Մենք փնտրում ենք ոչ թե մարդկանց, այլ այն, ինչ նրանք թաքցրել են
«Հետաքննում է դետեկտիվը» շարքումներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ «Առավոտն» ամեն ուրբաթ ներկայացնում է դետեկտիվի արտառոց բացահայտումները
Հիմնականում հաճախորդները մեզ գտնում են համացանցային որոնման միջոցով ու գտնելով մեր տվյալները, էլ.փոստով ներկայացնում են իրենց խնդիրները։ Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի աշխատակազմից շատ հազվադեպ են ստանում գործնական առաջարկներ: Բյուրոյի էլ.փոստի հասցեով ստացվել էր պաշտոնական նամակ ասոցիացիայից այն մասին, որ միջազգային ապահովագրական զեղծարար սխեմաներ հետաքննող կազմակերպությունն ունի առողջապահական ապահովագրության գծով քեյս Հայաստանում:
Ցանկացած հետաքննություն դետեկտիվ ընկերության համար ունի էական նշանակություն, թե որպես եկամտի աղբյուր, թե նոր փորձի ավելացման առոումով:
Սակայն կան քեյսեր, որոնք մեզ ցավ են պատճառում, քանի որ բացասական հերոսը ազգությամբ հայ է: Սա էլ դրանցից մեկն էր: Այլ պետության քաղաքացի մի հայ աղջիկ ապահովագրական ընկերությանը ներկայացրել էր առողջապահական ծախսերի հատուցման պահանջ: Ըստ նրա՝ Հայաստանում ճամփորդելու ընթացքում ստացել էր վնասվածքներ և կատարել անհետաձգելի վիրահատական միջամտություններ: Ներկայացրել էր հայկական հայտնի կլինիկաներից մեկի կողմից տրամադրված փաստաթղթեր, վճարումը հավաստիացնող անդորրագրեր և այլն:
Քեյսը կոչվում էր «Հայկական վնասվածք»։ Ապահովագրվողը հայազգի կին էր։ Անունը՝ Նառա, 48 տարեկան, այլ պետության քաղաքացի։
Նա Հայաստան այցելելուց առաջ գնել էր բավականին ճամփորդական թանկ ապահովագրության փաթեթ, որով նա կարող էր հատուցումներ ստանալ ճամփորդության ընթացքում իր հետ պատահած դժբախտ պատահարների կամ առողջական խնդիրների դեպքում: Իր երկիր վերադառնալուց հետո նա ապահովագրական ընկերությանը ներկայացրել էր պահանջ՝ ավելի քան 25 000 դոլարի չափով։ Ըստ նրա՝ Հայաստանում ճամփորդության ընթացքում ստացել էր ծանր վնասվածքներ, շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Երևանի ամենահայտնի կլինիկաներից մեկը, կատարվել էին անհետաձգելի վիրահատություններ՝ դիմածնոտային կոտրվածքների հետևանքների վերացման գծով: Կցված էին փաստաթղթեր՝ կլինիկայի պաշտոնական կնիքով, բժիշկների ստորագրություններով, վճարումները հաստատող անդորրագրեր, անգամ MRI-ի և CT-ի պատկերներ։ Ամեն ինչ կատարյալ էր թվում։ Բայց ինձ համար սա ցավոտ քեյս էր։ Որովհետև «հակահերոսը» հայ էր։
Մենք սկսեցինք հետաքննությունը։ Գագիկն ու Վրեժն այցելեցին կլինիկա։
Կլինիկայի բժիշկներն ու ադմինիստրացիան չէին հիշում նման հիվանդի։ Արխիվում գտանք գրանցում, ուղղակի այցելել էր հետազոտության այդ տվյալներով անձը։
Համակարգչային բազան ցույց էր տալիս, որ այդ օրերին կլինիկայում այդ տվյալներով անձ վիրահատության չի ենթարկվել։ Վճարումների անդորրագրերը տպագրված էին ոչ ստանդարտ ձևաթղթի վրա, իսկ բանկային տվյալները չէին համընկնում կլինիկայի պաշտոնական հաշվի հետ։ Կլինիկան իրականում որևէ կապ չուներ այդ կնոջ հետ:
Կլինիկայի կողմից տրամադրված փաստաթուղթը բավարար էր, որ մենք փակեինք այս քեյսը՝ պատվիրատու գործընկերներին տեղեկացնելով, որ այդ կինը որևէ վիրահատության Հայաստանում երբևիցե չի ենթարկվել: Այդպես կվարվեին բոլորը ու դա ճիշտ է բիզնեսի առումով, սակայն կա դետեկտիվի պրոֆեսիոնալ «ազարտը»; որն ինքնաբերաբար ուղղորդում է դեպի անհայտության մշուշը ցրելուն:
Հաջորդը՝ Նառայի համացանցային կենսակերպի ու սոցիալական ցանցերի հայտնաբերումն էր: Նրա Facebook և Instagram օգտահաշիվները բավականին ակտիվ էին, ուներ բազմահազար հետևորդներ ու լսարան, ամեն օր պարտադիր կերպով հետևորդների հետ կիսվում էր իր տեսանյութերով ու լուսանկարներով, ներկայացնելով իր «ճամփորդական» կյանքը։
Վնասվածքի ենթադրյալ օրերին նա իր էջում լուսանկար էր հրապարակել Վրաստանի Սև ծովի ափին, Շեքվեթելիում գտնվող Ավտոգրաֆ գերթանկարժեք հյուրանոցի փակ լողափից՝ «Վրաստանը հրաշք է, բայց ես մի քիչ հոգնած եմ» մակագրությամբ։ Ֆոտոներում՝ ժպիտ, սելֆիներ՝ ոչ մի վիրակապ, ոչ մի ցավ։ Համեմատելով սոցցանցերի օգտահաշիվների լուսանկարները, արձանագրեցիքն, որ նրա դեմքի վրա առկա են շատ ակնհայտ փոփոխություններ, որոնք համընկնում էին ըստ նրա Հայաստան այցելելու օերերին:
Եթե Հայաստանում չէր վիրահատվել, բայց սելֆի ուներ Վրաստանից՝ ինքնաբերաբար զանգ վրացի գործընկերոջս Շալվային: Նա միանգամից ոգևորվեց իմ զանգից՝ հրավիրելով Վրաստան հանդիպելու և միասին հետաքննությունը շարունակելու:
Շալվայի տեղեկատվության համաձայն, Նառան Հայաստանից մեկնել էր Վրաստան և իր նշած վնասվածք ստանալու օրերին այնտեղ էր գտնվել:
Համադրելով փաստերը, ակնհայտ էր՝ Նառան ուղղակի եկել էր Հայաստան, երկու օր հետո մեկնել Վրաստան և մոտ 20 օր Վրաստանում անցկացնելուց հետո վերադարձել էր Հայաստան ու մեկնել իր երկիր:
Մեզ համար ամեն ինչ պարզ էր. Նառան վիրահատվել էր Վրաստանում: Մենք քննարկելով՝ պատվիրատուի հետ մեկնեցինք Վրաստան:
Գեղասահքի մեջ կա երկու ծրագիր՝ պարտադիր և ցուցադրական: Հայ-վրացական հարաբերություններում կա պարտադիր ծարգիր, դա առատ սեղանի շուրջ լավ քեֆ անելն է, իսկ վերջում ցուցադրականը՝ միմյանց վերաբերյալ ամենաթարմ անեկդոտների շուրջ մի փոքր գինովցած մրցելը:
Ինքնաբերաբար այցի առաջին օրը ենթադրում էր պարտադիր ու ցուցադրական ծրագրերի լիարժեք ապահովում:
Մինչ մեր այցը Շալվան արդեն ճշտել էր, թե որ կլինիկայում էր հետազոտվել Նառան:
Դա մի բարձրակարգ Սպա հյուրանոց էր՝ իր պրիվատ կլինիկայով: Հյուրանոցը գտնվում էր Բաթումիից քիչ հեռու մերձակա անտառաշատ սարի վրա, որտեղից բացվում էր հրաշալի տեսարան դեպի Սև ծով:
Առավոտյան վաղ ուղևորվեցինք Բաթումի՝ Նառայի պլաստիկ վիրահատության հետքերով: Բաթումիից դուրս գալիս մեքենան կտրուկ թեքվեց ծովի եզրին՝ Սև ծովի ալիքները փրփրալով հարվածում էին ժայռերին, կարծես իմանալով, որ մենք գալիս էինք ճշմարտության հետևից: Շալվան վարում էր մեքենան անտառի ճանապարհներով:
Առավոտյան մառախուղը ցրվել էր, երբ հասանք Ռեզորտին՝ հինգ աստղանի այդ հսկան, որ կառուցված էր սարի գագաթին, որտեղ անտառը հանդիպում էր ծովին, և տեսարանը ընդգրկում էր Թուրքիայից մինչև Կովկասյան լեռներ:
Շալվան արդեն կապ էր հաստատել կլինիկայի ղեկավարության հետ և նրանք սպասում էին մեզ: Կլինիկայի ղեկավարը՝ մի գեղեցկատես վրացուհի, անունը Թամարա, ընդունեց մեզ ապակեպատ գրասենյակում, որտեղից երևում էր Սև ծովն իր ողջ հմայքով։
– Մենք հիվանդների գաղտնիքները չենք բացահայտում,- սկսեց նա անգլերենով, ձեռքերը խաչած սեղանին։
– Մենք գաղտնիք չենք խնդրում,- ասացի ես հանգիստ, սեղանին դնելով Նառայի լուսանկարը, հայկական կլինիկայի կեղծ թղթերի պատճենները ու ապահովագրական ընկերության պաշտոնական նամակը։ – Միայն հաստատեք՝ արդյո՞ք այս կինը եղել է այստեղ։
Թամարան երկար նայեց լուսանկարին։ Ապա Շալվային։ Ապա ինձ։
Ելավ, բացեց գրապահարանը, մի քանի վայրկյան լուռ որոնեց ու վերադարձավ՝ ձեռքին բժշկական թղթապանակ։
-Nara… – կարդաց նա անվան սկիզբը, հետո կանգ առավ։ Անցած տարի օգոստոսի 14-ին է եկել։ Քթի կոտրված նախկին վնասվածքի պատճառով։ Մեր կողմից իրականացվել է պլանային քթի պլաստիկ վիրահատություն, որն ամիսներ առաջ էր ամրագրված. մենակ չէր եկել։ Նրա հետ եղել է մի հայազգի երիտասարդ տղամարդ՝ Ռուբեն։ Նա էր կատարում վճարումները Նառայի անունից։ Նրանք վիրահատության համար վճարել են ընդամենը 5000 դոլար:
Սենյակում լռությունը լսելի էր: Սուտը բացահայտվել էր:
Թամարան կարծես կռահեց իմ մտքերը։
-Ձեր պատվիրատուները կստանան ամբողջ փաթեթը, ասաց նա, այցելության ամսաթվեր, վճարումներ, վիրաբույժի արձանագրություն։ Նաև տեղեկանք, որ վիրահատությունը կոսմետիկ էր ու պլանային:
Ես թղթերը վերցրի, բայց տեղից չշարժվեցի։ Հենց այդ պահին Թամարայի գրասեղանի անկյունում աչքս ընկավ մի բանի վրա, Նառայի հիվանդության պատմության թղթապանակի վրա դեղին թուղթ անգլերեն նշումով: Դա Նառայի հաջորդ վիարահատության ամրագրման մասին հիշեցումն էր:
Վեց ամիս անց։
-Նա ծրագրում է վերադառնալ, ու կատարել նոր վիրահատություններ:
Թամարան ոչինչ չասաց։ Պարզապես դանդաղ փակեց դարակը։ Մենք շնորհակալություն հայտնելով հեռացանք:
Ամեն ինչ տեղն էր ընկել հիմա։ Մենք հետաքննությունը սկսել էինք հենց այն ժամանակ, երբ Նառան արդեն վերադարձել էր իր երկիր և դիմել ապահովագրական հատուցման համար։ Անցել էր բավականին ժամանակ: Մենք միայն կլինիկայի տեսախցիկներից մեկի արխիվից կարողացանք տեսնել Ռուբենի ժպտացող դեմքը։ Երիտասարդ, գեղեցիկ, բայց աչքերում մի տեսակ սուր, խարդախային փայլ։
Հետճանապարհին մի կես ժամ լուռ էինք։ Բաթումի ճանապարհն ու ծովի ալիքները կինոյի կադրերի պես անցնում էին պատուհանի միջով։ Լռությունը կոտրեցի ես։
– Գիտես ինչն է ամենածանրը, եղբայր, ասացի ես, հայացքս ծովին հառած, որ մեր հայը, մեր արյունը, կեղծիքով է ապրում։ Ամենից շատ ցավում եմ, որ Հայաստանի անունը դարձրել է իր կեղծիքների քողարկման ծածկույթ:
-Բայց դու ճշմարտությունն ասացիր։ Դրա համար եք դուք այստեղ։
Բաթումիի ճանապարհին Ռուբենի լուսանկարն ուղարկեցի W.A.D.-ի ընկերներիս։ Մեքենան դեռ իջնում էր կտրուկ ոլորաններով, երբ հեռախոսս թրթռաց։
Ինը րոպե էր անցել:
«Սա Ռուբեն Մ.-ն է։ Հայտնի ապահովագրական խարդախ: Երեք երկիր, հինգ գործ, չորս ընկերություն։ Վաղուց էինք փնտրում նրան»։
Հեռախոսը դրեցի գրպանս ու պատուհանից դուրս նայեցի։ Ահա, ուրեմն, ո՞վ էր կանգնած Նառայի ետևում։ Կեղծ կնիքները, ոչ ստանդարտ թղթերը, բանկային այդ կասկածելի տվյալները՝ ամեն ինչ Ռուբենի ձեռագիրն էր։ Նառան դերը խաղում էր, իսկ Ռուբենը սցենարիստն էր ու ռեժիսորը:
Շալվային ասացի այդ տեղեկությունը ու նա ժպտաց լուռ:
Ամբողջ փաթեթը ուղարկեցինք պատվիրատուին՝ տեսախցիկների կադրերը, կեղծ MRI-ները, Թամարայի հաստատումը, ամրագրումների ամսաթվերը, ամեն ինչ։ Ապահովագրականը ստացավ ու գործարկեց մեխանիզմը։
«Ծովի քամի» ռեստորանում Շալվան անկյունային սեղան ընտրեց՝ ջրի ձայնի կողքին։ Ոչ մի բացատրություն։ Ու ես հասկացա՝ ծովի ձայնն էինք ուզում ավելի, քան մարդկանց աղմուկը։ Կախեթական կարմիր գինին եկավ։ Ծանր, տաք, ազնիվ։
Շալվան բաժակը բարձրացրեց ու խմեց եղբայրության կենացը:
Հետո սկսվեց. ծիծաղեցինք, հիշողություններ պատմեցինք։ Հայ-վրացական սեղան էր՝ որտեղ ամեն անեկդոտ կամ ճշմարտություն է, կամ ավելի լավ հորինված սուտ։ Կախեթական գինին թեժացրել էր հայ-վրացական բարեկամության «փոխհրաձգությունը»։ Վերջին բաժակը բարձրացրինք Հայրենիքի ու ճշմարիտ մարդկանց համար։ Այն մարդկանց համար, ովքեր իրենց երկրների ու ազգի անունը երբեք չեն ստորադասում իրենց անձնական բարեկեցությանը:
Գիշերը հյուրանոցի պատշգամբից նայում էի ծովին, որն ալեկոծված էր:
Գիշերային ծովի հորիզոնում աչքիս առաջ եկավ Ռուբենի այն ինքնավստահ ժպիտը տեսախցիկի կադրում։ Մարդ, որ կարծում էր ամեն ինչ հաշվարկել է։
Քթիս տակ շշնջացի՝ «ժպտում է նա, ով վերջում է ժպտում, ախպերս»։
Հայկական վնասվածք քեյսը փակված էր:
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.05.2026


















































