Վարչապետի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2025 թ. կատարման ընթացքի զեկույցի քննարկմանը
Ազգային ժողովի հարգելի փոխնախագահներ,
Կառավարության անդամներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Սիրելի աշակերտներ,
Հարգելի ներկաներ,
Սիրելի ժողովուրդ,
Երրորդ օրն է արդեն, մենք քննարկում ենք Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2025 թվականի զեկույցը և քննարկման արդյունքներում քննարկումը ծավալվեց, եկավ, դարձավ այն, ինչը կոչվում է նախկին-ներկա բանավեճ։ Սա տեղի ունեցավ, ընդ որում՝ տեղի ունեցավ չնախատեսված հանգամանքների բերումով։ Ես ճիշտն ասած՝ այդպիսի տեսարան առաջին անգամ էր, գուցե նախկինում չեմ նկատել, շատ պատահական հանգամանքների բերումով տեղի ունեցավ, որովհետև դե զեկույց է, ներկայացնում ես, մեկ էլ տեսնում ես այն դռնից ինչ-որ մարդիկ են մտնում, գալիս ինչ-որ գործողություն են անում, նորից դուրս են գալիս, ասում եմ՝ այս ի՞նչ հաշիվ է, ժողովուրդ, այս ի՞նչ հոսք է, չեմ տեսել այդպիսի բան, ես վեց տարի պատգամավոր եմ եղել, ութ տարի վարչապետ, գոնե չեմ նկատել, գուցե եղել է էլի, չեմ նկատել, բայց որ ինչ-որ այսպիսի հոսքեր լինեն, ասեցին՝ մարդիկ գալիս են գրանցվեն, որ աշխատավարձ ստանան։
Այս մարդիկ մեզ ութ տարի է «շշի են շարում», պարգևավճարներ, չգիտեմ ինչ, գալիս են թաքուն գրանցվում, գնում, որ ենթադրենք մի քանի կոպեկ ավելի ստանան և արդյունքում ես դա ֆիքսեցի, հրապարակեցի, իրենք ստիպված էին հետո գալ և մասնակցել ելույթների փուլին, և ելույթների փուլին մասնակցելով՝ մենք նորից եկանք, հանգեցինք նախկին-ներկա բանավեճին:
Կարդացեք նաև
Դա փաստ է, չնայած ինքս այս ամբիոնից նախկինում բազմիցս ասել եմ, որ ժողովուրդ պետք է այդ բանավեճից դուրս գալ, բայց այս բանավեճն ուրիշ մի շերտ բացահայտեց՝ գոնե ինձ համար, որը ես մինչև այս այդ դիտանկյունից չէի նայել, չէի նկատել, որովհետև այդքան որ ասում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, բայց այս քննարկումը նաև ակնհայտ դարձրեց և նրբություններ բացահայտեց, որ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունն իրականում ճշգրիտ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցությանը, որովհետև այն, ինչ մենք այսօր անվանում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, որը հայտ է ներկայացնում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, դա ճշգրիտ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների կոալիցիան է: Այդ կոալիցիայի մեջ էր ԲՀԿ-ն, այդ կոալիցիայի մեջ էր Դաշնակցությունը, այդ կոալիցիայի մեջ էր Հանրապետականը:
Դե հիմա Դաշնակցությունը և Հանրապետականը, ԲՀԿ-ն պարզ է, բայց Հանրապետականն արդեն, ինչպես հիշում եք, նախորդ խորհրդարանական ընտրություններից տակտիկան փոխել է: Նախորդ խորհրդարանական ընտրություններում իրենք «ՊՈՒ» էին, հիմա էլ դարձել են «Ուժեղ Հայաստան»։ Ընդ որում, այս հանգամանքը, որ «Ուժեղ Հայաստանը» նույն բանն է՝ «Հանրապետական» կուսակցությունն է, ու այն, որ Սերժ Սարգսյանը և մյուսները հայտարարեցին բացահայտ իրենց աջակցելու մասին, բայց կարծում եմ այդ պատկերն ամբողջացրեց քայլերթի շտուրմանը, որը մեքենայի ստոյկային կանգնած, քայլերթի շտուրմանը, մենք մոռացել ենք, ախր ինքը «Հանրապետական» խմբակցության ղեկավար և Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար է եղել։ Հիմա նորից եմ ասում՝ երեքի ցուցակը, որ նայես, «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, Դաշնակցություն և ԲՀԿ, ճշգրիտ կալոդը խառնած է, պոկերի տրամաբանությամբ ու բաժանած է իրար մեջ, ով որտեղ կընկնի։ Ու հիմա այնտեղ այնպիսի կոմբինացիաներ են, որ դժվար է նույնիսկ պատկերացնել։ Այստեղից այն մեկն այնտեղ էր, հետո այնտեղ գնաց, հետո գնաց այնտեղ, այսինքն մենք պետք է արձանագրենք, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները որ ասում են վերջին շանսն է, դա Քոչարյան-Սարգսյան իշխանության տարիների կոալիցիայի վերջին շանսն է: Բայց ես ուզում եմ ասել նաև, որ այսպիսով ավելի է ընդգծվում, ժողովուրդ ջան, այս նախկին-ներկա բանավեճը հաղթահարելու, կամ ավելի ճիշտ՝ վիճաբանությունը հաղթահարելու անհրաժեշտությունը:
Ու սա շատ կարևոր է: Ու հիմա ակնհայտ է, որ դա հաղթահարելու մի ձև կա միայն, միայն մի տարբերակ կա այդ բանավեճը հաղթահարելու։ Դրա համար պետք է 2026 թվակասնի խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն անցողիկ շեմը չհաղթահարեն, այսինքն՝ չհաղթահարեն, չհավաքեն այնքան ձայներ, որ անցնեն խորհրդարան։ Ու դա ամեն օրվա հետ ավելի իրատեսական, քաղաքական խնդիր է դառնում, ու այդ իրատեսականությունն այս ամբիոնից ուղղակի ճառագեց։ Ինչի՞, որովհետև նախ այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս՝ ժողովրդին անվանելով ժեխ, շուն ու շանգյալ, բոշա: Այսինքն՝ այստեղ իրենք ի՞նչ են՝ մարտահրավե՞ր են նետում, որ իրենց ձայն տվող մարդը պիտի ինքն իրեն հայտարարագրի՝ որպես ժեխ, շուն ու շանգյալ ու բոշա։ Սա իրենց մարտահրավերն է: Եվ Հայաստանի քաղաքացին պետք է որոշի, այդ մարտահրավերն ընդունո՞ւմ է, թե՝ չէ։
Մի հոգի կա, 63 երկրի քաղաքացի է, ասում է՝ ես վստահ եմ, որ ես դառնալու եմ վարչապետ։ Ուրեմն երկու հանգամանք եմ ասում. ինքը ոչ ընտրություններին մասնակցում է, ոչ վարչապետի թեկնածու է, ոչ պատգամավորի թեկնածու է, բայց ինքը վստահ է, որ հաղթելու է: Բա նրանք, ովքեր մասնակցում են, այսինքն՝ դե յուրե համ պատգամավոր են, համ մասնակցում են, համ պատգամավորի թեկնածու են, համ վարչապետի, բա նրանք ի՞նչ ասեն: Այստեղ ուրիշ խնդիր կա: Մի անգամ այդքան ասելուց հետո հղում չեն անում ժողովրդին, ասում են՝ մենք վստահ ենք, որ հաղթելու ենք, բայց մի նախադասություն չկա, որ մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդը գալու է մեզ ընտրի: Ինչ-որ տեղեր ասել են՝ ղրկել են, ասել են գնա, ու այդ երիտասարդն ուղղակի խաբար չէ, հիմա ինքը, ասում եմ նեղանում են, ամեն օրվա հետ դառնում է ավելի ու ավելի բոմժ, ու այստեղ մենք ոչ մի մեղք չունենք, ու այս պրոցեսը շարունակվելու է:
Հաջորդ գործոնը, որ այս ուժերը չհաղթահարեն անցողիկ շեմը. իրենք գալիս են այս ամբիոնից բաներ են խոսում՝ մեր վրա հղում անելով, ուրիշ բան՝ դռնփակ նիստ լիներ: Իրենք եկել են այս ամբիոնից խոսում են, որ մենք թոշակը չենք բարձրացրել։ Քանի հոգի ասում են՝ չէ, ի՞նչ թոշակ է բարձրացել, թոշակը չի բարձրացել։
Հայաստանի Հանրապետության 660 հազար քաղաքացի արդեն այդ բարձրացրած թոշակը ստացել է, իրենք այս ամբիոնից գալիս խոսում են: Ո՞նց կարող է այսպիսի քաղաքական ուժն ընդհանրապես ձայն ստանա։ Իրենք գալիս են այս ամբիոնից խոսում են, որ ըստ էության, Առողջության ապահովագրության համակարգը, չնայած մենք հայտարարել ենք, որ ներդրված է, դա ձախողված համակարգ է։ Երեկ այստեղ բաներ էին խոսում, ուզում էի հասկանալ՝ այս մարդիկ ինչի՞ մասին են խոսում։ Այսինքն՝ գալ, ժողովրդին ասել շուն ու շանգյալ, ժեխ, բոշա, հետո սկսել ասել, ապացուցել ակնհայտ բաներ ու հետո գնալ հաղթահարել շեմը, կներեք, իմ քաղաքական զգացողությունը թույլ է տալիս, որ ես պնդեմ, որ եթե մենք այս պատկերն առավել բացված ներկայացնենք, մենք իրոք հաղթահարելու ենք այս նախկին-ներկա բանավեճը:
Փաստորեն, ես հասկացա, որ մենք 300 դպրոց չենք կառուցում, ես հասկացա, որ մենք դպրոց ընդհանրապես չենք կառուցում, որ մենք դպրոց փակում ենք: Գիտեք ինչ, այդտեղ շատ կարևոր մի հանգամանք կա։ Իրենք վերջին անգամ այդ դպրոցները, որ ասում են մենք փակում ենք, ե՞րբ են եղել այդ դպրոցներում, այդ այսպես կոչված դպրոցներում: Բայց այսպես կոչված դպրոցներն իրենց պետք է, որովհետև իրենց պետք է, որ մեր երեխեքն այդ դպրոցներում անցկացնեն 10 տարի, որ այդպես էլ կրթություն չստանան, որ արդյունքում շալվար ունենալու հնարավորությունից նույնիսկ զուրկ լինեն, որ արդյունքում այդ երեխաների շալվար ունենալու հույսն իրենց վրա լինի՝ ընտրակաշառք բաժանողների, որ վերջում էլ ենթադրենք միանգամյա օգտագործման շալվար շպրտեն այդ երեխաների երեսին, հետևներից էլ ասեն՝ արա այ բոշեք, այ լնգուլավազներ:
Այս, այսպես կոչված, ավերակներն իրենց պետք են, որովհետև այդ դպրոցից դուրս եկածը հիմնականում սևագործ բանվոր կարող է լինել, որ իրենց բրիգադներում, կալուգաներում և տարբեր տեղերում ավտոմեքենաների, վագոնների տակ քնելով, ամիսներով չլողանալով, բա այդ երեխեքը գիտե՞ք ինչի են սպարտիվկայով, որովհետև դուք իրենց տարել եք աշխատեցնելու և հետ եք ուղարկել այդ սպարտիվկայով, որ իրենք գնան օտար երկրներում ձեզ ծառայեն, մի բառ ռուսերեն չիմանան, որ ձեր կառուցած ստրկությունից ազատվելու հնարավորություն չունենան, որ նույնիսկ առանց ձեր թույլտվության ոչ կարողանան շնչել, ոչ արտաշնչել, որ վերջում էլ այդ երեխեքին ասեք՝ այ շուն ու շանգյալ և ժեղ: Բա իհարկե պետք են:
Եկեք գնանք մեր կառուցած դպրոցը, այդ մեր կառուցած դպրոցներից դուրս եկած երեխեքը ձեզ դաս կտան, դուք ընդհանրապես շանս չունեք այն հասարակության մեջ, որը ձևավորվել է: Բա մանկապարտեզները, սերունդը ցեխերի մեջ է մեծացել, ցեխերի մեջ՝ բառիս բուն իմաստով, բա դուք պիտի ցեխերի մեջ երեխեքին պահեք ու մեծացնեք, որ վերջում հնարավորություն ունենաք ասել՝ շուն ու շանգյալ, որովհետև այն երեխեքը, որն այսօրվա մեր կառուցած մանկապարտեզ են մտնում և այսօրվա մեր կառուցած դպրոցն են մտնում, այդ դպրոցից դուրս եկող երեխեքի հանրությունում դուք շանս չունեք, դուք բացի շուն ու շանգյալից ուրիշ որևէ կարգավիճակ չեք կարող ունենալ: Դուք ընդհանրապես ո՞վ եք, ես այդ պատերազմի եռագլուխ, քառագլուխ կուսակցություններին եմ ասում, պլյուս սրբապիղծ կտրիճներին, դուք ընդհանրապես ո՞վ եք, ի՞նչ եք ձեզնից ներկայացնում։ Դուք շանս ունեք այն հասարակության մեջ, որտեղ կարողանում եք երեխեքին ցեխերի մեջ պահել,․ այն հասարակության մեջ, որտեղ երեխեքը շալվար չունեն և շալվար ունենալու շանս չունեն: Սա է ձեր կառուցած և ձեր երազած հանրությունը։
Մի հատ էլ, պարոն Օհանյան, եկել եք, այս ամբիոնից հանրությանը կոչ եք անում։ Հազար ներողություն, Ձեր կոչը ո՞ւմ է հետաքրքիր, ընդհանրապես։ Ձեր կոչը որևէ մեկին, որ հետաքրքիր էլ լիներ, գոնե ձեր քաղաքական ուժն իր ցուցակում որևէ ձևով կներառեր։ Ես խնդրում եմ անընդհատ կոչ արեք հանրությանը, անընդհատ, ինչքան շատ կոչ անեք, այնքան ավելի ձեր քաղաքական ուժի խորհրդարան չանցնելու շանսերը մեծանալու են։ Այդ պոդկաստը, ընդհանրապես դա նվեր է, ո՞նց անենք մի քիչ շատ անեն, որովհետև ինչքան շատ անեն, այնքան իրենց խորհրդարանում հայտնվելու շանսը փոքրանալու է։
Հիմա էլ եկել են, ասում են՝ խաղաղություն։ Նախ՝ այս մարդիկ նորից ի՞նչ ապացուցեցին։ Իրենք եկան, ասացին, որ այն խաղաղությունը, որը հաստատված է, դա Հայաստանին ձեռնտու չէ, դա Հայաստանի շահերից չի բխում, իրենք ասում են՝ դե մենք դեմ չենք խաղաղությանը, բայց իրենք ասում են՝ այ խաղաղությունը մեր ժամանակ էր…
Եկեք նայենք՝ ինչ խաղաղություն է եղել իրենց ժամանակ: 1998 թվական՝ 24 զոհ Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով, 1999 թվական՝ 12 զոհ փոխհրաձգության հետևանքով, 2000 թվական՝ 12 զոհ փոխհրաձգության հետևանքով, 2001 թվական՝ 3 զոհ սահմանին, 2002 թվական՝ 7 զոհ, 2003 թվական՝ 11 զոհ, 2004 թվական՝ 8 զոհ, 2005 թվական՝ 14 զոհ, 2006 թվական՝ 7 զոհ, 2007 թվական՝ 7 զոհ, 2008 թվական՝ 5 զոհ, 2009 թվական՝ 6 զոհ, 2010 թվական՝ 11 զոհ, 2011 թվական՝ 10 զոհ, 2012 թվական՝ 13 զոհ, 2013 թվական՝ 6 զոհ, 2014 թվական՝ 26 զոհ, 2015 թվական՝ 38 զոհ, 2016 թվական՝ 22 զոհ, 2017 թվական՝ 22 զոհ:
Սա է իրենց ուզած խաղաղությունը: Հիմա 2020 թվականի մասին այնքան ասվել է, և մենք երբեք դա չենք… Այդ դուք եք, որ անընդհատ 1000-ով, 2000-ով, 3000-ով ուզում եք ավելացնել: Եվ չի արձանագրվում մի բան, որ ի վերջո… ասում են՝ ինչի ես ասել «Արցախը Հայաստան է և վերջ»: Ես մեր կուսակցության համաժողովում մի անգամ այդ թեմային անդրադարձել եմ, բայց կա նաև մի իրողություն, հարգելի գործընկերներ, 1994 թվականից, 1995 թվականից փաստացի Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, նույն կետի վրա կանգնած է եղել 25 տարի: Ու այդ կետը եղել է փակուղային կետ: Հիմա էլ մի նոր բան, այս մարդիկ այդպես էլ բան չարեցին: Մի հատ եկան քննիչ հանձնաժողով՝ սա կբացահայտենք, Ղարաբաղի հարցի բանակցային թղթերը… Հրապարակեցինք Ղարաբաղի հարցի… Հիմա էլ ընկել են՝ քննիչ հանձնաժողովի զեկույցը: Ասենք, ձեզ պարզ չի՞, որ դա էլ ինչ-որ ձևով պիտի հրապարակվի: Ասենք, այդ փոցխին անընդհատ ինչի՞ եք կանգնում:
Այո մենք այդ մարտահրավերի հետ առերեսվել ենք: Անկախության 30 տարիներին ամբողջ պետական համակարգն աշխատել է այն տրամաբանությամբ, որ Արցախը Հայաստան է: Լուծված է այդ հարցը, խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է: Եկել ենք առերեսվել ենք այդ իրողության հետ, մի հատ հասկանանք՝ ի՞նչ է կատարվում: Ու սկսել ենք հարցեր տալ ու սկսել ենք գնալ այդ հարցերի հետևից, ու սկսել ենք գտնել այդ հարցերի պատասխանները: Ու այդ հարցերի պատասխանների հետևից է, որ հասկացել ենք, որ մենք թակարդի մեջ ենք, որ պետք է այդ թակարդից դուրս գալ, որովհետև եթե այդ թակարդից դուրս չգանք, մենք պետությունը կորցնելու ենք:
Այո՛, ես ուզում եմ ասել, հարգելի գործընկերներ, դա պետք է ասել, որ մենք շատ արդյունավետ իշխանություն ենք, որովհետև մենք մեր երկիրը դուրս ենք բերել թակարդից՝ այն թակարդից, որի մեջ մտել ենք Ղարաբաղի շարժումով և որի մեջ պատերազմի եռագլուխ կուսակցությունները և նրանց սատելիտները մեզ անընդհատ մտցրել են ու պահել են փակուղում, բացարձակապես ամեն ինչ բացատրել են դրանով։ Մենք մեր երկիրը դուրս ենք բերել փակուղուց: Սրա համար խիզախություն է պետք, և մենք այդ խիզախությունը ցուցաբերել ենք։ Պարոն Խաչատրյանն ասում է՝ «պատերազմն ավարտվում է, երբ պատերազմի պատճառը հանգուցալուծվում է…», կամ այդպիսի մի բառ է օգտագործվում: Այդ ենք ասում՝ պատերազմի պատճառը եղել է Ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ չկա։ Սա է ամբողջ խնդիրը։ Եվ մենք այո, գիտակցված գնացել ենք այդ ճանապարհով:
Հիմա էլ գիծ են տանում իմ պրոթուրքականության և իմ պրոադրբեջանականության մասին, որովհետև այս մարդիկ ասում են՝ տեսեք ինչ են ասում, ասում են՝ մենք դեմ չենք խաղաղությանը: Իրենք երբեք դեմ չեն եղել խաղաղությանը, բայց իրենք խաղաղությունը միշտ քննարկել են տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու: Հասկանո՞ւմ եք՝ տարածաշրջանից հազարավոր կիլոմետր՝ Մոսկվայում, Բրյուսելում, այլ տեղերում, Քի Վեսթում և այլն: Էլի եմ ասում, խաղաղության մասին մեր պատկերացումն այն է, որ մենք Ավստրալիայի հետ ունենք հարատև և հուսալի խաղաղություն։ Իսկ խաղաղությունն այն է, որ դու ունես քո տարածաշրջանում: Ո՞նց եք պատկերացնում խաղաղություն՝ այն փնտրելով տարածաշրջանից դուրս։ Դա պատերազմ է, դա ինքնին պատերազմ է: Մենք ունեցել ենք այդ համարձակությունը՝ գնանք և խոսենք: Մենք ունեցել ենք այդ համարձակությունը՝ խոսենք…
Ուրիշ բան էլ են ասում: Ասում է՝ Փաշինյանն ունի պայմանավորվածություններ: Պարզ չի՞, որ ունենք պայմանավորվածություններ: Այդ պայմանավորվածությունները ստորագրված, նախաստորագրված են, այդ պայմանավորվածությունների մի մասն էլ վավերացված են։ Հենց դա է, որ դուք, ձեր ամբողջ քաղաքականությունն այդ պայմանավորվածությունների դեմ է, որը խաղաղության և կայունության անկյունաքարն է, հիմքն է: Այդ հիմքը, որ տակից քաշվեց, խաղաղությունն ու կայունությունը փլուզվելու է։ Այդտեղ սպառնալիք չկա, ոչ մի սպառնալու բան չկա։ Դա շատ պարզ, շատ սովորական տրամաբանություն է։
Եվ այո՛, այս ընտրություններում ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը նաև այդ տրամաբանությամբ, որ ակնհայտ լինի, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն այս քաղաքականությունը պաշտպանում է, տեր է կանգնում այս քաղաքականությանը։ Ընդ որում, ասում եմ, երբեք չեմ ունեցել և չունեմ հրապարակային հայտարարված և գրավորից դուրս որևէ պայմանավորվածություն։ Այո՛, առանցքը և նրբությունը հենց դա է՝ բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերված են և հրապարակված են այդ պայմանավորվածությունները։ Դուք եկեք պայմանավորվածությունների բովանդակությունից խոսեք։ Չունեն ասելիք։
Դատի էին տալիս՝ խաղաղության համաձայնագրի տեքստը չեն տալիս ծանոթանանք: Մի քանի անգամ թողեցինք գնացին ծանոթացան: Գնում էին կարդում, գալիս ուրիշ բաներ էին պատմում։ Հիմա հրապարակային է: Ո՞վ է հիշում՝ ընդդիմությունը վերջին անգամ ե՞րբ է այս ամբիոնից եկել, բռնել խաղաղության համաձայնագրի կամ հռչակագրի տեքստը, սկսել տող կարդալ և բան անել։ Ե՞րբ, եղե՞լ է այդպիսի բան ընդհանրապես։ Հրապարակումից առաջ, երբ դա կոնֆիդենցիալ էր, ինչ ասես ասում էին, հենց հրապարակվեց, այդ թեման ամփոփվեց։ Նույնն էլ բանակցային թղթերը՝ հիմա հրապարակված են: Ասում էիք հրապարակեք, մենք… Ե՞րբ եք տեսել, որ ընդդիմությունը կամ այս ամբիոնին, կամ հրապարակային կանգնի, ասի՝ թուղթ մեկ, տեսեք այս ինչ է գրած։
Ըստ էության, այս քննարկման արդյունքում արձանագրվեց երկու բան՝ առաջինը, որ խաղաղությունը վերանայելը պատերազմի եռագլուխ կուսակցության, որը ձևավորված է նախկին իշխանության ներկայացուցիչներից, հիմնական և առանցքային խնդիրն է: Հիմա էլ նոր խուճապ է սկսել: Մի ժամանակ ասում էին, որ բանակը, անպաշտպան ենք, սահմաններ… Հիմա մենք ասում ենք՝ լա՛վ, ժողովրդին ցույց կտանք: Հիմա էլ սկսել են՝ ի՞նչ են ցույց տալու, չէ, ցույց չեն տալու, չէ, ցույց են տալու, դա այդ չի, ուրիշ բան են ցույց տալու: Ինչի՞ եք խառնվել իրար: Ինչի՞ եք նորերը ցույց տալիս, հները ցույց տվեք, չգիտեմ ինչը ցույց տվեք, այս ցույց տվեք: Ցույց ենք տալիս, որ ի վերջո տեսանելի կերպով պատասխանենք ձեր՝ պետական պարտքի հետ կապված բոլոր թյուր պնդումներին։ Դրա համար ենք ցույց տալիս։
Եվ ցույց ենք տալիս նաև նրա համար, որ դա էլ մի գործոն դառնա, որ դուք «Հայաստան» դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն չանցնեն խորհրդարան, որ չհավաքեն անհրաժեշտ թվով ձայներ խորհրդարանական կուսակցություն դառնալու համար, որովհետև չի կարող այդքան լկտի ձևով, հիբրիդային դեզինֆորմացիայի միջոցով ժողովրդին ապատեղեկատվության հորձանուտի մեջ գցել՝ գործող քաղաքական ուժը, էլի հայտնվի խորհրդարանում: Դա շատ վատ բան կլինի։
Ես չեմ կարող հավատալ, հազար ներողություն, եթե հիմա ասեմ՝ գիտեք ինչ, կարող է «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է՝ ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարող է իրենց օգտին քվեարկել։ Ես ձեզ լուրջ եմ ասում, հարգելի գործընկերներ: Եթե մեր հանրային խոսույթում լինի միտք, որ ուժեղ ՀՀԿ-ն, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն կարող եմ անցնել խորհրդարան, դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ: Ում մտքով այդպիսի բան անցնի, որ այդ երեք քաղաքական ուժը կարող են անցնել խորհրդարան, դա անհարգալից վերաբերմունք է: Այո, ժողովուրդը որոշում է… Դա եմ ասում, 62 երկրի անձնագիր ունեցող անձն ասում է՝ ես դառնալու եմ վարչապետ: Տեսե՞լ եք՝ մի օր ժողովրդի անուն տան: Մի անգամ ժողովրդի անուն չեն տվել: Իսկ տեսե՞լ եք՝ մենք երբևէ ասենք որևէ բան առանց ժողովրդին հղում անելու: Մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, տեր կանգնիր խաղաղությանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պետք չէ պարզապես խորհրդարանական մեծամասնություն ձևավորի, պետք է, որ Սահմանադրական մեծամասնություն ձևավորի, որպեսզի խաղաղությանը տեր կանգնելու պրոցեսը գնա մինչև վերջ։ Իսկ իրենք ասում են՝ մենք վստահ ենք, մենք սա ենք անելու, այն ենք անելու և խոսում են շուն ու շանգյալների և բոշաների մասին։
Այս քաղաքական կոնտրաստն է, որը պետք է պայմանավորի առաջիկա քաղաքական դիսկուրսը։ Ես կարծում եմ հետևյալը, որ առաջիկա քաղաքական պրոցեսների իմաստը պետք է լինի հետևյալը՝ ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը և ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցության, նախկինների եռագլուխ կուսակցության շուն ու շանգյալներին և քաղաքական բոշաներին պետք է ուղարկի հարատև քաղաքականությունից դուրս:
Իմիջիայլոց ասեմ, որ երեկ ապօրինի գույքի բռնագանձման գործով, ես այսօր առավոտյան կարդացի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն առաջին նախադեպային որոշումը կայացրել է և համոզված եմ՝ դրանով շատ ձեզ հայտնի շրջանակների բոմժ դառնալու պրոցեսն այլևս անշրջելի է։ Շնորհակալություն:


















































