Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ պետությունը միայնակ չի կարող աստղագիտություն զարգացնել»

Դեկտեմբեր 27,2013 12:38

Ըստ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանի, եկել է համատեղ աստղադիտարանների ու նախաձեռնությունների ժամանակը:
Հայկական աստղագիտական ընկերության նախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ գիտական համագործակցության ծրագրով երկու ամսով գործուղվել էր Գերմանիա՝ Պոտսդամի աստղաֆիզիկայի ինստիտուտ: Գիտնականը նշեց, որ այդ ընթացքում համատեղ գիտական աշխատանք է կատարել գերմանացի գործընկերների հետ: Նաեւ հավելեց, որ Եվրոպայում երկարատեւ գործուղումների ժամանակ այլ գիտական ծրագրեր էլ է իրականացնում:

Այս անգամ Արեգ Միքայելանը Եվրոպայում մինիգործուղումներ է ունեցել Քյոլնի աստղաֆիզիկայի ինստիտուտում, Էստոնիայի Տարտու քաղաքի աստղադիտարանում, Լեհաստանում՝ Վարշավա եւ Տորուն քաղաքներում: Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավարի ասելով, ինչ վերաբերում է լեհաստանյան գործուղմանը, այդ ժամանակ խոսքը գնում էր ավելի շատ Արեւելյան գործընկերության համատեքստում համագործակցությանը: «Եվրոպան՝ ի դեմս Լեհաստանի, հետաքրքրված է նախկին խորհրդային միությունների՝ Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա եւ անդրկովկասյան երեք պետությունների հետ համագործակցություն ստեղծելու առումով: Անկախ նրանից՝ Հայաստանը միացել է Մաքսային միությանը, սրանք ավելի շատ քաղաքական, տնտեսական հարցեր են, իսկ գիտության մեջ մենք ազատ ենք, բոլորի հետ էլ համագործակցում ենք եւ Եվրոպայի հետաքրքրությունը մեր հանդեպ չի կորում»,- ասում է Արեգ Միքայելյանը: Նրա ձեւակերպմամբ, Եվրոպական Միությունը գիտության մեջ գումարներ ներդնելու քաղաքականություն ունի, ինչը կարող է լինել ձեռնտու նաեւ Հայաստանի համար, որը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն է ընկալվում: Ինչպես արդեն նշվեց, մեր զրուցակիցը հանդիպումներ է ունեցել Պոտսդամի, Էստոնիայի աստղադիտարաններում, մասնակցել բազմաթիվ քննարկումների: «Նորից Եվրոպայում լինելով համոզվեցի, որ մենք մի քիչ հետ ենք մնում միջազգային ծրագրերին մասնակցելու առումով: Դրա համար մի փոքր ներդրում է պետք նաեւ մեր պետության կողմից: Ընդհանրապես աստղագիտությունն առաջ է շարժվում խոշոր քայլերով, մեծ համագործակցությունների, նախագծերի ձեւով, որին մասնակցում են խոշոր աստղադիտարաններ եւ գիտական կառույցներ: Այնպես որ, առանձին վերցրած մեկ պետությունը չի կարող աստղագիտությունը զարգացնել այն մակարդակով, ինչն այսօր ցանկալի է, որովհետեւ աստղագիտական հանրությունը դա անում է խոշոր նախագծերի, տիեզերական առաքելությունների ձեւով, աստղադիտակներ տեղադրելով ցամաքային երկրի վրա, որոնք պահանջում են մինչեւ անգամ միլիարդավոր եվրոյի ծախսեր, մի բան, որ մեկ երկիրը միայնակ ունակ չէ անել: Նույնիսկ Գերմանիայի նման հզոր երկիրը, որն աշխարհում իր տնտեսությամբ չորրորդն է համարվում, միայնակ չի գործում: Այսօր սերտ համագործակցություն կա եվրոպական պետությունների միջեւ եւ կա անգամ համատեղ աստղադիտարան, որն իր դիտակները տեղադրել է Չիլիում, որտեղ լավ աստղակլիմա է հայտնաբերվել: Բոլոր ներդրումներն այնտեղ են արվում, համաձայնագիր կա Չիլիի կառավարության հետ, հատուկ հողատարածքներ են հատկացված եւ այդ աստղադիտարանը 14 պետություն է միավորել: Այսօր դարը մի քիչ փոխվել է: Եթե Համբարձումյանի ժամանակ միայն իր հանճարը բավարար էր, որ Բյուրականի աստղադիտարանի անունը հնչեր, հիմա այդպես չէ: Հիմա հիմնականում ֆինանսներն են թելադրում խոշոր նախաձեռնությունները:

Այլեւս մեկ մարդու ներդրումը փոքր է, ուղղակի այսօր պետությունը պետք է մի քիչ ուշադրություն դարձնի, նպաստի, որ մենք կարողանանք համագործակցել եւ մասնակցել մեծ նախագծերին»,- համոզված է Արեգ Միքայելյանը:

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031