Լրահոս
Օրվա լրահոսը

Հատված ՀՀԿ-ական պատգամավորի հետ լուրջ զրույց ծավալելու փորձից

Մարտ 22,2013 10:52

Երեկ փորձել են անսալ Սերժ Սարգսյանի հորդորին եւ լուրջ զրույց ծավալել Ազգային ժողովում Հանրապետական կուսակցության պատգամավորներից մեկի՝ Հրանտ Գրիգորյանի հետ:

 – Պարոն Գրիգորյան, օրինակ, ի՞նչ հարցեր կուզենայիք Ձեզ տային լրագրողները, որ չեն տալիս, եւ Դուք էլ արտահայտվելու հնարավորություն չեք ունենում։

– Լավ ե՞ք, դե լավ ըլնեք…

Սերժ Սարգսյանը կասկած է հայտնել, որ մենք ձեզ՝ գործարար պատգամավորներիդ, լուրջ հարցեր չենք կարողանում տալ, չենք կարողանում ձեր մտքի գոհարները լսել, դա փոխանցել հանրությանը։ Հիմա խնդրում եմ ինքներդ առաջարկեք՝ ի՞նչ լուրջ հարցի շուրջ կցանկանայիք զրուցել, արտահայտվել։

– (Մռայլված նայում է աչքերիս մեջ, արագ քայլում ԱԺ միջանցքով եւ անընդհատ ձեռքով հետ հրում): Ասեցի՝ լավ մնա…

– Պարոն  Գրիգորյան,  վատ հա՞րց եմ տալիս, ինչո՞ւ եք խուսափում պատասխանից, ասելիք չունե՞ք, բան չունե՞ք ասելու ժողովրդին։

Ձեռքով հետ է հրում ու հասկացնում՝ անջատիր ձայնագրիչը, բայց, արդյունքի չհասնելով, արագ մտնում է ԱԺ պետքարան։ Քիչ անց դուրս է գալիս…

Պարոն Գրիգորյան, մեզ՝ նոր սերնդի լրագրողներիս մեղադրում են, որ Ձեզ լուրջ հարցեր չենք տալիս, որ Դուք իրականում շատ խելացի եք, հիմա եթե Դուք չեք առաջարկում ինչոր լուրջ հարցի շուրջ խոսել,  ես  կփորձեմ ինքս  տալ հարցեր։

– Ամուսնացա՞ծ եք, քանի՞ երեխա ունեք… Դե, աստված տա ունենաք (դեմքի ջղաձիգ շարժումներով հասկացնում է՝ անջատիր ձայնագրիչը):

Մի տեսակ զայրացած եք, պարոն Գրիգորյան։

– Ինչի՞ պտի զայրանամ, հեչ էլ…

Երկիրը, որի պատգամավորն եք Դուք, հետընտրական զարգացումների  մեջ  է,  Ազատության հրապարակում ժողովուրդը շարունակում է վիճարկել ընտրությունների արդյունքները։ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն քանի օր է՝ պայքարի ծայրահեղ միջոց է ընտրել ու կարծես թե չի պատրաստվում հրաժարվել հացադուլից եւ պայքարից։ Դուք, որպես այս երկրի եւ իշխող մեծամասնության պատգամավոր, ինչպե՞ս եք պատկերացնում իրավիճակի հանգուցալուծումը։

– Անջատի, հավես չունեմ։

Դուք  պատգամավոր  եք, հանրային դեմք՝  խոսելը հավեսով չէ։

– Շատ ես խոսում, շատ-շատ։

Հարցիս կպատասխանե՞ք։

– (Լռում է ու աչքերը ոլորում վրաս), անլուրջ հարցեր եք տալիս։

Չե՞ք տիրապետում իրավիճակին։

– Դուք  տիրապետո՞ւմ  եք… անուշ լինի։

Պարոն Գրիգորյան, շատ դժվար հարց չէ, եթե կարծիք չունեք, ասեք, որ չունեք։

– Երբ որ հարկ լինի՝ կներկայացնենք։….Ի՞նչ եք ուզում լսեք, ես հանգիստ եմ ելքը պատկերացնում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031