վերահսկողական գործառույթն իրականացնելու համար»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ունեցել ենք մի քանի միջադեպեր, մեկ կոնկրետ շատ տհաճ միջադեպ վերածվել է կռվի եւ հարձակում է եղել վարորդի վրա: 3 անձինք ձերբակալվել են, 4-րդն էլ անցնում է համապատասխան գործով: Ես ուզում եմ վստահ լինել, որ այդ անձինք պատժվելու են խստագույնս: Վարորդի նկատմամբ ոտնձգությունը ոտնձգություն է քաղաքի նկատմամբ, այս ամբողջ համակարգի նկատմամբ: Ուզում եմ բոլորն իմանան, որ մենք մեր վարորդների հետ ենք, իրենց կողքին: Չվճարող մարդը, աչքերը կախ գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ է ունենում, խորդուբորդ է գալիս, մի հատ էլ ագրեսիվ է»,-հավելեց նա:
Կարդացեք նաև
Ավինյանն ասաց, որ չվճարողների անպարտաճանաչության պատճառով ավել ավտոբուսներ չեն գնել. «Մարդիկ տրանսպորտի համար չեն վճարում, դեռ մի հատ էլ իրենք իրենց հերոսացնում են, փոխանակ գետինը մտնեն, մի հատ էլ ելույթներ են ունենում….Այս երեւույթը պետք է լինի պախարակելի, ամոթալի եւ որեւէ մեկը չպետք է իրեն թույլ տա օգտվել տրանսպորտից առանց վճարելու, որովհետեւ ինքը բեռ է մեր բոլորի վզին: Իրենք շաբաթական 2 ավտոբուսի չափ չեն վճարում»:
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































