Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ուղերձի եւ դրան ՄԻՊ-ի պատասխանի մասին Aravot.am-ի հետ զրույցում «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասաց. «ՄԻՊ-ի պատասխանից որքան ես հասկացա, ինքը օրենսդրությամբ իրավունք չունի զբաղվելու Հայաստանի սահմաններից դուրս Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունով, մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հետ կապված սահմանափակումներ ունի։ Բայց օրենքները մարդու համար են եւ ոչ թե մարդու դեմ են։
Ես տեսնում եմ, քանի որ պետական քաղաքականությունը ոչ մի կերպ չի աջակցում գերիների վերադարձին կամ չի բարձրաձայնում, հրապարակային որեւէ բան մենք չենք տեսնում, որը շատ կարեւոր է, օմբուդսմենն էլ, ինձ թվում է, զուգահեռ է այդ քաղաքականությանը։ Չնայած, արդարության համար ասեմ, որ ինքն, իհարկե, դա անընդունելի է համարում։ Եղել են առիթներ, որ ինքն ասել է՝ մեր գերիները պետք է վերադառնան եւ այլն, եւ այլն։
Նշենք նաեւ, որ Ադրբեջանի օմբուդսմենի խոսքերը, որ ասել էր, թե Հայաստանի օմբուդսմենի հետ խոսել է, պարզվեց սուտ է։ Հայաստանի օմբուդսմենը հերքեց, որ իր հետ որեւէ կապ է եղել։ Եվ նա ասում է, որ ինքը Հայաստանից դուրս չի կարող այդպիսի գործունեություն ծավալել։ Ես այլ բան չեմ կարող ասել, եթե ինքը վկայակոչում է օրենսդրությունը։ Ադրբեջանի օմբուդսմենն ամբողջությամբ իրենց իշխանության ազդեցության տակ է»։
Իսկ մեր հարցին, թե Հայաստանի օմբուդսմենը իշխանության ազդեցության տակ չէ՞, տիկին Ալեքսանյանը պատասխանեց. «Ազդեցության տակ է, ես չեմ ասում չէ։ Բայց այն աստիճանի չէ, ոնց որ Ադրբեջանում է։ Գոնե ինչ-որ բաներ անում է։ Ուղղակի պետք է բարձրաձայնել, այն ապօրինությունները, այն խոշտանգումները, որ մենք այս ընթացքում տեսել ենք, պետք է հրապարակային դատապարտվեն։ Եվ այդ դատապարտումները պետք է անի նաեւ օմբուդսմենը»։
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ այդ պարագայում տարօրինակ իրավիճակ է ստեղծվում՝ ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը նշում է, որ սահմանադրությամբ Հայաստանը ապահովում է իր երկրի քաղաքացիների կյանքի եւ այլ իրավունքների պաշտպանությունը նաեւ երկրի սահմաններից դուրս, եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, որպես անկախ մարմին, պարտավոր է զբաղվել այդ խնդիրներով՝ տիկին Ալեքսանյանն այսպես արձագանքեց. «Հարցն այստեղ օրենսդրական մակարդակը չէ։ Օմբուդսմենը վկայակոչում է օրենսդրական սահմանափակումը։ Բայց իրավունքները միշտ պետք է բարձրաձայնել եւ այդ պայքարը մենք պետք է տեսնենք։ Մեր հայրենակիցները Բաքվի բանտում են գտնվում ապօրինի։ Իրավունքը միշտ գերակայում է օրենսդրական սահմանափակումները։ Եվ այդ հրապարակային գործունեությունը ամեն մի առիթով մենք պետք է տեսնեինք։
Ես ասում եմ. քանի որ երբ երկու օր առաջ տեսանք՝ Ստեփանակերտում բարբարոսաբար եկեղեցի են քանդում, բայց Հայաստանի իշխանությունը ոչ մի ծպտուն չի հանում, եւ այս ամբողջ ընթացքում էլ ծպտուն չի հանել, օմբուդսմենը պետական գործիչներից առաջ չի անցնում։
Կրկնում եմ, իրավունքը, ինչպես նաեւ կոնվենցիաները գերակայում են օրենսդրությանը եւ պետք է այդ իրավունքի կոնտեքստում պայքարել։ Բայց օրենսդրորեն չես կարող ասել, որ մեր ՄԻՊ-ը խախտում է օրենքը։ Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ այս խնդրին պարզաբանում տան իրավաբանները»։
Խոսելով այս հարցում մեր կառավարության եւ միջազգային կազմակերպությունների վարքագծի մասին՝ Ժաննա Ալեքսանյանն ասաց. «Իհարկե, շատ կարեւոր է, որ այս երկրի իշխանությունները բարձրաձայնեն, մեր գերիների նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի, պահման պայմանների նկատմամբ պետական մարմինների կողմից պաշտպանությունը ակնհայտորեն ցույց տան։
Տեսեք, Ադրբեջանը հասավ նրան, որ «Կարմիր խաչն» էլ նրանց չի տեսակցում։ Միջազգային հանրությունը, նկատի ունեմ միջազգային կառույցները, իրոք, պետք է դատապարտեն։ Ու այստեղ մեր կառավարության պահվածքը կապ չունի։
Տեսեք, թե ցեղասպանության հարցերում ինչպես է ամերիկյան ցեղասպանության ինստիտուտը անընդհատ դատապարտում, ասում, որ էթնիկ զտում է եղել։ Մերոնք չեն ասում, բայց նրանք ասում են։ Այս հարցն անընդհատ քննարկվում է։ Գերիների հարցով եւ Եվրախորհուրդն է պահանջել, որ ազատ արձակեն եւ տարբեր երկրների խորհրդարաններից շատ կան այդպիսի պահանջներ։
Այս պետությունը նույնիսկ այդ մարդասիրությունը չունի, որ բարձրաձայնի։ Բայց դա չի խանգարում, որ միջազգային կառույցները այդ հարցերը բարձրաձայնեն»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































