Լրահոս
Օրվա լրահոսը

«Պերմյակովի գործով միտումնավոր շիլաշփոթ է ստեղծվում». Արթուր Սաքունց

Հուլիս 22,2015 17:32

Այսօր «Ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել, որ Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան ծառայությունների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում՝ Վալերի Պերմյակովի գործով առաջին դատաքննությունը պետք է տեղի ունենա մինչև օգոստոսի 10-ը:

Գյումրիում սպանության թեմայով հետաքննություն անցկացնող Комсомольская правда թերթի հատուկ թղթակից Նիկոլայ Վարսեղովն էլ, հղում տալով ռուս բարձրաստիճան մի զինվորականի, գրել էր, թե առաջին բանը, որ Պերմյակովն ասել է սահմանապահներին, եղել է այն, որ ինքը ոչ ոքի չի սպանել, իրեն տվել են 2 կոկա կոլա ու 2 շաուրմա։ Սակայն, այդ ցուցմունքներն անհետացել են հարցաքննության արձանագրությունից: Գյումրեցի քննիչներն էլ ռուս լրագրողին իրենց կասկածներն էին հայտնել այն մասին, որ Պերմյակովը մենակ չի եղել:

Aravot.am-ը Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանության գործում ներգրավված իրավապաշտպան Արթուր Սաքունցից հետաքրքվեց՝ մի՞թե ռուսական կողմի վարույթում գտնվող գործի բոլոր նյութերը տրամադրվել են Ավետիսյանների փաստաբաններին, որ հիմա էլ դատավարության օր են մատնանշում: Եվ ինչպե՞ս է վերաբերվում Комсомольская правда թերթի այն հրապարակմանը, թե Պերմյակովը նշել է, որ ինքը չէ սպանություն կատարողը:

«Գիտեք այս գործով ցանկացած վարկած իրավունք ունի գոյություն ունենալու, քանի դեռ քննությամբ չեն հերքվել այդ վարկածի վերաբերյալ տեղեկությունները կամ կարծիքներն ու տվյալները: Ես բացարձակապես չեմ բացառում նաեւ նման վարկածի գոյությունը: Ավելին՝ ես ինքս եմ գտնում, որ մեկ անձի կողմից, երիտասարդ, թեկուզ զինվորականի կողմից նման սառնասրտորեն այդպիսի հանցագործության կատարումը, մի ամբողջ ընտանիքի ոչնչացումը… Եվ նման վարկածի ներկայացումը Комсомольская правда թերթում պատահական չեմ համարում: Ուղղակի ծանոթ չենք գործի նյութերին, դրա համար դեռ վաղ է որեւէ մեկնաբանություն ներկայացնելը, որովհետեւ չգիտենք նախաքննության մարմինն արդյոք անդրադարձե՞լ է նման վարկածի, թե՞ չէ», -ասաց Արթուր Սաքունցը:

Նա ասաց, որ իրենք ծանոթ չեն գործի բոլոր նյութերին: «Մենք ընդամենը ծանոթ ենք փորձաքննությունների եզրակացություններին, որոնք ստանալուց հետո նախաքննություն իրականացնող մարմինը մեզ ծանոթացրել է, այն էլ՝ ոչ բոլորը: Բայց թե ի՞նչ է քննվել, ո՞ւմ են հարցաքննել, ի՞նչ է պարզվել, մենք որեւիցե պատկերացում չունենք: Դրա մասին պատկերացում կարող ենք ունենալ, եթե ամբողջ քրեական գործի նյութերին ծանոթանանք: Երբ որ մենք ունենանք նախաքննության մարմնի կողմից իրականացված քննության ամբողջ փաթեթը, այդ ժամանակ կունենանք հնարավորություն նաեւ հարցադրումներ կատարելու»,- ասաց պարոն Սաքունցը:

Հարցին, թե ամբողջական գործին դուք ծանոթ չեք, այդ դեպքում ինչպե՞ս կարող է մինչեւ օգոստոսի 10-ը առաջին դատական նիստը տեղի ունենալ, հնարավոր կլինի՞ այդ ժամկետում դատական նիստ սկսել, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Մի բան հստակ ասեմ՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության այս գործը պետական մարմինները բարձր մակարդակում՝ սկսած նախաքննության մարմնից մինչեւ հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, կարծես ամեն ինչ անում են նախաքննության նկատմամբ անվստահությունը խորացնելու ուղղությամբ: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է փոխադարձ պայմանավորվածությամբ որոշել կամ, ավելի ճիշտ, ինչի՞ հիման վրա է այդ պայմանավորվածությունը, համաձայնությունը ձեռք բերվել: Ինչքան էլ իրապես տարբեր հանցագործություններ լինեն զորամասը ինքնակամ լքելու եւ Ավետիսյանների ընտանիքի սպանության հանցագործությունը, այնուամենայնիվ դրանք տրամաբանորեն մեկը մյուսի հետ կապված են: Այնպես որ, ինձ համար հարց է՝ արդյոք մենք հնարավորություն ենք ունենալու ծանոթանալ նաեւ զորամասը ինքնակամ լքելու վերաբերյալ ռուսական կողմից իրականացված քննության նյութերին, որովհետեւ այն պատճառները, որոնք դրդած կլինեն Պերմյակովին ինքնակամ լքել զորամասը, այդ պատճառները իրական նշանակություն կարող են ունենալ նաեւ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի համար: Եվ այդ հանցագործության մեջ մենք ՝որպես տուժող կողմ, կամ որեւիցե կողմ ընդհանրապես ներգրավված չենք:

Այստեղ Հայաստանի հանրապետության իրավապահ մարմինների, տվյալ դեպքում քննչական մարմնի գործառույթն է եւ իրավասությունն է՝ բազմակողմանիությունը եւ օբյեկտիվությունը Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ապահովելու տեսակետից պահանջելու նաեւ այդ քրեական գործի նյութերը: Դրանք քննության առնելու անհրաժեշտությունը կա: Այնպես որ սա ես իրապես չեմ հասկանում, բայց մյուս կողմից ի՞նչ է նշանակում փոխադարձ պայմանավորվածություն: Սովորաբար նման դեպքերում լինում է այսպես. ռուսական կողմն ինքը իր վարույթում գտնվող գործի՝ տվյալ դեպքում զորամասը ինքնակամ լքելու մասին է խոսքը, քննությունն ավարտում է, այնուհետեւ ավարտելուց հետո հանձնում է անձին Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի ՀՀ-ն էլ իր վարույթում քննվող գործի շրջանակներում իրականացնի դատաքննություն: Պարզ է, բայց այսպես բարդացնել, պայմանավորվածություններ եւ այլն եւ այլն, դրանք ես չեմ հասկանում: Դա խոսում է այն մասին, որ այդ համաձայնությունների կամ գործողությունների իրավական հիմք՝ որպես այդպիսին, գոյություն չունի: Նույնիսկ հասկանալի չէ՝ որո՞նք են հիմքերը, որոնք դրված են այդ համաձայնությունների հիմքում:

Եվ ավելին, նորից կրկնում եմ, մենք ունենք Ավետիսյանների սպանության գործով հայկական կողմի քննության վերաբերյալ լիքը հարցեր: Միջնորդություններ ենք ներկայացրել. ասենք ՝մենք այդպես էլ չենք տեսնում սահմանը խախտելու հիմքով կամ սահմանը խախտելու փորձի հիմքով քրեական գործ որպես այդպիսին, որի մասին, ի դեպ, նշվում է նաեւ Комсомольская правда թերթում: Մենք դրա վերաբերյալ հայկական կողմին ներկայացրել ենք միջնորդություն, որը դեռեւս մերժվել է այն իմաստով, որ ասենք նախաքննության ընթացքում կորոշվի լրացուցիչ՝ արդյոք բավարար հիմքեր կա՞ն այդ հիմքով քրեական գործ հարուցելու: Իսկ Комсомольская правда թերթի ներկայացմամբ, մեկ անգամ եւս ապացուցվում է, որ հիմքերը բավարար են: Այն շիլաշփոթը, որն այս գործով միտումնավոր ստեղծվում է, ես այլ կերպ չեմ կարող հասկանալ, քան հնարավորինս այն բուն պատճառները, որոնք հանգեցրել են Ավետիսյանների ընտանիքի սպանությանը, մնան այդպես չբացահայտված»:

Ըստ Արթուր Սաքունցի, քրեական գործի ամբողջ նյութերին ծանոթանալուց հետո իրենք կունենան բազմաթիվ հարցեր, մասնավորապես Ավետիսյանների հարեւանների պատասխաններն են իրենց համար կարեւոր, թե վերջին հաշվով նրանք ի՞նչ են լսել, ի՞նչ գիտեն: Այս մասին իրենք տեղյակ չեն, քանի որ նյութերին ամբողջությամբ ծանոթ չեն:

Բացի այդ, ըստ Արթուր Սաքունցի, ե՞րբ են ծանոթանալու ռուսական կողմից հայկական կողմին հանձնված 9 հատորանոց նախաքննական նյութերին: «Այդ իննը հատորը դեռ պետք է թարգմանվի, այսօր հուլիսի 22-ն է, նախ պետք է հասցնեն թարգմանեն: Ենթադրենք մի շաբաթում թարգմանեցին այդ ամեն ինչը, պետք է որակյալ թարգմանություն լինի: Թարգմանությունից բացի, մենք պետք է իրական օրիգինալ տեքստին ծանոթանալու հնարավորություն ունենանք, մենք ինչքա՞ն ժամանակ պետք է հասցնենք ծանոթանալ դրան: Նյութերին ծանոթանալուց հետո մենք միջնորդություններ կունենանք անպայման: Անխուսափելի է ռուսական ու հայկական կողմերի նախաքննության նյութերի համադրելու հարցը: Ես, ճիշտն ասած, հապշտապ լինելը, շտապողականությունը նման հանցագործության նկատմամբ, սա ուղղակի համարում եմ ոչ պատշաճ վերաբերմունք ու խորը կասկածներ ունեմ նախաքննության օբյեկտիվության, բազմակողմանիության եւ լրիվության վրա»:

Իսկ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հետ կապված իրավապաշտպաննն ասաց, որ վերջինիս Հայաստանի իրավապահ մարմինների հսկողության տակ գտնվելը այն հնարավորություններից մեկն է, որպեսզի կարողանան հարցեր տալ Պերմյակովին ու նաեւ նախաքննության մարմնին: «Վերջին հաշվով հնարավոր է, չէ՞, նաեւ ցուցմունքների միջեւ տարբերություններ, ես չգիտեմ առերեսումներ արե՞լ են, թե չէ՞: Այսինքն, ես գտնում եմ, որ նախաքննության ծավալը շատ ավելի մեծ է, քան իրականում կարելի է պատկերացնել: Եվ այս շտապողականությունն ինձ համար անընդունելի է, որովհետեւ այն դրդապատճառները, որոնք Պերմյակովին ստիպել են լքել զորամասը, դրանք էական նշանակություն ունեն Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի հետ: Ավելին, վերջին օրերին ռուսական բազայի զինծառայողների կողմից իրավախախտումների պատկերը, ռուսական ռազմաբազայի պարենի գծով այդ պատասխանատուի նկատմամբ քրեական գործի հարուցումը, խոսում է այն մասին, որ ռուսական բազայում իրապես վիճակը բավական ծանր է: Եվ դրանք ինչ նշանակություն են ունեցել Պերմյակովի կողմից հանցագործության կատարմանը կամ ավելի ճիշտ Պերմյակովի ներգրավմանը Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում:

Ես դեռեւս որեւիցե հիմնավորում կամ որեւիցե տրամաբանություն չեմ տեսնում, չեմ կարողանում գտնել Պերմյակովի մոտիվացիայի առումով՝ Ավետիսյանների ընտանիքին սպանելու հարցում: Չկա էդ մոտիվացիան: Հայտնի չէ, ես իհարկե, ունեմ իմ վարկածները, բայց ես չեմ հրապարակի դրանք: Երբ որ մենք կունենանք նախաքննության մարմնի կողմից նախաքննության ավարտը եւ նախաքննության նյութերին ծանոթանալու հնարավորությունը, կծանոթանանք, դրանից հետո ես, իհարկե, հարցադրումներ կուղղեմ առաջին հերթին հայկական կողմին, որ ինչ պիտի արվի հնարավոր այլ վարկածների բացահայտման կամ հերքման ուղղությամբ»:

Ըստ Արթուր Սաքունցի, Ավետիսյանների սպանության նախաքննության շուրջը ձեւավորված իրավիճակն ու Պերմյակովի վերաբերյալ Комсомольская правда թերթի հրապարակումները իր մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում Պերմյակովի անվտանգության հարցով: «Պերմյակովն այս պահին միակ անձն է, որն առնչություն ունի Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ, բայց որի հետ կապված հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Նա միակ վկան է հանցագործության, հիմա ինքը որպես կասկածյա՞լ է ներգրավված, բայց միակ վկան է, ըստ էության, այդ հանցագործության եւ այս առումով ես նույնիսկ մտահոգություն ունեմ՝ արդյոք պատշաճ պահպանված է Պերմյակովի անվտանգությունը: Դուք պատկերացնում եք, չէ՞,  ինչ կարող է տեղի ունենալ, եթե հանկարծ Աստված մի արասցե, Պերմյակովը հիվանդանա կամ անբուժելի հիվանդություն ձեռք բերի: Այդ դեպքում հայկական կողմին հանձնելուց հետո էլ պետք է լրջորեն մտածել նրա անվտանգության ապահովման մասին: Ես անընդհատ պահանջում էի, որ Պերմյակովը գտնվի Հայաստանի իրավապահ մարմինների հսկողության ներքո, արդյոք հայկական կողմը պատրա՞ստ է եւ ունի՞ համապատասխան հնարավորություններ ապահովելու նրա անվտանգությունը: Ռուսական կողմի հնարավոր ոտնձգությունները հայկական կողմի մոտ գտնվելու պարագայում ավելի են մեծանում, հիմա իրենց մոտ է, եւ իրենք են պատասխանատու: Ինձ այս մոտեցումները, շտապողականությունը, վարքագիծը տեղիք են տալիս խորը մտահոգություն ունենալու Պերմյակովի անվտանգության ապահովման տեսակետից»:

Արթուր Սաքունցը նաեւ նշում է, որ քննչական մարմնից բացի՝ շատ կառույցներ են խառնվում Պերմյակովի գործին, որը բացասական ազդեցություն ունի նախաքննության որակի վրա: Ըստ իրավապաշտպանի, ի՞նչ կապ ունի հանրապետության նախագահն այս քրեական գործի հետ, կամ ինչո՞ւ են խառնվում ռուսական կողմի պաշտպանության նախարարությունն ու քաղաքական կառույցները, որոնք որեւէ նշանակություն չունեն այս գործի քննության տեսանկյունից ՝բացի որպես վկաներ լինելու հարցաքննվելուց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031