Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՌԻՉՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏԻ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ՎԱՅՐԷՋՔԸ

Հունվար 23,1999 00:00
zinvor

Սպիտակ քաղաքի բնակիչ Մամիկոն Յարմալոյանը 1998 թ. հունիսի 25-ին պատրաստակամ զորակոչվեց հայոց բանակ։ Ծառայության է անցնում Սիսիանում տեղակայված զորամասում։ Երեք ամիս անց զինվորի մոտ նկատվում են հոդերի ախտահարում եւ բորբոքում, ֆունկցիայի խանգարում, պոլիարթրիթ, սահմանափակվում են մկանային շարժումները։ Սիսիանի զինվորական հոսպիտալում 3 ամիս անարդյունք բուժվելուց հետո որպես ծանր հիվանդ տեղափոխվում է Կենտրոնական զինվորական հոսպիտալի թռիչքային բաժանմունք եւ… սկսվում է հիվանդ զինվորի ոդիսականը։

Միջանկյալ

Զարմանալի է, թե Սիսիանի կայազորային հոսպիտալում ինչո՞ւ են 3 ամիս շարունակ նշված ախտորոշումներով (որոնք անգամ չեն կարողացել բուժել կենտրոնական հոսպիտալում) հիվանդ զինվորին պահել։ Դե արի ու մի հավատա տարածված ասեկոսեներին, համաձայն որոնց հիվանդ զինվորներին Երեւան էվակուացնելը մեծ դժվարությունների հետ է կապված։ Բաժանմունքի վարիչ Վալենտինա Արզումանյանը, որն, իր կարծիքով, հանդիսանում է բաժանմունքի թե՛ «դեմբելը», թե՛ նայողը, թե՛ գողը, ակամա հիշեցնում է գերմանական ճամբարի հսկիչի։ Հաշվի չառնելով հիվանդների հիվանդության աստիճանը, նա պարտադրում է ամեն օր միջանցքում շարք կանգնել եւ նույնիսկ մեկընդմեջ «մայրական» ապտակներ է հասցնում «կարգազանց» զինվորներին։ Հիպոկրատի ազնվազարմ դուստրը, անհասկանալի պատճառով վատ է տրամադրվում հիվանդ զինվորի նկատմամբ։ Հաշվի չառնելով հիվանդի վիճակը, կլինիկական ախտանշանները, լաբորատոր փորձաքննության արդյունքները, նա հիվանդին համարում է «սիմուլյանտ»՝ ասելով, որ գլխին Կամո է դարձել, եւ հիվանդին դուրս գրում բաժանմունքից։

Նման կամայականությունները վրդովմունք են առաջացնում զինվորի մոր հոգում։ (Ավելորդ չէ նշել, որ զինվորի հարազատ մայրը զոհ է գնացել դեկտեմբերյան ահեղ երկրաշարժին եւ Սուսաննա Մշեցյանը հարազատ մոր նման խնամակալ է դարձել զինվորի համար)։ Սուսաննա Մշեցյանը հուսահատված ու անօգնական դիմեց իմ օգնությանը։ Տեղեկանալով այս մասին, Վալենտինա Հայկովնան շարք է կանգնեցնում հիվանդ զինվորներին (չխնայելով անգամ ծանր հիվանդներին), եւ անարգում զինվորին՝ ծնողի աններելի արարքի համար։

Գող՝ սիրտը դող

Ստանալով դիմումը, ես հանդիպեցի տիկին Արզումանյանին, վերջինս վրդովված խուսափեց որեւէ հարցի պատասխանելուց՝ ասելով.

– Էս ի՞նչ բան ա։ Ով գալիս, մատ ա թափ տալիս մեզ վրա։ Սա բանակ ա, դուք իրավունք չունեք:

Հետաքրքիր է, ինչի՞ իրավունք չունեմ, եւ ինչո՞ւ չունեմ։ Ստացել եմ բողոք եւ որպես լրագրող կատարում եմ լրագրողական հետաքննություն։ Վազգեն Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ բանակ-ժողովուրդ կապը պետք է ամրապնդվի, բանակը պետք է թափանցիկ դառնա ժողովրդի համար։ Իսկ ուրիշ ո՞վ, եթե ոչ լրագրողներս պիտի օգնենք սերտացնելու այդ կապը, վեր հանելու բանակի բացթողումները, օրինախախտումները, պատժելու մեղավորներին։

Օրհնվի էն սհաթը

Կենտրոնական հոսպիտալում իրարանցում էր։ Լուրեր էին պտտվում, որ ուր որ է՝ պաշտպանության նախարարը այցելելու է հոսպիտալ։ Լուրերը ճշմարտացի էին։ Նախարարը այցելեց բոլոր բաժանմունքները։ Տեսնելով նախարարին, թռիչքային բաժնի պետ Վալենտինա Արզումանյանը թռիչքային արագությամբ կարգապահ զինվորի նման հայտնվեց նրա առջեւ, եւ սկսեց բողոքել, թե ինչպես է սարսափել՝ տեսնելով հանկարծակի ներս «խուժած» լրագրողին։ Դրանով իսկ փորձելով արգելել, որ քիչ այն կողմ կանգնած, արցունքոտ աչքերով Սուսաննա Մշեցյանը գանգատվի։ Սակայն, ի մեծ դժբախտություն Վալենտինա Հայկովնայի, այս ամենը չի վրիպում նախարարի աչքից։

Հաջորդ առավոտյան հարկադրված վայրէջքի օր էր թռիչքային բաժանմունքում։ Պաշտպանության նախարարի կարգադրությամբ կրկին հետազոտման ենթարկվեց հիվանդ զինվորը։ Հրավիրված կոնսուլտանտ, բանակի գլխավոր թերապեւտ Եղիշե Նազարեթյանը, հոսպիտալի նոր նշանակված գլխավոր բժիշկը եւ նրա բուժ. գծով տեղակալը, հետազոտելով հիվանդին, ախտորոշումների համաձայն նրան համարեցին ծառայության համար ոչ պիտանի։

Վերջում

Յուրաքանչյուր նման անօրինականություն անվստահություն է ծնում բանակի նկատմամբ։ Տեսնել էր պետք զինվորի մորը, որ օրհնանք չէր խնայում Վազգեն Սարգսյանի հասցեին։ Բայց… Մի՞թե Վազգեն Սարգսյանը պատվո պահակ պետք է կանգնի յուրաքանչյուր զինվորի կողքին։ Բժիշկնե՛ր, ձեր մարդ կոչմանը եւ երդմանը հավատարիմ մնացեք, մի՛ անարգեք բանակը, այն մեր միակ պաշտպանն է ու մեր զինվորների երկրորդ տունը։

ԱԳԱՊԻ ՀԱՅԿԱԶՈՒՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031