Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով չի հավատում, թող չլինի մանկավարժության մեջ և չխանգարի մեզ». Արմեն Աշոտյան

Սեպտեմբեր 18,2015 13:13

«Ցավոք, այսօր ամբողջությամբ չենք կարող հրաժարվել հատուկ դպրոցներից, որովհետև կան որոշակի առողջական խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս բոլոր երեխաներին դառնալ ներառական կրթության շահառու, սակայն ակնհայտ է, որ ներառական համակարգի ներդրման դեպքում, ըստ նախնական հաշվարկների, այդպիսի երեխաների շուրջ 90%-ի համար կարող ենք ստեղծել հավասար հանրային մատչելի պայմաններ նաև կրթության ոլորտում»,- ասում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարն այսօր հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառականության անցման քաղաքականության շրջանակում այցելել էր Երևանի թիվ 12 հատուկ և ներառական կրթություն իրականացնող Ջ. Կիրակոսյանի անվան Երևանի թիվ 20 դպրոցներ:

Լրագրողների հետ զրույցում Ա. Աշոտյանը նկատեց, որ այստեղ խնդիրը, ցավոք, միայն կրթության որակի մեջ չէ. «Դպրոցից է սկսվում բարի հասարակություն կառուցելու այն գաղափարախոսությունը, որը դրված է ներառականության հիմքում: Հասարակության ամեն անդամ պետք է ստանա իր կարիքին համապատասխան ծառայություն, այդ թվում՝ կրթության բնագավառում: Իհարկե, կատարվելու է երեխաների կրթական կարիքների գնահատում, իրականացվելու է հսկայական մասնագիտական աշխատանք՝ տվյալ կարիքը բավարարելու համար: Բայց պակաս կարևոր չէ նաև այն մթնոլորտը, որը ստեղծվում է: Այս երեխաները վերադարձվում են հասարակություն՝ որպես լիարժեք անդամ: Ներառական համակարգում ներառված մանկավարժական և ծնողական համատեղ աշխատանքի տեսանելի արդյունք տված երեխաները լավագույն պատասխանն են բոլոր այն մարդկանց քննադատական կարծիքների, որոնք թերահավատորեն են մոտենում այս բարեփոխմանը»,- ընդգծեց Ա. Աշոտյանը:

Իհարկե, նրա խոսքով, դեռ հսկայական աշխատանք կա կատարելու՝ վարչական, մեթոդական, մանկավարժական և կառավարչական. «Ակնհայտ է, որ այսօր դեռևս չունենք ամենատարրական շարժական հասանելիություն ապահովող միջավայր բոլոր դպրոցներում: Ոչ բոլոր դպրոցների մանկավարժական ծառայություններն են հավուր պատշաճի, մասնագիտական հմտությունների և ուսումնական նյութերի, վերապատրաստումների, փոխադրամիջոցի խնդիր կա, բայց դա չի նշանակում, որ ներառական կրթություն չպետք է իրականացվի, մինչև բոլոր տեղերում չապահովվեն համապատասխան միջոցներ, որովհետև ճանապարհն անցնում է նա, ով անում է առաջին քայլը: Մենք այդ քայլն արել ենք, և արել ենք համառ՝ երբեմն դեմ գնալով հասարակական կարծիքին, սակայն այսօր վայելում ենք հասարակության ճնշող մեծամասնության աջակցությունը: Համապատասխան օրենքն ընդունված է, բայց այստեղ շատ կարևոր է նաև մարդկանց աշխարհայացքի փոփոխությունը, որպեսզի սա չլինի լոկ օրենքի պահանջ»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ ինքը հավատում է այս համակարգին. «Իսկ ով չի հավատում, թող չլինի մանկավարժության մեջ և չխանգարի մեզ այս աստվածահաճո գործում: Մենք վստահ ենք, որ ներառական կրթություն իրականացնող դպրոցներում երեխաներին տալիս ենք ավելի լավ ապագայի հույս ու հնարավորություն: Այս փոքրիկ հասարակությունները, տվյալ դեպքում՝ դասարանները, արդեն գիտեն, որ իրենց կողքին կան և կարող են լինել երեխաներ, որոնք մի քիչ տարբերվում են իրենց առողջական խնդիրներով, բայց այդ երեխաները ներառված են, նրանք կոլեկտիվի մի մաս են և ունեն նույն իրավունքները, ինչ մնացած բոլոր երեխաները»,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930