Յաակկո Հեյկիլյան (ծն. 1956) ֆինն լուսանկարիչ է, հայտնի իր փաստագրական ոճի դիմանկարներով եւ լուսանկարչության մեջ ազգագրական մոտեցմամբ:
–Ձեր լուսանկարչական գրքերից է «Հայկական չպատմված ճակատագրերը», որը փաստագրում է հայերին Հայաստանում, Լոս Անջելեսում եւ Վենետիկում: Ի՞նչ ճակատագրեր կամ պատմություններ բացահայտեցիք այդ աշխատանքում:
-Լոս Անջելեսում եւ Վենետիկում ես գրի առա ընտանեկան պատմություններ, որոնք այս կամ այն կերպ կապված էին Օսմանյան կայսրության կազմակերպած ցեղասպանության (1915-1917) հետ: Բոլոր պատմությունները շատ հուզիչ են: Ահա՛ Լոս Անջելեսից Վահե Բերբերյանի պատմությունը .
«Հայրս ծնվել է 1914 թվականին՝ հայկական կոտորածներից մեկ տարի առաջ: Եղել է ընդամենը մեկ տարեկան, երբ սկսվել են տեղահանությունները: Նրա ողջ ընտանիքը, ներառյալ հայրը, սպանվել է: Նրանց գյուղից շատ քչերն են փրկվել: Տեղահանությունների ժամանակ տատս վախեցել է, որ հայրս կմահանա սովից: Նա չէր ուզում, որ երեխան տառապի: Երեք անգամ գնացել է գետի մոտ, որ փոքրիկ Ռաֆֆիին ջուրը նետի: Բայց ամեն անգամ հետ է եկել՝ չկարողանալով դա անել: Նա ինձ ասում էր, որ գետն այնքա՜ն լի էր դիակներով, որ երեխային նույնիսկ չէր կարող ընդունել»:
Ահա՛ եւ Սիրուն Երեցյանի պատմածը՝ նույնպես Լոս Անջելեսից.
«Հայրս Աստծուն չէր հավատում: Մի անգամ նա ինձ տարավ եկեղեցու կողքին գտնվող հայկական շինությունը: Ներսում գանգերի կույտ կար: Նա ասաց, որ դրանք անապատում սպանված հայերի գանգերն են, որոնք հավաքել ու բերել էին եկեղեցի: Նա լուռ կանգնեց՝ մտածելով, որ գուցե իր եղբայրն այդ կույտում է: Այնտեղ կային մեծահասակների գանգեր եւ երեխաների փոքր գանգեր: Բոլորը ժպտում էին. ինձ թվում էր, որ հայկական գանգերը ժպտում են…»:
–Եվրոպական քաղաքներից Վենետիկն ամենաշատ հայկական հետքեր ունեցողն է: Բացի Սուրբ Ղազար կղզուց, ի՞նչ այլ հայկական վայրեր կամ թեմաներ եք լուսանկարել այնտեղ:
-Հայկական վարժարանը, որը գտնվում է Կամպո Սանտա Մարգարիտայի մոտ… Ես երբեք չեմ մոռանա Սուրբ Ղազար կղզուց Հայր Ուլուհոճյանի խոսքերը. «Երբ եվրոպացիները դեռ թափառում էին անտառներում, մենք արդեն պալատներում էինք»: Նրանից բացի՝ լուսանկարել եւ նկարահանել եմ նաեւ Կարո Դեմիրճյանի, Լիդոյում բնակվող Հակոբի եւ Արտո Քեուչեյանի պատմությունները: Կարոն մնացել է իմ հիշողության մեջ որպես մեղմ, ջերմ, մի փոքր մելամաղձոտ անձնավորություն: Նա պատմում էր. «Մեր ամբողջ ընտանիքը սպանվել է 1915-ին՝ հորիցս բացի: Նա երեք տարի մնացել է քուրդ ընտանիքում, հետո նրա զարմիկը նրան տարել է Հալեպ: Այնտեղից գնացել է Բեյրութ, 1920-ին հայտնվել Մարսելում, 1923-ին եկել է Սուրբ Ղազար, 1930-ին ամուսնացել է Լիոնում, 1950-ին ինձ ուղարկել է Սուրբ Ղազար…»:
–Որեւէ հետաքրքրական կամ հումորային դրվագ կպատմե՞ք ձեր հայաստանյան փորձառությունից:
-Ահա՛ մի փոքր պատմություն: Ես օրերս սկսում էի՝ գյուղում պարզապես շրջելով՝ մարդկանց հետ ծանոթանալու համար: Գյուղի անունը Նազրվան էր (այժմ՝ Ղազարավան): Վաղ առավոտ էր: Հանկարծ ձախ ուսիս զգացի մի մեղմ հպում, ինչպես արեւոտ առավոտի ողջույնը: Մի մարդ ինձ ասաց՝ ե՛կ այս կողմ: Մենք քայլեցինք նեղ արահետով՝ գոմաղբի կույտի կողքով, անցանք գլուխները խոնարհած խոճկորների մոտով: Նախ նա բարձրացրեց դռան առջեւ կախված լաթը, ապա բացեց կապտավուն դուռը:
Մենք մտանք մի խրճիթ՝ մի տեսակ սրբավայր, որի հատակի քարե սալերը ճաքած էին: Նստեցինք՝ խմելու թունդ հայկական սուրճ՝ առանց խոսքի, առանց ընդհանուր լեզվի: Հանկարծ լռության մեջ մարդը մոտեցավ պատի պահարանին, վերցրեց տան միակ գիրքը՝ Աստվածաշունչը, որի կազմն ու փխրուն էջերը մասամբ այրված էին: Նա ձեռքով շոյեց այրված էջերը:
«Օսմանյան, Օսմանյան կայսրություն»,- ասաց նա եւ Աստվածաշունչը դրեց գորգի վրա:
Սա ավելի շատ կարճ պատմվածք է, քան միջադեպ, բայց ինձ համար շատ տպավորիչ եւ հուզիչ հանդիպում էր:
–Անցած մարտի 8-ին ձեր գործերի ցուցահանդեսը բացվեց նաեւ Տորնիոյի «Աինե» արվեստի թանգարանում եւ գործելու է մինչեւ օգոստոս՝ ներկայացնելով նաեւ հայկական աշխատանքները: Կա՞ն արդյոք Հայաստանի հետ կապված ընթացիկ կամ ապագա նախագծեր:
-Այս պահին որոշակի ծրագրեր չունեմ Հայաստանի հետ կապված: Բայց Հայաստանը մշտապես իմ մտքում է: Կարո՞ղ եք ինձ առաջարկել Հայաստանի հետ կապված հետաքրքրական գաղափարներ: 2005 թվականի Վենետիկի բիենալեի ցուցադրության մեծ մասը պահվում է իմ պահեստում: Շատ կուզենայի այն նվիրաբերել Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանին…
Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում


















































