Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային օպերային երգացանկի այս գլուխգործոցը նոր շունչ ու ձև է ստացել Կայդանովսկու ժամանակակից խորեոգրաֆիայի շնորհիվ

Ապրիլ 21,2026 16:58 Share

Aravot.am-ը տեղեկացրել էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 26-ին նոր ձևաչափով կայանալիք Ֆրանսիս Պուլենկի «Մարդկային ձայն» մոնոօպերայի, ըստ Ժան Կոկտոյի սյուժեի, համաշխարհային պրեմիերայի մասին։

Հիշեցնենք, որ 2021 թ. Երևանի օպերային թատրոնում դարձյալ առաջին անգամ բեմադրվեց հանրահայտ այս մոնոօպերան՝ Դավիթ Հակոբյանի ռեժիսուրայով, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի հիանալի մեկնաբանությամբ։ Այդժամ ներկայացումն ուղեկցվեց միայն դաշնամուրի նվագակցությամբ (ռոյալի մոտ էր Վասիլի Ռոլիչը)։

 

Այս օրերին օպերային թատրոնում սկսվել են «Մարդկային ձայնի» բեմադրական փորձերը։ Բեմադրող-խորեոգրաֆն է Անդրեյ Կայդանովսկին (Ավստրիա), դիրիժորը՝ Կարեն Դուրգարյանը, հագուստների ձևավորողն ու բեմի նկարիչը Թոմաս Միկան է (Գերմանիա), լուսային նկարիչը՝ Ալեքս Բրոկը (Ավստրիա)։

Փորձի ընդմիջմանը զրուցեցինք բեմադրող-խորեոգրաֆ Անդրեյ Կայդանովսկու հետ։ Մինչ զրույցը ներկայացնելը՝ հարկ ենք համարում տեղեկացնել այս հայտնի ստեղծագործության գրելու շարժառիթը ներկայացնող դիպվածը։ Միլանի Լա Սկալա թատրոնի ներկայացումներից մեկի ընթացքում Պուլենկը համակ ուշադրությամբ հետևում էր, թե ինչպես է Մարիա Կալասը աստիճանաբար մղում այլ երգիչներին հետին պլան՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին։ Այդ պահին նրա կողքին նստած էր Փարիզում գործող «Ռիկորդի» ընկերության ներկայացուցիչ Էրվե Դյուժաղդենը, որն անմիջապես առաջարկում է Պուլենկին գրել այս ստեղծագործությունը՝ հատուկ Կալասի համար։ Կոմպոզիտորը, իհարկե, գրում է, սակայն սոպրանո Դենիզ Դյուվալի համար։

Հետո արդեն մոնոօպերայի կապակցությամբ Կոկտոն Պուլենկին գրել է․ «Իմ սիրելի Ֆրանսիս։ Դուք գրել եք մեկ անգամ և բոլորի համար՝ այնպես, ինչպես կխոսեր իմ հերոսուհին»։

Մոնոօպերայի պրեմիերան կայանում է 1959 թ., սակայն այսօր էլ այն շարունակում է արդիական մնալ։ Իմիջիայլոց, շատ կոմպոզիտորներ են ստեղծագործել Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա, սակայն, ինչպես ցույց տվեցին տասնամյակները, միայն Պուլենկին հաջողվեց այն վերածել արվեստի իսկական մնայուն գործի։

Foto © Andras Jakwerth

Զրույցի սկզբում իր յուրօրինակ բեմադրություններով հայտնի արվեստագետը՝ Անդրեյ Կայդանովսկին, որը եվրոպական մասնագիտական մամուլի որակմամբ դարձել է մարդկային ստեղծագործականության և արվեստի խորհրդանիշ, մեր հարցին ի պատասխան ներկայացրեց մոնոօպերայի իր սյուժեն, քանի որ, բացի ձայնից, կրկնում ենք՝ առաջին անգամ ներկայացմանը ներգրավված է նաև պարուհի։ «Սյուժեի հիմքում կնոջ վերջին հեռախոսազրույցն է իրեն լքած սիրեցյալի հետ։ Ընդհատվող խոսքեր, չասված մտքեր ու ծանր լռություն․ ամբողջ աշխարհը սեղմվում է մինչև հեռախոսի լարը, որով հեռանում է հույսի վերջին թելը։ Ի դեպ, Կոկտոն այս պիեսն անվանել է միայնակ կնոջ մենախոսություն, որին ստում են, և նա գիտի այդ մասին։ Ըստ էության, այս սյուժեն հուզում է բոլոր ժամանակներում բոլոր կանանց։ Եվ երգչուհին, և պարուհին, մեկն իր վոկալով, մյուսը՝ իր պլաստիկայով, լրացնում են մեկը մյուսին՝ նույն ասելիքով, մենախոսության նույն տեքստով՝ կարծես պայթում է նրանց սիրտը, ու թեև հույսի որևէ նշույլ, թվում է, չկա, ուղեղն, այնուամենայնիվ, թելադրում է՝ հավաքվիր»,- ասաց մեր զրուցակիցը։

Մի մեջբերում էլ արևմտյան մամուլից․ համաշխարհային օպերային երգացանկի այս գլուխգործոցը նոր շունչ ու ձև է ստացել Կայդանովսկու ժամանակակից խորեոգրաֆիայի շնորհիվ։ Իսկ բեմական ինքնատիպ մարմնավորումը բեմադրող-խորեոգրաֆը վստահել է արվեստի ճանաչված երկու անունների՝ պարուհի Դարյա Պավլենկոյին և մեցցո-սոպրանո Յուլիա Մատոչկինային։

Զրույցի ընթացքում տեղեկացանք, որ 39-ամյա Կայդանովսկին բեմադրություններ է իրականացրել աշխարհի հեղինակավոր թատրոններում ու սրահներում, բայց մի առանձին սիրով արդեն 24 տարի ապրում և ստեղծագործում է Վիեննայում։ Ասաց, որ թեև առաջին անգամն է Հայաստանում, բայց բազմաթիվ հիանալի հայ ընկերներ ունի, ընդ որում՝ ոչ միայն արվեստի ոլորտից։ Իսկ հնչեղ՝ Կայդանովսկի ազգանունը, միանշանակ չի կարող ասել՝ իրեն օգնե՞լ է, օգնո՞ւմ է, թե՞… «Ռուսաստանում, հասկանալի պատճառով, անխտիր բոլորը գիտեն, ում որդին եմ, իսկ Եվրոպայում՝ միայն կինոաշխարհի մարդիկ», — հայտնեց կրտսեր Կայդանովսկին։

Բեմադրող-խորեոգրաֆի հոր՝ Ալեքսանդր Կայդանովսկու մասնակցությամբ Անդրեյ Տարկովսկու «Ստալկեր» (1979 թ.), Նիկիտա Միխալկովի «Յուրայինների մեջ օտար, օտարների մեջ յուրային» (1974 թ.) և այլ խորհրդային ֆիլմերում ստեղծած կերպարները հիշատակվում են մինչ օրս։

Հավելենք, որ մայրն էլ՝ Նատալիա Սուդակովա-Կայդանովսկայան, ժամանակին հանդիսացել է «Բոլշոյ» թատրոնի պրիմա պարուհի, որի խորհրդով որդին՝ Անդրեյը, ոտք է դրել բալետարվեստի ոլորտ՝ ուսանելով Մոսկվայի խորեոգրաֆիայի ուսումնարանում, հետո՝ Գերմանիայի և Ավստրիայի բալետային դպրոցներում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները «Մարդկային ձայն» պարային օպերայի ֆոտոսեսիայից են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930