Aravot.am-ը ԱԺ-ի դիմաց գտնվող եւ հատվող այգու վերաբերյալ, որի մասին ահազանգել էին Բաղրամյան փողոցի 18/2 հասցեի բնակիչները, մեկնաբանություն խնդրեց Երեւանի քաղաքապետարանից: Փորձեցինք պարզել, թե այնտեղ կառուցապատում իրականացնելը որքանով է օրինական:
Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության ղեկավար Ալիկ Վարդազարյանը Aravot.am-ին հետեւյալը փոխանցեց. «Եթե խոսքը վերաբերում է 18/2 հասցեին, դա մասնավոր սեփականության հասարակական նշանակության տարածք է, որը պատկանում է մասնավոր ընկերության, իրենք դիմել են հասարակական նշանակության շինության կառուցման համար: Մի քանի անգամ տարբեր լուծումներով քննարկումներ են եղել Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետական խորհրդում, ու հնարավոր է դարձել այնտեղ մի քանի հարկանի հասարակական շինության ծրագիր իրականացնելը: Այսինքն, այդ այգի կոչվածը իրականում մասնավոր սեփականության հողատարածք է, որը դեռեւս չկառուցապատված է, բայց ներկա պահին կա երկհարկանի հասարակական նշանակության շինության կառուցման շինթույլտվություն, որը շատ մեծ ուշադրության ներքո քննարկվել է ճարտարապետների խորհրդում»:
Ալիկ Վարդազարյանը նորից շեշտեց, որ ցածր հարկայնության հասարակական շենքի կառուցման մասին է խոսքը՝ մասնավոր սեփականության հողատարածքի վրա. «Ուղղակի, որ ենթադրաբար հողատարածքը երկար ժամանակ չի տնօրինվել, կառուցապատված չի եղել, դրա համար բնակիչները ահազանգել են: Խոսքը մասնավոր սեփականության տարածքում գտնվող այգու մասին է, որի հետ կապված Երեւանի քաղաքապետարանը որեւէ լիազորություն չի կարող ունենալ»:
Քաղաքապետարանի պաշտոնյան ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ դատական գործընթացների մասին է խոսքը, ինչի մասին վկայակոչել էին Բաղրամյան փողոցի 18/2 հասցեի բնակիչները: Նաեւ հավելեց. «Ինքս չունեմ նման տեղեկատվություն, գուցե իրավաբանական վարչությունն ունենա, եթե ունենա, ուրեմն պետք է դատական վճիռ լինի: Իրականում, նախքան շինարարության թույլտվության տրամադրումը, սա միջինից բարձր ռիսկայնության օբյեկտ է հանդիսացել, եւ աշխատանքային նախագծերը նաեւ լիցենզավորված կազմակերպության կողմից տրված փորձաքննության են ենթարկվել թե՛ հակահրդեհային նորմերի վերաբերյալ, թե՛ տեսչական մարմնի հետ է համաձայնեցվել այդ նախագիծը, նաեւ մեր վերստուգման արդյունքում որեւէ նորմատիվ հարցի խնդիր չենք ունեցել: Իսկ թե հարեւան շենքի բնակիչները ինչ դատական գործընթացների մեջ են եւ որն է պատճառը, չեմ կարող ասել»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































