Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ՄՏՐԱԿՆԵՐԻ ՈՒ ՔԱՂՑՐԱԲԼԻԹՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆՔ

Ապրիլ 27,1999 00:00
zolyan

Սեղանիս է հարազատ ինստիտուտիս անմիջականորեն վերաբերող երեք հոդված։ Եթե մեկը հասարակայնությանն է ներկայացնում ինստիտուտի ռեկտոր ——–ի աշխատանքային գործունեության մեջ տեղ գտած թերություններն ու սխալները, ապա վերջին երկուսը ջանք չեն խնայում վարկաբեկելու ինստիտուտի կոլեկտիվը՝ ներկայացնելով այն որպես զանազան ձեւերով շորթումներով զբաղվող ու ոչ թե գիտական ու պրոֆեսիոնալ, այլ բոլորովին ուրիշ «արժանիքների» համար ղեկավարության կողմից գնահատվող դասախոսներով հագեցած միավոր։

Ահա թե ինչու նոր ռեկտորը ստիպված ամեն ինչ արեց նրանց դաստիարակելու համար՝ օգտագործելով մտրակն ու քաղցրաբլիթը։ Արդեն ստեղծվել է նոր կոլեկտիվ, այսինքն՝ վերադաստիարակված նոր ոգով, իսկ «եթե ռեկտորի պաշտոնը ընտրովի լիներ», հոդվածի հեղինակը («Առավոտ», 18.03.99 թ.) փորձում է վարկաբեկել այն։ Այսպիսին է մյուս երկու հոդվածների («————ի վերջին խոսքը «Առավոտին», 21.04.99 թ. եւ «Ամուր կաղին», «Ռեսպուբլիկա Արմենիա»-ի) եզրակացությունը։

Ստացվում է, որ կար մի վարկաբեկված կոլեկտիվ, որին վերադաստիարակեց նոր ռեկտորը, իսկ հիմա ոմանք փորձում են կրկին վարկաբեկել։ Ըստ երեւույթին, բոլորը չէ, որ վերադաստիարակվել են։

«Առավոտ» թերթում տպագրված պատասխան հոդվածում նշվում է, թե ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը արձանագրել է, որ ռեկտորին քննադատող հոդվածը հերյուրանք է, չարախոսություն եւ իրականության աղավաղում։ Քանի որ ինքս այդ հանձնաժողովի անդամ եմ եղել ու մասնակցել վերջնական նիստին՝ հայտարարելով քննադատության՝ իրականությանը համապատասխանելը, ինչպես եւ այն, որ ինքս կգրեմ այդ մասին, եթե հանձնաժողովը օբյեկտիվ չլինի, ուստի կատարում եմ խոստումս։ Բանն այն է, որ տպագրված հոդվածում անունս չկա ընդհանրապես։

Համոզված եմ, որ հանձնաժողովը այլ կերպ էլ չէր վարվի, քանի որ բաղկացած էր վարչական աշխատողներից՝ չհաշված ինձ։ Քննադատական հոդվածն ու նրա պատասխանը պետք է կոլեկտիվի եւ ոչ թե վարչական աշխատողներից բաղկացած գիտխորհրդի քննարկման նյութ դառնային։ Այս համոզմունքն է ինձ ստիպում համառոտ ներկայացնել իրականությունը՝ հույս ունենալով, որ կոլեկտիվը չի կարող անտարբեր նայել, թե ինչպես են իրեն փակցնում «մտրակների ու քաղցրաբլիթների կարիք զգացող մարդկանց խումբ» պիտակը։ Նշեմ, որ ինստիտուտի դասախոսների ողջ կազմը սիրով ու բարոյական պատասխանատվության բարձր զգացումով է աշխատել ու աշխատում։ Ինչպես կարելի է այդպես անհարգալից լինել մի կոլեկտիվի նկատմամբ, որն այն ծանր տարիներին կիսաքաղց էր, տառապում էր ցրտից ու խավարից, բայց աշխատում էր ուժերի լարումով՝ երբեք չտրտնջալով ստացած չնչին աշխատավարձից։

Բայց թողնենք դա։ Ռեկտորը մեղադրվում է մի մարդու առաջին պրոռեկտոր նշանակելու համար, որի կրթությունը կապ չունի ինստիտուտի մասնագիտության ու ընդհանրապես գիտության հետ։ Սա լուրջ մեղադրանք է, որի մասին որեւէ խոսք չկա պատասխան հոդվածում։ Որպես հանձնաժողովի անդամ, ինքս փորձեցի ստուգել Ա. Արշակյանի անձնական գործերը, սակայն ռեկտորի կարգադրությամբ դա արգելվեց։ Այդպես էլ անհայտ մնաց մեր առաջին պրոռեկտորի կրթական աստիճանը։

Ուրեմն, այստեղ երեւի չկա աղավաղում կամ հերյուրանք, եթե թույլ չեն տվել, ուրեմն մի բան կա։

Ճշմարտություն է նաեւ այն, որ ռեկտորն ու առաջին պրոռեկտորն օգտվում են երկուական քաղաքային եւ մեկական բջջային հեռախոսներից, այն դեպքում, երբ տասնյակ ամբիոններ չունեն մեկն անգամ։

Ճշմարտություն է նաեւ այն, որ նոր ղեկավարությունը նկատողություններ է հայտարարում աջ ու ձախ՝ առանց բացատրություն պահանջելու եւ արհմիության հետ համաձայնեցնելու։ Օրինակ, ինձ հայտարարվեց նկատողություն՝ անվայել արարքի համար։ Իսկ ահա թե որն էր այդ անվայել արարքը. Ա. Արշակյանը պետք է ստորագրեր աշխատավարձիս մասին տրվող տեղեկանքը՝ սոցապբաժին ներկայացնելու համար։ Քանի որ, ըստ քարտուղարուհու ասածի, նա ժամանակ չուներ ստորագրելու, իսկ ներկայացման ժամկետը այդ օրը լրանում էր, ես պահանջեցի, որ ստորագրի։ Եվ ահա ստացա նկատողություն՝ անվայել արարքի համար։ Ճշմարտություն է նաեւ այն, որ ուսանողն ուսման վարձը վճարում է ուսումնական ողջ տարվա համար, իսկ այդ տարին, ըստ ուսումնական պլանի, տասը ամիս է, բայց դասերը տեւում են 7-7,5 ամիս։

Ճշմարտություն է նաեւ այն, որ քննության ժամանակ դասախոս Ն. Խաչատրյանն այնքան էլ լավ չպատասխանած ուսանողին բարձր է գնահատել, իսկ ներկա գտնվող ռեկտորը իրավացիորեն զայրացել է, բայց կատարել է անօրինական քայլ, վերցրել է քննացուցակը եւ բոլորին նշանակել իր ձեռքով գերազանցիկ։

Կարելի է շարունակել, սակայն բավական է այսքանը, ցույց տալու համար, որ նշված հանձնախմբի եզրակացությունը սուբյեկտիվ է։ Ֆինանսական խախտումներին վերաբերող քննադատությունը չի կարելի մերժել այնպես, ինչպես որ արված է այստեղ։ Պետք են մասնագիտական ուսումնասիրություններ։ Օրինակ, ասում են, որ 6000 դոլարով գնված մեքենան նոր չէ եւ այդ գումարով կարելի է գնել շատ ավելի արժեքավոր մեքենա։ Իհարկե, մասնագետ չեմ եւ չեմ կարող լիարժեք գնահատել, սակայն պետք է որ լինի մասնագետների գնահատականը։ Բացի այդ, պարզվում է, որ ինստիտուտում չենք իմացել մեքենաներն աճուրդի հանելու մասին, իսկ ահա, ըստ «Ռեսպուբլիկա Արմենիա»-ի, անգամ այդ թերթում է եղել հայտարարությունը, այն էլ երեք անգամ։

Կրկնում եմ, հոդվածները եւ նոր ղեկավարությանը ներկայացվող պահանջներն ու դիտողությունները պետք է քննարկվեն կոլեկտիվի ժողովում։ Կարծում եմ, որ ինստիտուտի ղեկավարությունը չի խուսափի դրանից։ Զարմանալի է Գիտության եւ կրթության նախարարության քար լռությունը։

Ս.Պ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մանկ. գիտ. դոկտոր,

ՀՀ մանկ. գիտ. ակադեմիայի ակադեմիկոս,

Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի պրոֆեսոր

Օտար լեզուների պետական ինստիտուտի ռեկտորի աշխատաոճը քննադատող առաջին հոդվածի հետգրությունում հայտնած մեր պատրաստակամությունը՝ հրապարակել նաեւ հակառակ կողմի տեսակետը, ոչ միայն չգնահատվեց, այլեւ նեղացածի կեցվածքով մերժվեց՝ այն հիմնավորմամբ, որ պարոն ռեկտորը «Առավոտի» աշխատակիցը չէ (մամուլի հետ աշխատելու նոր ոճ)։ Այդպես չմտածողների համար «Առավոտի» դռները միշտ բաց են։ Եղած կարծիքները հրապարակելով, թերթը նախընտրում է չեզոք դիրքը, գնահատականների իրավունքը վստահելով պատկան ատյաններին, այդ թվում՝ ՀՀ գլխավոր դատախազությանը, որին դիմել է պարոն ռեկտորը։ Ի դեպ, հարգելով վերջինիս խնդրանքը՝ «զրկեք ինձ իմ անունը ձեր թերթի էջերում տեսնելու հաճույքից», նրա անունը այսուհետ «Առավոտը» ստիպված պիտի լինի փոխարինել այսպիսի գծերով՝ ———–։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930