Լրահոս
Օրվա լրահոսը

Բախում հայի և հայի միջև. Ազգի իրական պառակտողը կրոնական խտրականությունն ու «աղանդավորների» քարկոծումն է

Մայիս 13,2014 14:42

Եթե մամուլով, տեղական կամ միջազգային տարբեր հանրային ատյաններում ոչ առաքելադավան կրոնական կազմակերպությունների հետևորդներին աղանդավոր և ազգի քայքայիչ որակելը կարող է րոպեներ տևել, ապա այդ խոսքի հասցեատերերից այն հաճախ խլում է բազմաթիվ անքուն գիշերներ:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Միացյալ երիտասարդական լիգա, Ազգային արժեքների պահպանման ճակատ և համանման խմբավորումները ինքնադրսևորման ու ինքնահաստատման նոր ձև գտան՝ հայտնի անձանց անուններն ընդգրկելով «աղանդավորականների ցուցակներում», բավական ակտիվ քարոզարշավ ձեռնարկելով կրոնական փոքրամասնությունների դեմ:

Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Սրան արձագանքեցին ցուցակներում ընդգրկված մի քանի դերասաններ ու երգիչներ։ Դերասանուհի Նելլի Խերանյանն անգամ պահանջել էր հերքում տալ և հրապարակային ներողություն խնդրել, սակայն դա տեղի չունեցավ, իսկ այս քարոզարշավը Տիգրան Ներսիսյանն ու Նելլի Խերանյանը որակեցին որպես «թշնամանքի հրահրում», որը «մեր իրականության մեջ առկա, անհանդուրժողականության դրսևորումներից է»:
Փաստորեն, կրոնական հայացքի պատճառով հայը տրամադրվում է հայի դեմ։ Սա իրական պառակտման ու խտրականության վտանգավոր միտում է, որի հետևում շատերը տեսնում էին Առաքելական եկեղեցու պատասխանատուներին, սակայն Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հավաստիացնում է, որ եկեղեցու հետ այս գործողությունները որևէ առնչություն չունեն:
Ըստ Մելիքյանի՝ հայ մարդն իրավունք ունի ընտրելու այլ դավանանք, սակայն առաքելական եկեղեցու պատվիրանների համաձայն՝ այն մեղք է, և հետևաբար մեղքը իրավունք չի կարելի անվանել:

«Սակայն, եկեղեցին որևէ անհատի դեմ ոչ մի քայլ չի ձեռնարկում. սա շատ զգայուն հարց է մեր օրերում և տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից շահարկվում է»,- ասում է նա՝ հավելելով, որ եկեղեցին կրոնական կազմակերպությունների դեմ ոչինչ չի հրահրում, իսկ, եթե առանձին հոգևորականներ հրապարակայնորեն պարսավանքի խոսքեր են ասում, դա հայ եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը չէ:

2013թ. դրությամբ Հայաստանում գրանցված են 65 կրոնական կազմակերպություններ: Ըստ 2011թ. անցկացված մարդահամարի տվյալների՝Առաքելական եկեղեցու հետևորդ մոտ 2մլն 800 հազար համայնքից բացի, ամենաշատ հետևորդներ  ունեն Հայ Ավետարանականները. 29 հազար 300 մարդ: Կան մոտ 14 հազար կաթոլիկներ, 9 հազար Եհովայի վկաներ և այլն:

Պատմական գիտությունների թեկնածու, աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանն այսպիսի վերաբերմունքը համարում է չիմացության արդյունք, քանի որ ճիշտ քաղաքականության դեպքում կրոնական փոքրամասնությունները կարող են նպաստել ազգի միասնականությանը:

«Իսկ այդպիսի վերաբերմունքն այդ խմբերին մարգինալիզացնում է, ու հետո էլ բողոքում են, թե նրանք քայքայում են ազգի ինքնությունը»,- ասում է նա:
Որպես ճիշտ քաղաքականություն, Հովհաննիսյանը մատնանշում է մամուլով կրոնական կազմակերպություններին հնարավորինս քիչ քարկոծելը, «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանի կարծիքը քիչ հաշվի առնելը, ընդհանրապես հաշվի չառնելը կամ հումորով մոտենալը:

Մելիքյանը, սակայն, նշում է, որ հայ եկեղեցին ազգապահպան առաքելություն ունի, և իր պարտքն է համարում իր զավակին զգուշացնել, թե ինչ է նրան սպասվում աղանդներին անդամագրվելիս:

«Տարբեր հոգեբանական մեթոդներով նրանց ստրկացնում են, ինքնասպանություններ են լինում, նրանցից ունեցվածք են վերցնում, և, ցավոք սրտի, իրավապահ մարմիններում կրոնական փորձագետներ չկան, որպեսզի դրանց իրավական տեսանկյունից անուն տրվի»,- ասում է նա:

 

Աշխատանք կամ կրոնական հայացքներ. «աղանդավորները» դժվար երկընտրանքի առջև

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանն ասում է, որ աշխատանքի հարցում խտրականությունների ենթարկվելու ենթատեքստով բազմաթիվ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ բողոքում են հետապնդումներից:

«Նման դեպքերի մասին պատմել են Յոթերորդ Օրվա Ադվենտիստներ, Եհովայի Վկաներ, Կյանքի Խոսք եկեղեցու, Հայ Ավետարանական եկեղեցու և այլ կրոնական կազմակերպությունների անդամները,- ասում է նա,- դա սկսվել է մոտ տասը տարի առաջ և առաջնային թիրախում հենց Յոթերորդ օրվա ադվենդիստներն էին, որոնք, ըստ իրենց կրոնական համոզմունքների` շաբաթ օրերը չէին աշխատում, իսկ այն ժամանակ շաբաթ օրերին դաս կար դպրոցներում»:

Դանիելյանն ասում է, որ այդ ուսուցիչներին սկսեցին աշխատանքից ազատել` ֆորմալ առումով շաբաթ օրերին գործի չգալու պատճառով, չնայած դժվար չէր, որ այդ ուսուցիչները շաբաթ օրվա փոխարեն այլ օրեր ունենային իրենց դասերը:
Մինչդեռ, շատ երկրներում կրոնավոր անձանց առավելություններ են տրվում աշխատանքում՝ գնահատելով նրանց պարկեշտությունը:
«Օրինակ, ԱՄՆ Պետդեպում բոլորը մորմոններ են, որովհետև նրանք ոչ խմում են, ոչ ծխում են, ոչ էլ խաբում են»,- ասում է Հովհաննիսյանը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը  2012թ. Օշականի դպրատանը՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը նվիրված խորհրդակցության ժամանակ լրագրողներին ասել էր, որ Կրոնի պատմություն դասավանդող 20 ուսուցիչ աշխատանքից ազատվել է: Այս գործով այժմ դատական գործ է ընթանում Գրիգորյանն ընդդեմ Աշոտյանի, կրոնական հայացքների համար աշխատանքից ազատելու անօրինականության հայցով:

Կրոնական հայացքների պատճառով խտրականությունների ենթարկված անձինք խուսափում են այդ մասին բարձրաձայն խոսել: Բոլորովին վերջերս ԱՊՊԱ գործակալությունից աշխատանքից ազատել են «Նոր սերունդ» եկեղեցու անդամներից մեկին: Նա չցանկացավ խոսել, մտածելով, որ դրանով կարող է վնասել իր հավատակիցներին:

Նույն կրոնական կազմակերպության անդամներից մեկն էլ եղել է ՊՆ պայմանագրային զինծառայող, ով սպայական պարտականություններ է կատարել Կոսովոյում և Չեխիայում: Զինծառայողի հավատակիցները վստահ են, որ նրան աշխատանքից ազատել են հենց կրոնական հայացքների պատճառով, սակայն զինծառայողն ասում է, որ ինքը պարզապես անարդարության զոհ է:

Դանիելյանն ասում է, որ ուժային կառույցներից կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ ազատելու այլ դեպքեր ևս եղել են, և որոշ հանգամանքներ եզրակացության հիմք են տալիս, որ այդ կառույցներում կա ինչ-որ փաստաթուղթ, որն արգելում է այլադավանների աշխատանքը:
«Թեպետ մենք այն չենք տեսել, սակայն նման գործողությունները ենթադրել են տալիս, որ, ըստ երևույթին, այն կա»,- ասում է նա:

Ի տարբերություն այլ կրոնական կազմակերպությունների, Եհովայի վկաները չեն խորշում հրապարակայնությունից և իրենց իրավունքների համար պայքարում են՝ ընդհուպ մինչև Եվրոպական դատարան:

«Եղել են նաև դեպքեր հիվանդանոցներում, մասնավորապես, Նորքի զանգվածի հիվանդանոցի գլխավոր բժիշկը որոշ բժիշկների և բուժքույրերի առաջարկել է, որպեսզի դուրս գան աշխատանքից իրենց կրոնական հայացքների պատճառով,- ասում է Դանիելյանը,- սակայն որոշ բժիշկներ, հիմնականում Եհովայի վկաներ, ասել են, որ դիմելու են դատարան իրենց իրավունքների պաշտպանության համար, որից հետո նրանց հանգիստ են թողել»:

Հարյուրավոր տարիներ լինելով առաքելադավան քրիստոնյա, հայ հասարակությունն իրենից օտարված է համարում այն զանգվածին, ով հարում է այս կամ այն կրոնական հոսանքին: Սակայն հայ հանրությունում գերակայող այն կարգախոսի դեմ, որ «ով առաքելական չէ՝ հայ չէ», խոսել է դեռևս Րաֆֆին՝ պիղծ և վնասակար որակելով բոլոր նրանց, ովքեր փորձում են բոլորին «մի եկեղեցու սահմանների մեջ խցկել»:

«Կաթոլիկությունը, բողոքականությունը և մինչև անգամ մահմեդականությունը չեն զրկում հային հայ լինելուց: Մենք հայ էինք երբ հեթանոս էինք, և հայ կմնանք, երբ հազար անգամ կփոխենք մեր կրոնը,- դեռևս 1880թ. «Մշակում» հրապարակված «Մինչև ե՞րբ» հոդվածում գրել է Րաֆֆին,- եթե հայը զրկված է իր ազգային լեզվից, իր հայրենիքից, կորցրել է իր ցեղական առանձնահատկությունները և պահպանվում է միմիայն եկեղեցու գրկում, այն ժամանակ նրան ազգ պետք չի համարել, այլ պետք է համարել մի կրոնական աղանդ, որ մեռած է նույնիսկ եկեղեցու մեջ, որի մեջ ապաստան է գտել»:

Աննա Մուրադյան

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886 Էլ. հասցե: [email protected] Ֆեյսբուք:

https://www.facebook.com/profile.php?id=100007800990200 Թվիթեր:

https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031