«Մի նոր երևույթ էլ տեսա, որ չէր եղել ոչ մի ընտրության ժամանակ՝ ընտրողների մի շերտ կար, որը բավականաչափ տոկոս էր կազմում, որոնց կեսն ակտիվ են և մասնակցելու են ընտրություններին, բայց չեն ասում, թե ում օգտին են քվեարկելու։ Մեր տարածքային կառույցներում ասում էին, որ դա ունի երկու պատճառ։ Մեկն այն է, որ ամաչում են ասել, թե քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին։ Մյուս դեպքում էլ ասում էին՝ սպասեք անակնկալի։
Այսինքն՝ երկրորդ խմբի մարդիկ էլ վախենում են ասել, որ ընդդիմությանն են ընտրելու, բայց ընտրելու են ընդդիմությանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը՝ խոսելով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների մասին։
ՀԱԿ փոխնախագահը թեև իր թիմի հետ ամիսներ շարունակ շրջել է Հայաստանի բնակավայրերով, զրուցել է շատերի հետ, չի կարողացել հստակ ասել՝ ընտրողների մեծամասնությունն իր ձայնը իշխանությունների՞ն, թե՞ ընդդիմադիր ուժերին կտա։ Բայց մտահոգություն ունի, որ կարող են հետընտրական բախումներ լինել։ Կարծում է, որ եթե հաղթող կողմը ձայների ճնշող մեծամասնությունը չստանա, այլ քիչ քվեներով առավելություն ունենա, դա կարող է բախումների տանել։
«Այդ դեպքում դրսի ուժերը կսկսեն ավելի ակտիվ աշխատել։ Սա ազգային անվտանգության խնդիր»,- ասում է Արամ Մանուկյանը։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ընտրություններից հետո Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությանը, ապա գտնում է, որ մինչև այդ երկիրը մեր ռազմագերիներին չազատի, խաղաղության մասին խոսելու «իրավունք չկա»։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































