Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակոսի» հայերեն բաժնի խմբագիր. «Ցեղասպանության թեմայի մեջ պահանջատիրության հարցն ենք բարձրացնում» (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 02,2014 14:56

Հայ եւ թուրք լրագրողներն ու բլոգերները եղան «Ակոսի» խմբագրությունում

«Առավոտը» մասնակցում էր «Եվրասիա համագործակցություն« հիմնադրամի եւ «Եվրամիության» ֆինանսական աջակցությամբ կազմակերպված երկշաբաթյա ավտոբուսային շրջագայությանը, որի շրջանակներում տասը հայ եւ թուրք լրագրողներ ու բլոգերներ եղան Թուրքիայի եւ Հայաստանի մի շարք քաղաքներում: Լրագրողական խումբը մեկ օր անցկացրեց Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Լինել այդտեղ, եւ չլինել «Ակոսի» խմբագրությունում, անկարելի էր:
Նախ մի քանի րոպե կանգնեցինք խմբագրության շենքի դիմաց, որտեղ որ յոթ տարի առաջ սպանվել էր «Ակոսի» հիմնադիր հայազգի Հրանտ Դինքը, այնուհետեւ արդեն խմբագրությունում զրուցեցինք թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ:Akos2

Ստամբուլի պատմության մեջ առաջին թուրքալեզու հայերեն թերթի՝ «Ակոսի» խմբագրությունը, ըստ պարոն Էստուկյանի, 25 հոգանոց աշխատակազմ ունի. բոլորը չէ, որ հայեր են, գուցե «ոչ հայերը» ավելի շատ են: Պարոն Էստուկյանն ասում է, որ նրանք առավել զգայուն են հայկական հարցի նկատմամբ, ուշադիր հետեւում են միջազգային մամուլին, արագ անդրադառնում դրանց մեջ հայկական հարցի շահարկումներին:

Akos3

Հրանտ Դինքի աշխատասենյակը

«Ակոսը» քաղաքական թերթ է՝ ընդդիմադիր կեցվածքով. պարոն Էստուկյանի համոզմունքն է: Ասում է, որ շատ թերթեր, երկրի ճնշիչ պայմանները հաշվի առնելով, քաղաքական կյանքին չեն անդրադառնում, նախընտրում են գրել կրոնական միջոցառումների մասին, անգամ էջեր տրամադրել քարոզի բովանդակությունը ներկայացնելու համար: Իրենք նույնպես գրում են կրոնական միջոցառումների մասին, բայց քիչ չափաբաժնով ու կարեւորում են հատկապես երկրի քաղաքական կյանքի լուսաբանումը:

Հրանտ Դինքի աշխատասենյակը

Հրանտ Դինքի աշխատասենյակը

Թերթի հիմնական եկամուտը, «Ակոսի» հայերեն էջի խմբագրի խոսքով, հասարակական ծանուցումներն են, պետությունը սակայն փոքրամասնությունների հրատարակությունների համար նվիրատվություն է տրամադրում, սակայն իրենք հակված չեն այդ նվիրատվություններն ընդունել, դրանց նկատմամբ «ջերմ չեն», առավել շատ կցանկանային, որ եկամուտ ստանային առաջին աղբյուրից:

«Ակոսը» Հայաստան չի հասնում, եւ դա մտահոգում է պարոն Էստուկյանին, ասում է՝ ծովային սահման չունենք Հայաստանի հետ, իսկ եղած սահմանի վրա հայ պաշտոնյաները թույլ չեն տալիս, որ «Ակոսը» Հայաստան մտնի, պատճառը նա չի հասկանում:

Բագրատ Էստուկյան

«Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյան

Բագրատ Էստուկյանը չի ժխտում, որ Թուրքիայում «Ակոսը» հատկապես հայտնի դարձավ թերթի հիմնադիր-խմբագրի՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո, թերթի տիրաժը այսօրվա տպաքանակի քառապատիկը դարձավ՝ 20 000- 25 000 օրինակ:

Խոսելով Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված եւ թերթում սպասվող միջոցառումների մասին՝ պարոն Էստուկյանը նշեց, որ ըստ էության, Ցեղասպանության հարյուրամյակի համար հատուկ հոդվածաշար կամ միջոցառում չեն նախատեսել. «Բայց մեր թերթի մեջ արդեն Ցեղասպանության թեման ամենաշատ քննարկված թեման է բոլոր տարիներին՝ թերթի հիմնադրման օրվանից: Մեր քաղաքի շատ թերթերը կխուսափեն այդ թեմայից, դա փշոտ դաշտ է իրենց համար, բայց մենք շատ համարձակորեն առաջինը Ցեղասպանության թեմայի մեջ պահանջատիրության հարցն ենք բարձրացնում»,- ասում է նա: Պարոն Էստուկյանի հետ զրուցեցինք նաեւ Ստամբուլում ապրող իսլամացած հայերի մասին, որոնց այստեղի հայկական համայնքը չի ընդունում:Akos5

Ըստ «Ակոսի» հայերեն էջի խմբագրի՝ քրիստոնյա ստամբուլահայերն այս առիթով ասում են. «Ես հայ ըլելով հալածվեցա իննսուն տարի նույն երկրի մեջ, դու Ահմեդ, Մահմեդ անունը դնելով, հանգիստ ապրեցար, հիմա դու ի՞նչ կուզես ինձանից, ինչի՞ համար մենք պետք է հավասար լինենք: Դու արդեն իննսուն տարի առաջ ճամփադ շեղել ես, գնա՛, իմ գերդաստանը զոհվեցավ կրոնը չփոխելու համար»: Պարոն Էստուկյանը կարծում է, որ այսպիսի դիրքորոշումը գիտակցության պակասից է. «Այն մարդկանց պետք է հասկանալ, նրանց նախնիներն են կրոնափոխ եղել, հիմա նրանք իրենց խղճի ձայնը լսել են, արյան կանչը լսել են եւ, ետ դառնալ կուզեն»,- ասում է նա, ավելացնում, որ իրենցից հասնում է միայն ձեռք մեկնել այդ մարդկանց: Եկեղեցու կողմից այդ մարդկանց նկատմամբ ժխտողական վերաբերմունքի երկու պատճառ է բերում. «Եկեղեցին ներկայացնողները իրենց մորթիից կվախենան, իրենց մաշկեն կվախենան: Շատ կվախնան, որ պետությունը կարող է իրենց մեղադրել»,- ասում է նա եւ որպես երկրորդ պատճառ նշում, որ եկեղեցին չգիտի՝ իսլամացած հայերին ընդունելուց հետո ի՞նչ լեզվով պետք է խոսի նրանց հետ: Լրագրողների հարցին, թե որքան են կազմում իսլամացած հայերը Թուրքիայում, պարոն Էստուկյանը միանգանից պատասխանեց, որ հարց սպեկուլյատիվ դաշտում է, որեւէ թիվ չցանկացավ նշել, միայն ասաց. «Մեր պատկերացրածից շատ է»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Narek says:

    Հայաստան չի հասնում, բայց կարող է Հայաստանում տպվել, տեղական հրատարակության թղթակիցներ ունենալ, տարածվել. Առավոտի Արամն էլ, որ ուզենա, կարող է դրա կատալիզատորը լինել. ի՞նչն է խանգարում: Գովազդային արշավի հնարավորություն ունի, թերթի փորձ ունի, ժամանակ էլ կգտնի:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930