Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակի մեծ էկրանից ցուցադրվեց «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի տեսաուղերձը՝ գյումրեցիներին։
Նա Գյումրին բնութագրեց որպես մշակութային մայրաքաղաք, թասիբով քաղաք, հայրաքաղաք։ Ասաց, որ Գյումրին սոսկ բնակավայր չէ քարտեզի վրա, այլ հայկական արժանապատվության, տոկունության և անկոտրում կամքի մայրաքաղաքն է։
«Դուք այն մարդիկ եք, ովքեր տեսել են ամենադաժան արհավիրքները, բայց երբեք չեն կոտրվել, դուք վերապրել եք, և պահպանել եք ձեր հումորը, ձեր թասիբը, հայկական լավագույն ավանդույթները։
Ես այսօր խոսելու եմ մեր ապագայի մասին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նպատակը մեկն է՝ վերջ տալ դատարկ խոստումների ժամանակաշրջանին և անցնել գործի՝ կառուցելու ուժեղ Գյումրի և ուժեղ Հայաստան։
Կարդացեք նաև
Մենք պետք է վերջ տանք Հայաստանը 300 հազար ադրբեջանցիներով բնակեցնելու Փաշինյանի պլաններին, սրա նպատակն է Հայաստան առանց ինքնության և հայկականության։
Կարճ ասած՝ Հայաստան առանց հայերի, նա հատուկ է դատարկում Ալիևի մատնանշած տարածքները՝ նրանց բնակեցնելու համար։
Հատուկ փակում է դպրոցներ, պետական կառույցներ, չի կարող լինել ուժեղ Հայաստան առանց տնտեսապես զարգացած և ունիկալ Գյումրիի․ Գյումրին չպետք է ասոցացվի միայն անցյալի վերքերի հետ։ Մենք պետք է Գյումրին դարձնենք տեխնոլոգիական, արդյունաբերական և արհեստագործական խոշոր կենտրոն, մեր երիտասարդները չպետք է լքեն այս քաղաքը՝ աշխատանք գտնելու համար»,-ասաց Սամվել Կարապետյանը։
Նա նշեց, որ այս քաղաքի յուրօրինակ կոլորիտը, ճարտարապետությունն ու արվեստը Հայաստանի մեծագույն հարստությունն են։
«Ներդրումներ ենք բերելու, որպեսզի Գյումրին դառնա միջազգային տնտեսական հանգույց՝ տարեկան հարյուր հազարավոր հյուրերով»,- հայտարարեց Սամվել Կարապետյանը։
Նա նշեց, որ կան բազմաթիվ չլուծված սոցիալական խնդիրներ, Ժամանակն է փակել տնակների էջը և ապահովել ամբողջ Շիրակի մարզի բարեկեցիկ կյանքը։
Ըստ նրա, փորձում են համոզել, թե թույլ ենք, չենք կարող ոտքի կանգնել, սակայն միասնություն է պետք, համախմբում ու հստակ ծրագիր։ Սամվել Կարապետյանի խոսքով՝ կառուցելու են մի երկիր, որտեղ օրենքը հավասար է բոլորի համար, իսկ հայի արժանապատվությունը սրբություն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































