Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆուտբոլային դիվանագիտությունում» Թուրքիայի ռազմավարական սխալները. (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 13,2016 16:00

Յոթ տարի անց Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից

2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները:

Հայկական կողմից արձանագրությունները ստորագրեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, թուրքական կողմից՝ նրա պաշտոնակից Ահմեթ Դավութօղլուն: Արձանագրությունները ստորագրվեցին 3,5 ժամ ուշացումով, ինչը կապված էր արարողությունից հետո ԱԳ նախարարների կողմից արվելիք հայտարարություններում ձեւակերպումների հետ:

Ցյուրիխի համալսարանի «Աուլա» սրահում Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Եվրամիության դրոշներն էին, ժամանել էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, ԵՄ նախարարների հանձնաժողովի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Ժբոգարը, Եվրամիության արտաքին եւ անվտանգության հարցերի ղեկավար Խավիեր Սոլանան: Հայտարարվել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շուտով կհասնի, բայց շուտով ստացվեց շտապ հաղորդագրություն, որ նա չի գալու ստորագրման արարողությանը. ճանապարհին պետքարտուղարը տեղեկություն էր ստացել, որ Էդվարդ Նալբանդյանը առարկում է Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը: Թե հատկապես ինչի վերաբերյալ էր եղել առարկությունը` թե՛ Հիլարի Քլինթոնը եւ թե՛ Շվեյցարիայի ԱԳՆ-ն այդ ժամանակ հրաժարվեցին մանրամասնել, սակայն հետագայում պարզ դարձավ, որ առարկությունը կապված էր եղել ԼՂ հակամարտության հետ: Ստորագրման արարողությունը բացեց Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշելին Քալմի-Ռեյը: Արարողությանը ներկա էին Հիլարի Քլինթոնը, Սերգեյ Լավրովը, Բեռնար Քուշները, Սամուել Ժբոգարը, Խավիեր Սոլանան: Արարողությանը որեւէ հայտարարություն չհետեւեց:

Համաշխարհային մամուլը այս արձանագրությունների ստորագրման արարողությունը լուսաբանում էր իբրեւ կարեւորագույն իրադարձություն: Լրատվամիջոցները գլխավորապես նկատում էին, որ միայն Հիլարի Քլինթոնի միջամտությունը կանխեց ստորագրման արարողության տապալումը: ԱՄՆ պետքարտուղարը 29 անգամ զանգահարել էր Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաներին: Հորդորելով կողմերին ավելի ընդգրկուն պատկերով դիտարկել այս գործընթացը` Քլինթոնն ասել էր. «Սա չափազանց կարեւոր է, դուք արդեն շատ հեռուն եք գնացել, արձանագրությունների մեջ ներդրված ձեր աշխատանքից չի կարելի հրաժարվել»: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր. «Մենք անկեղծորեն ուրախ ենք, Հայաստանն ու Թուրքիան Ռուսաստանի բարեկամ երկրներ են: Մոսկվան պատրաստ է աջակցել այս գործընթացին զանազան տնտեսական ծրագրերով, ռուս երկաթուղայինները պատրաստ են ապահովել հայ-թուրքական երկաթուղու անխափան աշխատանքը»:

2008թ. աշնանը Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նոր փուլը` «ֆուտբոլային դիվանագիտությունը», հաջողությամբ չպսակվեց: Պաշտոնական Անկարան արձանագրությունների վավերացումը կապեց ԼՂ խնդրի կարգավորման հետ, դրանք կողմերից ոչ մեկը չվավերացրեց` թողնելով գործընթացը սառեցված:

Արձանագրությունների ստորագրումից հինգ տարի անց ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր «Դժվարին ընտրություն» գրքում անդրադարձավ նաեւ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ստորագրելու գործընթացին` նկարագրելով, թե ինչ է տեղի ունեցել 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, որտեղ էլ հանդիսավոր կերպով նախաստորագրվեցին արձանագրությունները. «Թուրքիայի հայտարարած «Զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականությունը պատուհան էր, որի միջոցով ԱՄՆ-ը կարող էր բանակցել՝ ջերմացնելու հայ-թուրքական հարաբերությունները՝ հույս ունենալով բացել սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ»:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ՀՀ արտաքին քաղաքականության պարտությունը չէ

«Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ն Երեւանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ հոկտեմբերի 8-9-ը Ծաղկաձորում շարունակեց «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» նախագիծը, որը հովանավորում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը խոսեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեմայով` որտե՞ղ էինք, ո՞ւր ենք հասել եւ ո՞ւր ենք գնում փուլերն առանձնացնելով: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն այն բացառիկ դեպքերից է, երբ ես ամբողջովին աջակցում եմ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը»,- նախեւառաջ նկատեց բանախոսը:

Այնուհետեւ նա սահմանեց, թե ինչ է նշանակում կարգավորում: «Ներկայիս իրավիճակում հարաբերությունների կարգավորումը ենթադրում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ սահմանի բացում: Տվյալ կոնտեքստում արձանագրությունները մահացած են, եւ կարեւոր են արձանագրությունների 2 կետերը` դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի վերաբացումը: Երկրորդը` հարաբերությունների կարգավորումը ենթադրում է 2 պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորում, այլ ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում: Այն հիմնվում է նաեւ Հայաստանի կառավարության` առանց նախապայմանների քաղաքականության վրա: Այսինքն` այստեղ այլեւս կարեւոր չէ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Հարաբերությունների կարգավորումը չպետք է կապել նաեւ Ղարաբաղյան կարգավորման հետ: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը միջազգային հարաբերությունների շուքի տակ կարեւոր տեղ է զբաղեցնում: Այսինքն` դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում Թուրքիային չպետք է շնորհակալություն ասել կամ պարգեւատրել, քանի որ դա միջազգային ասպարեզում հարաբերությունների հաստատման նվազագույն հիմնաքարն է»:

Ինչ չի ենթադրում հարաբերությունների կարգավորումը: Բանախոսը խոսելով այս թեմայի շուրջ` նշեց. «Հարաբերությունների կարգավորումը հարաբերությունների հաշտեցումը չէ, հարաբերությունների կարգավորումը դեպի հաշտեցում տանող միայն առաջին աստիճանն է: Հաշտեցումը շատ ավելի լուրջ, ընդհանուր գործընթաց է, քան հարաբերությունների կարգավորումը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը չի նշանակում Հայաստանի արտաքին քաղաքականության պարտություն, նահանջ կամ թույլ քաղաքականություն: Ընդհակառակը՝ այն ուժեղացնում է Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը: Եվ այս հարցում մենք հասել ենք հաջողության»:

Հարաբերությունների կարգավորումը ռազմավարական նշանակության գործընթաց է

Ռիչարդ Կիրակոսյանի մատուցմամբ` հարաբերությունների կարգավորումը մեր բոլոր խնդիրներին պատասխան չէ: Դա միայն բազմակողմանի ռազմավարության մի փոքր մասնիկ է: Ո՞ւր ենք հասել հարցին պատասխանելիս բանախոսը նկատեց, որ 2009թ. ստորագրված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները, ինչպես նաեւ «Ֆուտբոլային դիվանագիտությունը» նոր չէին. «Այդ քաղաքականությունը դեռեւս 90-ականներին սկսված քաղաքականության շարունակությունն էր: Այդ քաղաքականությունը բավականին հաջող էր, քանի որ ժամանակները փոխվել էին, եւ այլ իրավիճակում էինք հայտնվել: 2008թ. Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պատերազմը որոշակիորեն արագացրեց այս գործընթացը, այն նպաստեց Ռուսաստանի եւ Արեւմուտքի ներգրավմանը: Արձանագրությունները եւ Ֆուտբոլային դիվանագիտությունը ի հայտ եկան Հայաստանի կառավարության թույլ լինելու հետեւանքով: Սերժ Սարգսյանի լեգիտիմության պակասը հիմք հանդիսացավ այս քաղաքականության համար, այն մեծ հնարավորություն էր Սերժ Սարգսյանի համար, ինչպես նաեւ մեծ հնարավորություն էր Հայաստանը զերծ պահելու տնտեսական մեկուսացումից: Սա ոչ միայն տնտեսական շահ էր նախագահ Սերժ Սարգսյանի ու իշխանության համար, այլեւ ազգային ռազմավարական նշանակության գործընթաց էր»:

seminar_098 seminar_097 seminar_096 seminar_095 seminar_094 seminar_093 seminar_092 seminar_091 seminar_09 seminar_08 seminar_07 seminar_06 seminar_05-1 seminar_04 seminar_03 seminar_02 seminar_01

Ռիչարդ Կիրակոսյանը «Ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացում երկու պատահականության գործոններ մատնանշեց. «Առաջինը սփյուռքն էր: Այն պահին, երբ նախագահ Գյուլն այցելեց Հայաստան, դա Հայաստանի հաղթանակն էր: Հենց այդ պահին Հայաստանը սփյուռքից վերցրեց Հայաստանի արտաքին քաղաքականություն վարելու պատասխանատվությունը: Հենց այդպես էլ միշտ պետք է լինի: Հայաստանը պետություն է, ինքը պետք է մշակի արտաքին քաղաքականության հիմնաքարերը, այն չպետք է թելադրվի ոչ Վաշինգտոնից, ոչ էլ այլ վայրերից: Սա իսկապես մեծ նվաճում է: Երկրորդ պատահականությունը հավասարապես կարեւոր էր: Դա մեկ ազգ երկու պետություն կոնցեպտի ավարտն էր` Թուրքիայի եւ Ադրբեջանի առնչությամբ»:

Ո՞ւր ենք հիմա շարժվում: Ըստ Ռ. Կիրակոսյանի` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը Թուրքիայի պարտված արտաքին քաղաքականության վերահաշվարկի հնարավորություն էր. «Սահմանի փակումը եւ հարաբերությունների խզումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հօգուտ Ադրբեջանի չբերեց նրան, որ Հայաստանը գնար ինչ-որ կոնսենսուսի կամ զիջման: Ընդհակառակը` այն ավելի թուլացրեց Թուրքիային եւ ավելի ուժ տվեց Ադրբեջանին: Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնումը տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման հնարավորություն էր»: Բանախոսի մատուցմամբ` հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը Հայաստանի կողմն էր, ոչ թե Թուրքիայի. «Գնդակը Թուրքիայի դաշտում է, բեռը նրանց վրա է»:

Ռ. Կիրակոսյանի համոզմամբ` Հայաստան-Թուրքիա արձանագրություններն ունեին մի քանի ռազմավարական սխալներ: Նրա ձեւակերպմամբ` Թուրքիայի ամենալուրջ սխալն այն էր, որ թերագնահատեց Ադրբեջանի ազդեցությունը այդ հարցում: Մյուս կողմից, ըստ բանախոսի` Թուրքիան գերագնահատեց իր հնարավորությունները Ադրբեջանին ճնշելու հարցում: «Թուրքիան ապշել էր: Արձանագրությունների ստորագրման սկզբնական շրջանում Ադրբեջանի նախագահ Ալիեւը դեմ չէր արձանագրությունների ստորագրմանը, քանի որ նա վստահ էր, որ այն երբեք չի ստորագրվի, որ Հայաստանն ու Թուրքիան ի վիճակի են համաձայնության գալ: Երկրորդ ռազմավարական սխալը Էրդողանի քաղաքական սխալն էր. իշխող կուսակցությունը վստահ էր, որ կկարողանա արձանագրությունների հարցում շահել խորհրդարանի աջակցությունը: Մինչդեռ սա Թուրքիայի արտաքին քաղաքականության խնդիր չէր, այլ ներքին քաղաքականության: Ադրբեջանն օգտագործեց իր ամբողջ ուժը, որպեսզի այս հարցը դարձնի Թուրքիայի ներքին քաղաքականության հիմնահարց: Գյուլին եւ Դավութօղլուին մեղադրեցին «եղբայրական Ադրբեջանին» դավաճանելու մեջ: Այս գործընթացը բացահայտեց, թե որքան ուժեղ է Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի ներքին կյանքի եւ ընդհանրապես Թուրքիայի վրա: Ադրբեջանը Թուրքիայի թիվ մեկ ներդրողն է, եւ դա միայն էներգետիկ ոլորտին չի վերաբերում: Բայց դա այն ժամանակ էր, հիմա այլ իրավիճակ է»: Ռ. Կիրակոսյանը նշեց, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում, որտեղ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակիցները շատ էին, չափազանց նեղվել էին, որ նրանց «փոքր եղբայր Ադրբեջանն» այդքան ազդեցություն ունի Թուրքիայի վրա»:

Սեմինարի մյուս բանախոսները՝ Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը, քաղաքագետ Աղասի Ենոքյանը, թուրքագետ Հայկ Գաբրիելյանն իրենց ելույթներում սեմինարի երիտասարդ մասնակիցներին ներկայացրեցին Թուրքիայի եւ նրա հարեւանների` Սիրիայի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի հետ հարաբերությունները` արտաքին քաղաքականից մինչեւ տնտեսական համագործակցությունը, ինչպես նաեւ Թուրքիայի` Եվրոպայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունները:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 12.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31