Փաշինյանը վերջերս ելույթ է ունեցել Ակադեմիայում` գիտնականների առաջ: Ինչպես միշտ՝ ոչ այնքան գրագետ, կենցաղային մակարդակով, «ժողովրդական»՝ թե՛ բովանդակության, թե՛ բառամթերքի առումով: Ակադեմիկոսները լրջորեն գլուխները տմբտմբացնում էին՝ ձեւ անելով, թե շատ խորիմաստ մտքեր են լսում: Դե, պարզ է, եկել էին նրանք, ովքեր այսպես թե այնպես կախում ունեն կառավարությունից:
Այս մտքերի կարճ ամփոփումն էր հետեւյալ պնդումը. «Գիտության զարգացումն առանձին վերցրած իմաստ չունի, գիտությունը զարգանա՝ որ ի՞նչ»:
Չգիտեմ, պե՞տք է արդյոք բացատրել «Առավոտի» ընթերցողներին, թե ինչու է անհրաժեշտ զարգացնել գիտությունն՝ «առանձին վերցրած», այսինքն՝ հիմնարար (ֆունդամենտալ) գիտությունը: Եվ երկրի չափն ու հարստության աստիճանը չեն կարող պատճառ դառնալ այդ ռազմավարական ուղղությունը չզարգացնելու համար, եթե այդ երկիրն ինքնիշխանության է ձգտում: Հետաքրքրվողներին պարզապես խորհուրդ կտամ 10-15 րոպե ժամանակ հատկացնել՝ համացանցում այդ հարցի պատասխանը փնտրելու համար:
Իհարկե, գիտության հետ թեկուզ հեռավոր կապ ունեցող անձնավորությունը պարզապես կժպտա Փաշինյանի «դարակազմիկ» եզրահանգումների վրա: Բայց, կարծում եմ, ԳԱԱ-ում նրա, մեղմ ասած, պարզունակ մտքերի հասցեատերն ամենեւին էլ գիտնականները չեն: Այդ ճառերի լսարանն իր ընտրազանգվածն է՝ վերջինիս մտավոր, բարոյական մակարդակով, ինչպես նաեւ՝ սեփական ինքնության մասին խիստ յուրահատուկ պատկերացումներով:
Կարդացեք նաև
Եվ այդ մակարդակն ու պատկերացումները հաշվի առնելով՝ հիշյալ ճառերն ունեն հետեւյալ թաքնված ուղերձը՝ «դուք ձրիակերներ եք, իզուր էլ ձեզ փող եմ տալիս, մեկ է՝ ձեզնից քյար չկա»: Եվ ընտրազանգվածի սպասվող արձագանքն է՝ «դե, ճիշտ է ասում մեր թագավորը, մեռնենք նրա դուխին, էդ սուտի գիտունիկների հախից միայն նա կարա գա»:
Գիտնականները քիչ են, իսկ «ժողովուրդը»՝ շատ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































