«Օր ու գիշեր պետք է աշխատեմ, որ պարտք չմնամ հայ ժողովրդին․․․»
Վերժինե Սվազլյան
Ապրիլի 23-ին՝ Հայոց Մեծ Եղեռնի 111-ամյա տարելիցի նախօրեին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում «Արևմտահայոց բռնի թուրքախոսությունը Օսմանյան կայսրությունում և թուրքալեզու բանահյուսությունը (ըստ 1955-2025 թթ. իմ գրառած ու ձայնագրած նյութերի)» բանախոսությամբ հանդես եկավ պ․ գ․ դ․, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանը։
Կարդացեք նաև
Բանախոսությունը, որը նվիրված էր ցեղասպանությունը վերապրած մեր նախնիների հաղորդած թուրքալեզու բանավոր մշակույթին, որոնց միջոցով մեր հայրենակիցները տեղեկություններ են թողել իրենց կրած տառապանքների մասին, տեղի ունեցավ ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում։
Ներկա էին ՀԱԻ տարբեր բաժինների աշխատակիցներ, թեմայով հետաքրքրվողներ, ուսանողներ։ Ներկաներին ողջունեց և բանախոսին ներկայացրեց ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալլայանը։
Ասաց․ «Այսօր ուրախ ենք և պատիվ ունենք հյուրընկալելու երկարամյա ու նվիրյալ, վաստակաշատ գիտաշխատող Վերժինե Սվազլյանին։ 2 տարի առաջ այստեղ մենք նշեցինք նրա 90-ամյա տարեդարձը»։ Հավելեց նաև՝ ինստիտուտը մշտապես կապի մեջ է նրա հետ, իսկ գիտնականը, երբ գալիս է ինստիտուտ, իր հեղինակած նոր հրատարակած գրքերից է բերում։ Իր օրինակով ցույց է տալիս, որ եթե մարդը նվիրումով ու հաճույքով է անում սիրելի գործը, գիտական մեծ պաշար է կուտակում։ Եվ շուտով կհրատարակվի ականավոր ցեղասպանագետի հեղինակած 32-րդ հատորը, որի համար գիտնականն արդեն մոտ 900 էջ նյութ ունի։ Տ․ Դալալյանը կարևորեց, որ հատկապես երիտասարդ սերունդը, ուսանողները, ծանոթանան, ճանաչեն Վ․ Սվազլյանին և այլ բազմավաստակ գիտնականների, ոգևորվեն և ստեղծագործեն։
Վ․ Սվազլյանը բանախոսությունը սկսեց՝ անդրադառնալով Օսմանյան կայսրության ձևավորվելու շրջանին և հետագա ժամանակներում Թուրքիայի կողմից վարած հակահայ և առհասարակ այլ ազգերի նկատմամբ իրականացրած ցեղասպանական քաղաքականությանը։ «Առաջնորդվելով նվաճողական քաղաքականությամբ՝ Օսմանյան կայսրությունը մշտապես նպատակ է ունեցել իր հպատակության տակ գտնվող հնագույն մշակույթ ունեցող ժողովուրդներին հավատափոխության և լեզվափոխության միջոցով ձուլել, իսլամացնել, թրքացնել, նրանց մշակութային արժեքները յուրացնել և իրեն վերագրել», -խոսքն սկսեց գիտնականը։
Հավելեց նաև՝ 1453-ին նվաճելով Կոստանդնուպոլիսը, քաղաքի անունը փոխեցին Ստամբուլ, իսկ բյուզանդական ողջ մշակույթը, նաև եկեղեցիները, առգրավեցին։ Նույն շրջանում Ֆաթիհ Մեհմեդ Բ սուլթանը շատ հայերի է բնակեցրել այստեղ։ 1461 թ․ նույն սուլթանի թույլատվությամբ հիմնադրվել է Կոնստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը, որին նվիրատրվել էր բյուզանդական Պանագիա Փերիվլեպտոս-Սուրբ Աստվածածին վանքը։ Սակայն, ինչպես նշեց բանախոսը, հայերի նկատմամբ այդ բարյացակամ վերաբերմունքը շուտով փոխվում է, հետագա շրջաններում առավել դժվարացվել է։ Կայսրության ողջ տարածքում ահավոր մղձավանջ է եղել քրիստոնյա մանուկ տղաներին հավաքելը՝ այսպես կոչված «դևշիրմեն»։ Նույն քրիստոնյա տղաները դարձել են օսմանյան բանակի ենիչերիները՝ դաստիարակված ատելությամբ իրենց հարազատների հանդեպ։ Անդրադարձ եղավ հայատառ, սակայն թուրքերեն կատարված ստեղծագործություններին, որոնք ստիպված էին հայերն իրականացնել թուրքական տիրապետության տակ։
Բանախոսության ընթացքում Վ․ Սվազլյանը մեջբերումներ արեց Սարգիս Հայկունու «Նշխարներ․ Կորած ու մոռացված հայեր․ Տրապիզօնի հայ-մահմետական գիւղերն եւ նրանց աւանդութիւնները․ Սեւ Գետացիք» աշխատությունից, որում նկարագրված է սևգետցիների կոտորածների մասին, որոնց ենիչերիներն ստիպել էին հավատափոխ լինել։ Ճիշտ է՝ հանդիպել էին դիմադրության, բայց շատերին սպանել են, գերեվարել։ Առավել ծանր է եղել Թորոսլի գյուղի վիճակը, որտեղ Տեր Կարապետ հոգևորականին էին սպանել, իսկ բնակչությանը ստիպել էին հավատափոխ լինել։ 18-րդ դարասկզբից նշված բնակավայրերում շատերն են ստիպված հավատափոխ եղել, այցելել մզկիթներ, սակայն, ինչպես նշել է Հայկունին․ «․․․իսկ տարին մի անգամ իր սիրած կրօնի պաշտամունքը կատարել գաղտնի՝ գետնի տակ»։
Ծանր է եղել նաև համշենահայության վիճակը․ թուրք մոլլաները նրանց արգելել էին հայերեն խոսել․ «հայերեն եօթը բառը մի հայոյութիւն է» համարվել, և սահմանվել է տուգանք՝ 5 ոչխարի քանակով։
Անդրադարձ եղավ նաև Կիլիկիայի հայության մասին։ Ասաց՝ պատմաբան Գրիգոր Գալուստյանի «Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զեյթուն» գրում վկայակոչվել է պրոֆեսոր Հ․ Գ․ Չաքմաքչյանի լսածները․ «Աւանդաբար կը պատմու, թէ Կիլիկիոյ պատկանող Սիս, Ատանա, Տարսոն եւ Այնթապ քաղաքներու եւ շրջակայ մօտիկ արվարձաններու մէջ ապրող հայերը՝ աւելի զարհուրելի խժդժութիւններ կրած էին․․․»։ Այս ամենով հանդերձ՝ Մեսրոպյան այբուբենը պահպանելու լավագույն միջոց է եղել հայատառ թուրքերենը, որի սկիզբը դրվել է 1727 թվականից։ Դրանից հետո հայատառ թուրքերենով են տպագրվել մոտ 1000 գրքեր, պարբերականներ, նաև Աստվածաշունչ։ Իսկ մինչև 1915 թ․ հայատառ թուրքերեն գրքերի ու պարբերականների թիվը հասել է 2000-ի։ Հայատառ թուրքերենով են տպագրվել նաև Հովսեփ փաշա Վարդանյանի «Ագապի» վեպը, արևելյան սիրավեպեր, հեքիաթներ։ 19-րդ դարակեսից ֆրանսերենից հայատառ թուրքերեն են թարգմանվել ու տպագրվել Վոլտերի, Ռասսինի, Լամարտինի, Մոլիերի, Վիկտոր Հյուգոյի և այլոց ստեղծագործություններ։ Այս հարցում կա մի դրական բան, որ թուրքերը ստիպված հայոց այբուբենն են սովորել, որ կարդան եվրոպական գրականությունը։ Ըստ բանախոսի՝ հայատառ թուրքերենի զարգացմանը նպաստել են օսմաներենի ուղղագրության դժվարությունները։ Ճիշտ է՝ շատ հայեր թուրքերեն են խոսել, սակայն հեռու են մնացել օսմաներեն գրականությունից, որը հիմնականում եղել է հոգևոր, և ավելի են կապվել մայրենի գրականությանը։ Առավել կարևոր է եղել Մեսրոպյան տառերի պահպանումը։
Բանախոսության երկրորդ բաժնում Վ․ Սվազլյանը ներկայացրեց իր կողմից ձայնագրած երգերը՝ օրորոցայիններ, ռազմի երգեր և այլն, որոնք թուրքերեն կատարում են հայ երգասացները։ Բանախոսության վերջում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, եղավ քննարկում։
Հասմիկ Պողոսյանը բանախոսության առթիվ Վ․ Սվազլյանի մասին գրել է․ «․․․Դուք մեզ եք թողել մի վիթխարի բանագիտական ժառանգություն, որտեղ ամբարված են Պատմական Հայաստանի 150 տեղավայրերից գրի առնված հայ բանավոր մշակույթը, որոնց հիման վրա սերունդներն ուսումնասիրելու են, թե ինչպես են հնչել արևմտահայերենի բարբառները, որոնց կրողները այլևս մեր կողքին չեն…Եվ Ձեր գիտական ժառանգությունը մեր ազգային արժեքներից է…»։
«Վերժինե Սվազլյանի կատարածը դեռ պիտի գնահատվի ու գնահատվի։ Մեր սերը, հարգանքը, խոնարհումը մեծ Հայուհուն։ Երկար կյանք Ձեզ ի շահ հայության, ի շահ արդարության․․․», -ֆեսբուքյան էջում գրել է Սուսաննա Դավթյանը։
ՀԱԻ ավագ գիտաշխատող, բանագետ Նվարդ Վարդանյանը մեծ սիրով ներկայացրեց վաստակաշատ գիտնականին․ «Նա այնպիսի նվիրումով է աշխատում, որ շատ երիտասարդներ կնախանձեն։ Մեծ ոգևորությամբ է խոսում իր արածի մասին, որ այս տարիքում էլ օրինակ է շատերիս համար։ Իր ապրած ամբողջ կյանքով է օրինակ շատերիս համար։ Այդքան նվիրում իր ժողովրդին, ժողովրդի պատմությանը, մշակույթին․․․ Իր աշխատանքի մեծ մասը չափազանց դաժան գործի է նվիրել․․․»։
Զոհրաբ Ըռքոյան


























































