Լրահոս
Օրվա լրահոսը

Լրատվամիջոցների առջեւ ծառացած իրավական խնդիրները՝ համացանցի դարաշրջանում

Օգոստոս 04,2015 13:56

Իրավաբանա-լրագրողական քննարկումներ՝ երկուստեք հուզող հարցերի շուրջ

 

«Եթե նախկինում՝ մեր խորհրդի ձեւավորման սկզբնական շրջանում, տեղեկատվական վեճերի վերաբերյալ մեր հայտնած կարծիքները այնքան էլ բարեհաճ չէին ընդունվում, համարվում էին ճնշում դատարանների վրա, ապա այժմ ես միտում եմ նկատում, որ դատարանները սկսել են ընդառաջ գնալ քաղաքացիական հասարակությանը»,- իրավաբանների եւ լրագրողների համատեղ աշխատանքային քննարկման ժամանակ, ներկայացնելով Տեղեկատվական վեճերի խորհրդի գործունեությունը, ասաց ՏՎԽ անդամ, իրավաբան Արա Ղազարյանը:

Քննարկումը կայացավ օգոստոսի 1-2-ին՝ ԵԱՀԿ եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ:

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը եւ «Արնի քընսալթինգ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը՝ որպես ՏՎԽ անդամներ, ներկայացրին ՏՎԽ գործունեության քառամյա փորձը: Ընդհանուր առմամբ՝  Տեղեկատվական վեճերի խորհուրդը իր գոյության 4 տարիների ընթացքում 42 տարբեր գործերով կարծիք է տվել: Արա Ղազարյանի խոսքերով՝ աշխատում են դատական փուլում գտնվող գործերի վերաբերյալ տալ համեմատաբար չեզոք կարծիք, գնահատել երեւույթն՝ ընդհանուր առմամբ եւ ոչ թե դեպքի մանրամասները, որպեսզի իրենց կարծիքը չհամարվի ճնշում՝ արդարադատություն իրականացնող մարմնի վրա: Իսկ դատական փուլից հետո իրենց ավելի ազատ եւ չկաշկանդված են զգում եւ կարող են տալ ավելի մանրամասն եւ սուր կարծիք:

Հիշեցնենք, որ ի տարբերություն Դիտորդ մարմնի, որին որպես արտադատարանական մարմին դիմում են կողմերը՝ լուծելու իրենց միջեւ ծագած (իհարկե, ինչ-որ ձեւով ԶԼՄ-ներին առնչվող) վեճերը՝ դատարան չգնալու համար, ՏՎԽ-ն վճիռներ չի կայացնում, այլ հայտնում է միայն կարծիք, խորհուրդ:

Աշխատանքային քննարկման ընթացքում լրագրողները եւ իրավաբանները քննարկեցին մի շարք գործեր, որոնք եղել են ՏՎԽ-ի ուշադրության կենտրոնում, իրավաբանները լրագրողներին խորհուրդ տվեցին ինչպես գործել՝ իրավական դաշտում մնալու եւ պաշտպանական համակարգերից դուրս չգալու համար: Օրինակ, ակնհայտ ատելության խոսքը, ճիշտ այնպես ինչպես բռնության կոչը, չունի որեւէ պաշտպանական մեխանիզմ, եւ լրագրողը չի կարող որեւէ կերպ արդարանալ այդ խոսքը տարածելու համար: Ի տարբերություն վիրավորանքի եւ զրպարտության, որոնք, որքան էլ դատապարտելի են, օժտված են որոշակի պաշտպանական համակարգով՝ փաստաբանը դատարանում ասելիք կգտնի:  Նաեւ, որքան էլ զարմանալի է՝ ի տարբերություն խտրականություն քարոզող խոսքի, քանի որ առայսօր մենք չունենք խտրականությունն արգելող որեւէ օրենսդրական նորմ՝ բացի Սահմանադրության համապատասխան հոդվածից: Սակայն դատավորները նման հարցերով վճիռ կայացնելիս հիմնականում Քաղաքացիական օրենսդրությամբ են առաջնորդվում, որում չկա որեւէ խոսք խտրականությունն արգելելու վերաբերյալ:

Երկար եւ բուռն բանավեճի տեղիք տվեց հունիսի 23-ին մամուլի ազատության սահմանափակման դեպքերի քննարկումը: Կարո՞ղ է լրագրողը «շփոթել դերը» եւ լրատվություն փոխանցողից վերածվել քաղաքացիական հասարակության անդամի, ցուցարարի, ակտիվիստի, եւ ի՞նչ պաշտպանական մեխանիզմներ են այդ պարագայում գործում նրա համար: Պե՞տք է հագնել վրան Press գրված ժիլետը, եթե ոչ թե ռազմական գործողություններ ես լուսաբանում, այլ խաղաղ հավաք, որտեղ քեզ ընդամենը քո «բեյջն» էլ է բավարար: Այս եւ բազմաթիվ այլ հարցեր ընդհանուր առմամբ իրարից ոչ հեռու տեսակետներ ներկայացնող պատասխաններ էին ստանում, սակայն թունդ բանավեճը շարունակվում էր:

Բացի այդ հարցից՝ քննարկվեց նաեւ արդեն իսկ գործողության մեջ մտած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որը ներկայացրեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը:

Քննարկվեց նաեւ լրատվական աղբյուրների գաղտնիության պաշտպանության թեման, ինչպես նաեւ «Դելֆին ընդդեմ Էստոնիայի»  հայտնի գործի վերաբերյալ ՄԻԵԴ որոշումը, որն անմիջականորեն առնչվում է համացանցային հեռարձակում իրականացնող բոլոր լրատվամիջոցներին, որոնք ընթերցողների մեկնաբանությունների հարթակ ունեն: Լրագրողները դժգոհում էին, որ ֆիզիկապես պարզապես անհնար է հետեւել օգտատերերի բազմահազար գրառումներին ինչպես անմիջապես կայքում, այնպես էլ՝ կայքերի ֆեյսբուքյան եւ յութուբյան էջերում, եւ բացառել հայհոյանքներն ու վիրավորանքները, որոնք ոչ թե լրատվամիջոցը, այլ լուր սպառողն է հրապարակում, գրեթե անհնար է: Իսկ եթե խիստ մոդերացիայի են անցնում՝ ընթերցող են կորցնում: Իրավաբանները նշեցին, որ այդ գործով ՄԻԵԴ-ը հատուկ շեշտել է, որ նախկինում ընդունելի համարված «ծանուցել-հանել» տարբերակը շարունակում է գործել, այսինքն, երբ լրատվամիջոցին հայտնի է դառնում հայհոյանքի մասին, նրան որեւէ մեկը, այդ թվում՝ հրապարակման հերոսը, ծանուցում էր, որ հայհոյանք է հրապարակված իր հասցեին, լրատվամիջոցը պարտավոր է հանել  այդ գրառումը: Սակայն «Դելֆիի» դեպքում դատարանն ապացուցված էր համարել, որ լրատվամիջողը շատ լավ էլ իմացել է հայհոյանքի մասին, ուղղակի ընթերցողներ գեներացնելու եւ գովազդատուներին գրավելու համար երեք շաբաթ շարունակ չի հանել վիրավորանքը, մինչեւ հատուկ ծանուցում չի ստացել: Այս պարագայում դատարանը գտել է, որ լրատվամիջոցը հայհոյանքը տարածելու մեջ մեղքի իր ակնհայտ բաժինն ունի:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

04.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31