Արժանին պետք է մատուցել մեր քաղաքական ուժերին, որոնք «անմոռանալի» եւ «անզուգական» այս ընտրարշավին իրենց բառապաշարով, իրենց ոչ կոնվենցիոնալ խոսույթով ու պահվածքով ամեն ինչ անում են, որ մենք մեզ զգանք ոչ թե Հայաստանում, այլ վիրտուալ «համբալստանում»: Ու գիտակցում են դա նրանք, թե ոչ` նրանց խոսույթն ընտրողի մոտ այնպիսի սրտխառնուք է առաջացնում, որ ընտրազանգվածի զգալի մասը կարող է առհասարակ հունիսի յոթին քվեատուփին չմոտենալ:
Շարունակեք նույն ոգով վերջին բառերով միմյանց նախշել, ի ցույց դնել ձեր ներսի «մաքրությունը»` այդպիսով դրդելով նորմալ, դաստիարակված մարդկանց մտածելու.«Սրա՞նք են իմ երկրի քաղաքական գործիչները, սրա՞նք են երկրի ղեկին հավակնում, այս աստիճանի աղքա՞տ է մեր ազգը, որ սրանց ունի, ավելի լավ է` սրանց չունենալ»: Ու այսպես մտածելուց հետո ինչո՞ւ պիտի նորմալ մարդն այն աստիճանի իջնի, որ գնա սրանց նմաններին ընտրի:
Ընտրական «համբալաբանական» խոսվածքը, վերջին լրտեսամանիան, «մասկի-շոուներն» ու «բռնեմ-նստեցնեմները» սպանում են ընտրողին , սպառնալով հունիսի յոթը վերածել չընտրության:
…Հիմնական ֆավորիտ ուժերի` միմյանց ուղղվող մեղմ ասած կոշտ բնորոշումները ընտրողներիս վերածում են կոպիտ բառապաշարի եւ տգեղ պահվածքի հանդիսատեսի եւ ընդօրինակողի, այդ դեպքում ինչո՞ւ պիտի մենք մեզ իրավունք չվերապահենք այս ընտրական ժամանակի այլանդակ դիմանկարը պատմությանն ի պահ հանձնելու` որպես դաս, թե ինչպիսին չպիտի լինի ընտրարշավը:
Կարդացեք նաև
Ակամա հարցնենք խորհրդարան անցնելու հավակնորդ հիմնական երեք -չորս ուժի ներկայացուցիչներին` ի՞նչ բնորոշում չեք տվել իրար այս ընթացքում, ի՞նչ սպառնալիք չեք հնչեցրել միմյանց հասցեին, կամ ո՞ր աստիճանի չեք մերկացրել ձեր դեմքերը, որ ընտրողը չհիասթափվի: Ու ով էլ դառնա իշխանություն` փրկություն չկա, նույն վրեժխնդրությամբ շարունակելու եք, դուք բոլորդ թքած ունեք երկրի վրա էլ, նրա մարդկանց վրա էլ, ձերն աթոռ ձեռք բերելը կամ պահպանելն է, «նվազագույն զամբյուղին հավասարված» եւ ամսվա առաջին տասնօրյակում ավարտվող կենսաթոշակը վկա, միմյանց համբալ, ստահակ, դավաճան, լաչառ, փախած անվանելու էնտուզիազմը վկա:
Այնքան եք խոսքի ռուբիկոնն անցել, որ նույնիսկ Ծառուկյանը իր «համապատասխան» հայերենով` «դեղորյաքով» ու «շաբաթօյրակով» ավելի էթիկայի մեջ է, քան ձեր առաջընթացիկներն` իրենց կզըցնելու, սատկացնելու, եռագլուխ մաֆիայի, համապատասխան տեղը մտցնելու, կամ թրքահաճո, պետականաքանդ, ազգակործան պատուհաս, լաչառ, դավաճան փոխորակումներով:
Փոխանցենք ձեր գոհարներից ապագային.
«Փախած լակոտներ, ստահակներ, պատերազմի եռագլուխ կուսակցություն, եռագլուխ մաֆիա, նստելու եք, կզացնելու եմ, սատկացնելու եմ: Սամվել Կարապետյանը որպես փող գողացող պիտի բանտ նստի, Ռոբերտ Քոչարյանը պիտի բանտ նստի` կոմեդիա լա ֆինիտա:Ռոբերտին, կալուգացուն եւ Գագոյին երկու բոթասի մակարդակին պիտի հասցնեմ…»/Ն. Փաշինյան/
«Իշխանությունը զավթած խեղկատակ»/Ա. Աշոտյան/, «պետական դավաճան» /Ա. Թեւանյան/, «Չգիտեմ էլ ինչ նենգ միտք կարող է ծագած լինել Նիկոլ Փաշինյանի ուղեղում»/Ն. Կարապետյան/
«Համբալ, դավադիր, կործանարար, աղետաբեր ռեժիմ, Եվրոպայի ունիտազներն ավելի մաքուր են, քան այն, ինչ դուրս է գալիս այս իշխանությունների բերանից: Հիստերիկ, լաչառ, կարծիքը տասը անգամ շաբաթը փոխող, կազինոյի կլիենտ, ստախոս պացիենտի նկատմամբ կարեկցանքով պիտի վերաբերվել:Ով ընտրում է Նիկոլին, ընտրում է Ալիեւին»/Ռ. Քոչարյան/:
Եվ այլն:
Ինչպես ասում են` մշտապես հայհոյախոս Վարդան Ղուկասյանը հանգստանում է սրանց համեմատ, որքան էլ զարմանալի, ու անգամ նրա ստեղծած ԴՕԿ-ն է առաջարկում օրենքի դիկտատուրա ու չի մասնակցում համատարած ցեխշպրտոցիին: Միգուցե ճիշտ է անում, ինչպես եւ`«Բոլորին դեմ եմ»-ը, որը խոսելու փոխարեն առարկայորեն ցույց է տալիս, թե ինչպես են մուկ տշում կամ ջուր ծեծում մյուսները:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում


















































