Պարարվեստի ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության համար և ապրիլի 29-ի՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով, պատվոգրով և շնորհակալագրով: Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար. «Պարը մեր մշակույթի անբաժանելի մասն է, որը նաև ձևավորում է մեր ինքնությունը:
Եվ հենց ձեր գործունեության շնորհիվ մենք կարողանում ենք պարը զարգացնել և տարածել մեր երեխաների շրջանում: Այս տարի Պարի միջազգային օրը մեր հանրապետությունում շատ տեսանելի էր և վերածվել էր իրական տոնի, և դա առաջին հերթին շնորհիվ այն մեծ աշխատանքի, որ անում եք ամեն օր: Այն միավորել էր ոչ միայն տեղացիներին, այլև գրավել էր զբոսաշրջիկների հետաքրքրությունը, և, կարծում եմ, որպես ձևաչափ՝ ապագայում կարող է դառնալ գեղեցիկ ավանդույթ»: Ժաննա Անդրեասյանը հիշատակել է պարի երախտավորների, մասնավորապես՝ Նորայր Մեհրաբյանի, Վիլեն Գալստյանի, Գագիկ Կարապետյանի, Ալբերտ Կիզիրյանի հոբելյանները՝ որպես կարևոր առիթ մեկ անգամ ևս ընդգծելու նրանց վաստակն ու գործունեությունը պարարվեստի զարգացման գործում: Նա նաև տեղեկացրել է, որ պարարվեստի հանրահռչակման ուղղությամբ պետությունը նախատեսում է նոր գործուն քայլեր իրականացնել:
Կարդացեք նաև
Նախարարն առանձնակի շնորհակալություն է հայտնել նաև Ժողովրդական երգի ու պարի ազգային կենտրոնին՝ առանցքային դերակատարման համար:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



















































