Տեղեկանք ՀՀ Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի հանրային մանակցության բաղադրիչի վերաբերյալ
Սույն փաստաթուղթն ամփոփ ներկայացնում է ՀՀ Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում որոշումների ընդունման գործընթացում հանրային մասնակցության ապահովմանն առնչվող խոստումները։
Ուսումնասիրության հիմքում ընկած են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում օրենքով սահմանված կարգով հրապարակված նախընտրական ծրագրերը։
2026 մայիսի 22-ի դրությամբ պարզվել է, որ 19 քաղաքական ուժերից միայն 10-ն ունեն նախընտրական ծրագիր։ Դրանցից 7-ն են անդրադարձել հանրային մասնակցությանն առնչվող հարցերին։
Կարդացեք նաև
Հանրային մասնակցության և քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ մոտեցումները քաղաքական ուժերի մոտ տարբեր են: Թեև որոշ ծրագրերում շեշտվում է թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը, քաղաքացիական հասարակության անմիջական մասնակցության, հանրային վերահսկողության կամ որոշումների կայացման գործընթացներում հասարակական կազմակերպությունների դերակատարության վերաբերյալ հստակ մեխանիզմները հիմնականում բացակայում են։ Որոշ քաղաքական ուժերի ծրագրերում առկա են մոտեցումներ, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական հասարակության ազդեցության նվազեցման կամ պետական որոշումների նկատմամբ հանրային վերահսկողության սահմանափակման։
Իրենց ծրագրերում քաղաքացիական հասարակության մասնակցությանն առնչվող դրույթներ ներառել են հետևյալ 7 քաղաքական ուժերը.
● «Ուժեղ Հայաստան» դաշինք, N 3
● «Միասնության թևեր» կուսակցություն, N 6
● «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, N 7
● «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, N 10
● «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն, N 14
● «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցություն N 15
● «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, N 16
«Ուժեղ Հայաստան» դաշինք (N 3)
Ծրագիրը (էջեր 50, 56) պարունակում է թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման հանձնառություններ։ Սակայն հանրային մասնակցության բաղադրիչը ծրագրում արտահայտված է հիմնականում անուղղակիորեն՝ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների միջոցով, առանց ներկայացնելու քաղաքացիների կամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների որոշումների կայացման գործընթացներում ներգրավման կոնկրետ ինստիտուցիոնալ մեխանիզմներ։
«Միասնության թևեր» կուսակցություն (N 6)
Ծրագրում (էջեր 8, 45) նախատեսվում է պետական կառավարման ոլորտում ապահովել հանրային լայն մասնակցություն, իսկ հանքարդյունաբերության ոլորտում՝ ներդնել խիստ բնապահպանական ստանդարտներ և հանրային վերահսկողություն։ Ծրագրով նաև առաջարկվում է ապահովել բաց կառավարում՝ սփյուռքի մասնակցությամբ, և ստեղծել ինստիտուցիոնալ հարթակներ, որոնց միջոցով սփյուռքի կառույցներն ու անհատները կմասնակցեն ռազմավարական ծրագրերի քննարկմանն ու իրականացմանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (N 7)
Ծրագրում (էջ 6) շեշտադրվում է ներքին համերաշխության, հասարակական համախմբման և քաղաքացիական ազատությունների պաշտպանության կարևորությունը։ Նախատեսվում է խթանել հանրային և քաղաքացիական համերաշխությունը, ամրապնդել ազատ կամարտահայտման և իրավունքների պաշտպանության երաշխիքները, ինչպես նաև ապահովել արդարադատության և իրավապաշտպանության ինստիտուտների գործունեությունը հանրային համերաշխության տրամաբանությամբ։ Միաժամանակ, ծրագիրը պարունակում է հանրային մասնակցության և քաղաքացիական դաշտի հնարավոր սահմանափակման տարրեր։ Մասնավորապես, ծրագիրը ներառում է մի դրույթ, ըստ որի՝ պետությունը պետք է կիրառի մտածված և համակարգված քայլեր՝ «ներքին թշնամությանն ու պառակտմանը ծառայող գործիքակազմի հայտնաբերման և չեզոքացման ուղղությամբ»։ Թեև այս ձևակերպումը ներկայացվում է ազգային համերաշխության և անվտանգության համատեքստում, այն կարող է լայն մեկնաբանության հնարավորություն ստեղծել և հանգեցնել քննադատական կամ այլախոհ դիրքորոշումներ արտահայտող խմբերի, լրատվամիջոցների կամ հասարակական կազմակերպությունների գործունեության սահմանափակման ռիսկերի։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (N 10)
Ծրագրում (էջ 14) նախատեսվում է կառավարության համագործակցություն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով։ Սակայն քաղաքացիական հասարակության մասնակցությունը դիտարկվում է բացառապես հակակոռուպցիոն քաղաքականության համատեքստում, և ծրագրում չեն ներկայացվում որոշումների ընդունման գործընթացներում հանրային մասնակցության ապահովման ավելի լայն կամ ինստիտուցիոնալ մեխանիզմներ։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (N 14)
Ծրագրում (էջեր 16, 17) նախատեսվում է պետական իշխանության լեգիտիմության ապահովում հասարակության հետ շարունակական շփման միջոցով։ Միաժամանակ, ծրագիրը պարունակում է քաղաքացիական դաշտի հնարավոր նեղացման և հանրային մասնակցության սահմանափակման ռիսկեր։ Մասնավորապես, ծրագրում առաջարկվում է սահմանափակել այլ պետությունների կողմից ֆինանսավորվող և նրանց շահերը սպասարկող ուժերի գործունեությունը։
«Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցություն (N 15)
Ծրագրում (էջ 14) նախատեսվում է քաղաքացիների ներգրավում ոստիկանության գործունեության վերահսկողության և գնահատման գործընթացներում՝ տարեկան բաց հաշվետվությունների, հանրային լսումների և քաղաքացիների գնահատման մեխանիզմների միջոցով։ Սակայն նշված մեխանիզմները վերաբերում են բացառապես ոստիկանության գործունեության հաշվետվողականությանն ու գնահատմանը, և ծրագրում չեն ներկայացվում քաղաքացիների կամ քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման ավելի լայն կամ ինստիտուցիոնալ մեխանիզմներ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (N 16)
Ծրագրում (էջեր 3, 14) կարևորվում է քաղաքացիական հասարակության և գործարար համայնքի դերակատարությունը խաղաղության գործընթացներում, սակայն քաղաքացիական հասարակության ուղղակի ներգրավման կամ հանրային վերահսկողության առանձին մեխանիզմներ չի նախատեսվում։ Միաժամանակ, ծրագրում ներառված է Հայ Առաքելական եկեղեցու «բարենորոգման» պետական օրակարգի վերաբերյալ դրույթ։ Քանի որ կրոնական կազմակերպությունների ներքին կառավարման հարցերին պետական միջամտությունը կարող է առաջացնել սահմանադրական և մարդու իրավունքների հետ կապված հարցեր, այս դրույթը կարող է դիտարկվել որպես հասարակական ինքնակազմակերպման և ինստիտուցիոնալ ինքնավարության սահմանափակման ռիսկ պարունակող մոտեցում։
Ռեֆորմիստների կուսակցության, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության, «Հանրապետություն» կուսակցության կողմից հրապարակված նախընտրական ծրագրերը չեն անդրադառնում հանրային մասնակցությանն առնչվող հարցերին։
Հետևյալ 9 կուսակցությունները ԿԸՀ առհասարակ չեն ներկայացրել նախընտրական ծրագիր․
● «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը
● Հայաստանի շնորհապետական կուսակցությունը
● «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը
● «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը
● Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը
● «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը
● «Հայաստան» կուսակցությունների դաշինքը
● «Հանուն հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը
● «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։


















































