Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում»․ Վեհափառ

Հունիս 02,2026 19:11 Share

«Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում, քաղաքականությամբ զբաղվում են կուսակցությունները։ Ես որևէ կերպ որևէ կառույցի և իշխանության թույլ չեմ տա, որ միջամտի եկեղեցու ներքին կյանքին և փորձի եկեղեցին ենթարկեցնել իր կամքին։ Այնպես որ, մեր և մեր եկեղեցականաց կեցվածքն ու դիրքորոշումը շատ ամուր է և հստակ»,- այսօր, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ պատասխանելով գործող իշխանության մեղադրանքներին, թե ՀԱԵ սպասավորները քաղաքականությամբ են զբաղվում։

«Կուսակցությունների բոլոր անդամները Հայոց եկեղեցու զավակներն են։ Կրկնում եմ, որ Եկեղեցին ներգրավված չէ քաղաքականության մեջ, սակայն մեր պետության և մեր ժողովրդի մտահոգող հարցերի ու խնդիրների առնչությամբ, որոնք հասարակական հնչեղություն են ստանում և կարող են մեր ժողովրդին կանգնեցնել վտանգի առջև, Եկեղեցին առաջնային պարտավորություն ունի ասելու իր խոսքը և արտահայտելու իր դիրքորոշումը՝ ի պաշտպանություն մեր ժողովրդի և հայրենիքի շահերի»,- հավելեց Կաթողիկոսը։

Նա նաև մանրամասնեց՝ միջազգային հանրությունը Եկեղեցու շուրջ ընթացող գործընթացները համարել է երկրի ներքին խնդիր և որևէ կերպ չի արձագանքել, չնայած նրան, որ համապատասխան նամակներ էին ուղարկվել տարբեր կառույցների․ «Միևնույն ժամանակ եկեղեցական կառույցները, այդ թվում՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Եվրոպական եկեղեցիների համաժողովը, պատշաճ կերպով արձագանքեցին և իրենց աջակցությունը հայտնեցին մեր եկեղեցուն»։

«Մեր եկեղեցին միասնական է»,- պնդեց Վեհափառը՝ բարձր գնահատելով Հայ առաքելական եկեղեցու բոլոր հոգևորականների դիրքորոշումը։ Նաև շնորհակալություն հայտնեց՝ այդ թվում՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին, Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանին և Կոստանդնուպոլսի պատրիարքության առաջնորդ արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանին։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930