Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ բոբոյի տեսք են տվել»

Ապրիլ 16,1999 00:00
ashot bleyan

«Վատ եմ զգում, որ նեղություն եմ տալիս հազարավոր՝ ինձ հարազատ մարդկանց։ Բայց, կներեք, սա նաեւ ինքնապաշտպանություն է»։ Այս նրբանկատ խոսքերի հեղինակն Աշոտ Բլեյանն է։ Դրանք ուղղված էին նաեւ երեկ նրա հետ հանդիպման գնացած լրագրողներիս։

Իր նկատմամբ հրապարակային դատաքննությունն ու նաեւ պաշտպանությունը նա հիմնավորեց այս կերպ. «98-ին դաշնակցական-ղարաբաղյան կազմակերպությունը գրավեց Հայաստանը, նրա լիդերը՝ Ռոբերտ Քոչարյանը, կատարեց հանցագործություն եւ յուրացրեց իշխանությունը»։ (Պրն Բլեյանի այս մտքից հետո կողքիս լրագրողը նկատեց. «Չէ՛, հաստատ մի 6 տարի կնստացնեն»)։

Բայց պրն Բլեյանն անվրդով շարունակում էր՝ արդարադատությունն ու իրավապահ մարմինները հլու-հնազանդ են Սերժ Սարգսյանին։ Հանրապետության գլխավոր դատախազը Սերժ Սարգսյանի կամակատարն է եւ վարկաբեկում է իր կոլեգաներին։ Իսկ հանգուցյալ գլխավոր դատախազը կդիմադրեր ու կպաշտպաներ իր «մունդիրի» պատիվը։

1998-ի հոկտեմբերի 30-ին դաշնակցականների միտինգում հնչել էր, թե Աշոտ Բլեյանն իր դասագրքերի տպագրմամբ պետությանը հասցրել է 800 մլն դրամի վնաս, բազմաթիվ օբյեկտների սեփականատեր է եւ այլն։ Ա. Բլեյանը այս մեղադրանքների կապակցությամբ դիմել էր հանրապետական դատախազին՝ հարուցելու քրեական գործ Վահան Հովհաննիսյանի եւ Աշոտ Փափազյանի դեմ։ Բայց՝ «Անցել է 4-5 ամիս, քրեական գործ է հարուցվել իմ նկատմամբ, որը բացարձակ կապ չունի սրա հետ»։ Վահան Հովհաննիսյանի՝ ԵՊՀ-ում արած սպառնալիքը՝ հնչեցնել նոր անուններ, «խոսում է այն մասին, որ նոր սաստկացումներ են լինելու»։ Ինչ վերաբերում է «ղարաբաղա-դաշնակցական կազմակերպություն» արտահայտությանը, պրն Բլեյանը նշեց նաեւ դրա վաղեմության ժամկետը՝ 1998 թ., բայց չժխտեց, որ կարելի է նաեւ ավելի հաջող ձեւակերպում էլ ընտրել։ «Հիմա՝ ուզում եք Ռ. Քոչարյանին ղարաբաղյան թեւի մեջ մտցրեք, ուզում եք՝ դաշնակցական։ Ես չեմ ասում՝ Ղարաբաղի դաշնակցություն։ ՀՅԴ-ն մեկն է, որը 108-9 տարեկան է»։

Քաղաքական բանավեճերի համար էլ պրն Բլեյանը հետաքրքիր թեմա առաջարկեց՝ ճշտել՝ ղարաբաղցիներն են օգտագործում դաշնակցականներին, թե՝ հակառակը։ «Իշխանությունը զավթել են, յուրացրել, եւ հայաստանցիները զրկվել են ինքնիշխանությունից»։ Որքան էլ պրն Բլեյանը սիրում է ամերիկահայերին, վիրահայերին, բայց նրանք, ամեն դեպքում, ոչ հայաստանցի են։ «Այս պարագայում, երբ Հայաստանն ինքնիշխան չէ, չի կարող ստանձնել մեր կարեւորագույն գաղթօջախի՝ ԼՂՀ-ի անվտանգության հարցը»։ Պրն Բլեյանի նկատմամբ դատախազության հետաքրքրությունը միշտ չէ, որ պատճառաբանված է։ Նրան հաճախ կանչում են «գալոչկա» դնելու համար միայն։ «Ես գիտեմ, որ ինձ ներկայացված 4 մեղադրանքներն անհիմն են։ Բայց գիտեմ, որ վաղը կլինի 5-րդը, 6-րդը, 7-րդը։ Ու Բլեյան Աշոտի գործը կդառնա «Դրոյի գործ»։

Հավատացնելով, որ ինքը լրագրողներիս ոչ թե որպես մեղադրյալ է ներկայացել, այլ որպես «Նոր ուղու» ղեկավար, պրն Բլեյանը հանուն խորհրդարանի պայքարելը համարեց ժամանակի վատնում։ Ճիշտը խորհրդարանից դուրս պայքարն է։

Դահլիճից մի նվազ ձայն հնչեց. «Եթե Դուք ունենայիք Կարեն Դեմիրճյանի համակիրների թվով ընտրողներ, դարձյա՞լ չէիք մասնակցի ընտրություններին»։ «Բա ես եթե 98-ին հնարավորություն ունենայի, էս երկիրը կտայի՞ շնանոց»,- պատասխանեց տիարը։

Իր բոլոր ասածներին ի հաստատումն՝ Աշոտ Բլեյանը պարբերաբար ցիտատներ էր բերում Հովհաննես Թումանյանից։

«ՉԷ՛, հաստատ կնստացնեն»,- ասուլիսն ամփոփեց գործընկերս՝ շշուկով։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930