Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Դուրգարյանին «կգնահատի» Մարիինյանում

Սեպտեմբեր 28,2013 13:59

Վերջին շրջանում ՀՀ վաստակավոր արտիստ, Ազգային օպերային  թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հաճախակի հյուրախաղերի շրջագայությունները տարբեր խոսակցությունների առիթ են դարձել։ Սկսած 2000-ականների սկզբից, դրանք իսկապես հաճախակի են։ 2001թ. հայ դիրիժորը Իտալիայում հանդես է եկել Հայդնի սիմֆոնիաների մեկնաբանմամբ, ապա Կալյարիի թատրոնում՝ Չայկովսկու «Օպրիչնիկ» օպերային ներկայացման բեմադրական աշխատանքներում արվեստագետը հանդիսացել է մեծանուն դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկու ասիստենտը։ Իսկ «Օպրիչնիկի» առաջնախաղային երկու ներկայացումները ղեկավարել են ե՛ւ Ռոժդեստվենսկին, ե՛ւ Դուրգարյանը։ Այնուհետեւ մեր դիրիժորը տարբեր օպերաներ ղեկավարելու նպատակով հրավիրվել է եվրոպական ճանաչված թատրոններ, այդ թվում՝ «Կոլիզեյ», «Լա Ֆենիչի», Տուրինի, Լիսաբոնի թատրոններ։

Դիրիժոր Դուրգարյանը 2010-ից ցանկալի հյուր է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, ինչը սկսվեց խորեոգրաֆ Վյաչեսլավ Խոմյակովի եւ Կարեն Դուրգարյանի համատեղ՝ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրական աշխատանքներով։

Ժամանակին Դուրգարյանը «Առավոտին» հայտնել էր, թե Մարիինյան թատրոնի 2013-14 թթ. խաղաշրջանում ինքն ունի հրավեր՝ վարելու Վերդիի «Բոհեմ», «Պարահանդես-դիմակահանդես» եւ Պուչինիի «Տոսկա» ներկայացումները։

Նախօրեին դիրիժորը մեզ ասաց, որ մեկնում է Սանկտ Պետերբուրգ՝ Վերդիի «Պարահանդես-դիմակահանդեսը» ղեկավարելու։ Կես կատակ-կես լուրջ հարցին, թե՝ Մարիինյանը հայ դիրիժորի համար կարծես դարձել է հարազատ տուն, Դուրգարյանը հակադարձեց. «Հարազատ տունս Երեւանի օպերային թատրոնն է»։

Ըստ մեր տեղեկությունների, Մարիինյան թատրոնի «Պարահանդես-դիմակահանդեսին» ներկա է գտնվելու նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այս առիթով վարչապետի  մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը մեզ փոխանցեց. «Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը վարչապետի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի աշխատանքներին, որի շրջանակներում նախատեսված է Մարիինյան թատրոնում Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերային ներկայացման դիտումը»։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30