Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ եկեղեցին պատմության ընթացքում եղել է զորեղ, վտանգ է հանդիսացել հայոց պետականությանը»․ Վեհափառի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն է ասել Եպիսկոպոսներին

Հունիս 02,2026 18:55 Share

«Որևիցե առումով ես ճիշտ չեմ գտնում, որ եկեղեցականները առանձին մեղադրանքների պետք է անդրադարձ կատարեն, պետք է պատասխաններ հնչեցնեն և այլն։ Մեկ ատյան կա, դա եկեղեցական ատյան է, որտեղ եկեղեցականը բոլոր հարցերին կպատասխանի՝ լինեն դրանք արդար, թե զրպարտչական։ Եվ այդ ատյանը կորոշի իր մոտեցումը տվյալ անձի վերաբերյալ և նրան վերագրվող զանցանքների առնչությամբ։ Այնպես որ, եթե այդպիսի մեղադրանք է հնչեցնում Հայոց Կաթողիկոսին, ուրեմն պետք է հարգի եկեղեցու կարգուկանոնը և այդ կարգուկանոնի համաձայն գործի»,- այսօր, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի կողմից հնչող մեղադրանքներին, թե Վեհափառը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Հարցին՝ ո՞ր պահից խզում առաջացավ եկեղեցու, Վեհափառի և գործող իշխանության միջև, քանի որ 2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս է այցելել Վեհափառին, ո՞րն էր խզման պատճառը, Վեհափառը պատասխանեց․ «Ինչպես գիտեք, տակավին 2018 թվականին, երբ իշխանության եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ գլխավորությամբ տիար Նիկոլ Փաշինյանի, այդ շարժման ընթացքին արդեն ձևավորվեց հակաեկեղեցական շարժում՝ Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Զավթեցին դիվանատան շենքը, զանազան գործողություններ իրականացրեցին, բայց հետո դադարեց այդ շարժումը և ձևավորվեցին գործնական հարաբերություններ իշխանության հետ։

Կդժվարանամ ասել, թե ինչո՞ւ և ե՞րբ հարաբերությունները լարվեցին եկեղեցու և իշխանության միջև։ Իշխանությունն ունի հստակ մի համոզում, որը արտահայտվել է Եպիսկոպոսների հետ վարչապետի հանդիպման ընթացքում՝ վարչապետի կողմից։ Այդ արտահայտությունը հետևյալ է. «Երբ եկեղեցին պատմության ընթացքում եղել է զորեղ, վտանգ է հանդիսացել հայոց պետականությանը»։ Սակայն շարունակվել է մեր աշխատանքը, մեր գործունեությունը, և հանկարծ ինչ-որ պահի գործողություններ են սկսվել Եկեղեցու դեմ կիրառվել։

Ինչպես գիտեք, տարիներ առաջ դուրս դրվեց կրթական ծրագրից Հայ եկեղեցու պատմության առարկայի ուսուցումը։ Ամիսներ առաջ դադարեցվեց բանակում հոգևոր առաջնորդության գործունեությունը։ Խոչընդոտվեց եկեղեցու սպասավորների ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում։ Արգելվեց հեռարձակումը «Շողակաթ» հեռուստատեսության։ Այս բոլոր դժվարությունները, չգիտեմ, եթե նաև ինչ-որ չափով պայմանավորված են մեր կողմից դրսևորված այն մոտեցման հետ, որ մենք Արցախից տեղահանված մեր զավակների իրավունքների պաշտպանության հարցն ենք բարձրաձայնում տարբեր մակարդակների վրա, ինչպես նաև գերեվարված մեր զավակների և մեր հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման հարցերի առնչությամբ»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930