transparency.am. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում վերջերս ընդունված փոփոխությունները նպատակ ունեն բարելավել իրավահստակությունը և տեղեկատվական անվտանգությունը, սակայն մտահոգություններ են առաջացնում կարգավորման շրջանակի, համաչափության և լրատվամիջոցների ազատության վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։Նախագծի հեղինակը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։ Ըստ ներկայացված հիմնավորման՝ իրավական հստակությունից զատ օրենսդրական փոփոխությունները հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվությունը նվազեցնելու և ՀՀ տեղեկատվական ինքնիշխանությունն ապահովելու նպատակ ունեն։ Մասնավորապես, արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածումը: Թեև այս բարեփոխումը դրական նշանակություն ունի իրավական հստակության բարելավման և տեղեկատվական միջավայրի պաշտպանության առումով, միաժամանակ այն մտահոգություններ է առաջացրել պետական վերահսկողության ընդլայնման և խոսքի ազատության համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ։
Փոփոխությունների հիմնական բովանդակությունը և հնարավոր ռիսկերը
Օրենսդրական փոփոխությունները, որոնք Ազգային ժողովի կողմից ընդունվել են 2026 թվականի ապրիլի 16-ին, կենտրոնանում են երեք հիմնական ուղղությունների վրա.
1. Արգելված բովանդակության վերաբերյալ ավելի մանրամասն կանոնների ներդրում։ Նոր կարգավորումներն ավելի հստակ կանոններ են սահմանել տեսալսողական հաղորդումներում արգելված բովանդակության տեսակների վերաբերյալ: Այսպես՝ արգելված են սահմանադրական կարգը բռնի տապալելու կամ պատերազմի կոչ անող, բռնության և դաժանության քարոզ պարունակող, ատելություն բորբոքող կամ խտրականություն սերմանող տեղեկատվությունը, ինչպես նաև պոռնոգրաֆիկ նյութերի, քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչերի տարածումը, քրեական ենթամշակույթի քարոզը:
Կարդացեք նաև
2. Օտարերկրյա ծրագրերի կարգավորում՝ ներքին քաղաքական գործընթացներում արտաքին ազդեցության ռիսկերը նվազեցնելու համար։ Նոր կանոնները վերաբերում են հանրային մուլտիպլեքսի և ցանցային օպերատորների միջոցով հեռարձակվող օտարերկրյա տեսալսողական ծրագրերի բովանդակությանը և արգելում են Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը: Հեռուստատեսության և ռադիոի հանձնաժողովը (ՀՌՀ)՝ որպես ոլորտի կարգավորող մարմին, կարող է վարչական վարույթներ հարուցել խախտումների կասկածի դեպքում, հեռարձակողներից պահանջել համապատասխան տեսալսողական ծրագրերի կամ հաղորդումների տեսագրությունները կամ ձայնագրությունները, իսկ խախտման հաստատման դեպքում՝ կասեցնել տվյալ ծրագրի հեռարձակումը: Բացի այդ, ըստ ընդունված փոփոխությունների՝ ցանցային օպերատորները տեսալսողական ծրագիրը կարող են վերահաղորդել միայն կարգավորող պետական մարմին թղթային կամ էլեկտրոնային ծանուցում ներկայացնելուց և համապատասխան հաստատումը ստանալուց հետո։
3. Կարգավորող մարմնի ընդլայնված լիազորություններ։ Փոփոխությունների արդյունքում ՀՌՀ-ն ավելի ընդլայնված գործիքակազմ է ստանում՝ հնարավորություն ունենալով խախտումների դեպքում կասեցնել կամ դադարեցնել ցանցային օպերատորների լիցենզիաները: Հանրային մուլտիպլեքսում գործող տեղական ալիքների նկատմամբ կիրառվող կարգավորող պահանջները այժմ կտարածվեն ցանցային օպերատորների վրա՝ ՀՌՀ-ին տալով նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու լիազորություն:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) և մեդիա փորձագետները, համաձայնելով օրենսդրական բացերը հասցեագրելու և արտաքին ազդեցությունների դեմ պայքարելու անհրաժեշտության հետ, որոշակի ռիսկեր են տեսնում նոր դրույթների լայն և ոչ միանշանակ մեկնաբանման հետ կապված: Հիմնական մտահոգություններից են՝
• Արգելված բովանդակության տեսակների լայն ձևակերպումը և հստակ սահմանումների ու չափանիշների բացակայությունը ոչ միանշանակ մեկնաբանության հիմք է ստեղծում։
• Որոշ հասկացություններ, օրինակ՝ բռնության քարոզչությունը կամ քրեական ենթամշակույթը, անորոշ են և դրանք մեկնաբանելու համար կարիք կա հղում կատարել այլ օրենքների:
• ՀՌՀ-ին տրված նոր լիազորությունները կարող են հայեցողական միջամտության ռիսկեր առաջացնել:
Փոփոխությունների հնարավոր ազդեցությունը քաղաքացիական հասարակության և հանրության համար
Օրենսդրական փոփոխությունները կարող են ուղղակի և անուղղակի հետևանքներ ունենալ ՔՀԿ-ների համար։ Մի կողմից, վնասակար բովանդակության վերաբերյալ ավելի հստակ կանոնները և նման բովանդակությունից պաշտպանության միջոցների բարելավումը կարող են աջակցել ՔՀԿ-ների ջանքերին՝ լրատվամիջոցների պատասխանատու և էթիկական գործելակերպը խթանելու և ապատեղեկատվությանը հակազդելու գործում։ Մյուս կողմից, կարգավորող մարմնի լիազորությունների և վերահսկողության ավելացումը, ինչպես նաև բովանդակության սահմանափակումները կարող են ազդեցություն ունենալ ՔՀԿ-ների կողմից քննադատական տեսակետներ տարածելու կամ տեսալսողական հարթակներում հանրային քննարկումներին ազատորեն մասնակցելու հնարավորության վրա։
Հետագա քայլերի կարևորությունը
Փոփոխությունների հիման վրա առաջիկա ամիսներին կառավարությունը համապատասխան ենթաօրենսդրական ակտեր պետք է ընդունի, ներառյալ՝ տեսալսողական հաղորդումների տարածման ընթացքում չարաշահման արգելքների չափորոշիչները։ Այս ենթաօրենսդրական ակտերի ներդրումը էական նշանակություն կունենա փոփոխությունների գործնական կիրառման համար։ Ներդրվող չափորոշիչների հստակությունը և համապատասխանությունը խոսքի ազատության միջազգային չափանիշներին կարևոր կլինեն հայեցողական կիրառման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ ՔՀԿ-ները կարող են իրենց ներդրումն ունենալ ոլորտի մոնիտորինգն իրականացնելու, խոսքի ազատության և լրատվամիջոցների բազմակարծության վրա հնարավոր ազդեցությունը գնահատելու, ինչպես նաև օրենքի հավասարակշռված և թափանցիկ՝ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կիրառումը ջատագովելու միջոցով։
Ամբողջական հոդվածը՝ «ՔՀԿ չափիչ» ծրագրի կայքում:


















































